Միջազգային հանրությունը պետք է գործադրի հնարավոր բոլոր միջոցները՝ պարտադրելու Ադրբեջանին իրականացնել իր հանձնառությունները. Արցախի ԱԳՆ մամուլի ծառայության պետ

Ադրբեջանը շարունակում է խախտել ՌԴ միջնորդությամբ մարդասիրական հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններով ստանձնած պարտավորությունները։ «Արմենպրես»-ի հարցմանը ի պատասխան այս մասին ասաց Արցախի ԱԳՆ մամուլի ծառայության պետ Արտակ Ներսիսյանը` մեկնաբանելով Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի, Մարտունիի և մի շարք այլ բնակավայրերի ուղղությամբ հրթիռակոծումը:

«Դատապարտում ենք պաշտոնական Բաքվի կողմից շարունակվող հարձակումները, մասնավորապես՝ Արցախի խաղաղ բնակավայրերի, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտի թիրախավորումը՝ հրթիռահրետանային զինատեսակնետրի կիրառմամբ։ Միջազգային հանրությունը պետք է գործադրի հնարավոր բոլոր միջոցները՝ պարտադրելու Ադրբեջանին իրականացնել իր հանձնառությունները»,- նշեց Ներսիսյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 10-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 165 անօդաչու թռչող սարք, 508 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4569 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 415 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել։

Տեսանյութեր

Լրահոս