Սա հայ ազգի գոյության կռիվն է. Նշան Մունչյան
Անկախ Հայաստանի բռնցքամարտի աշխարհի առաջին չեմպիոն Նշան Մունչյանն իր աջակցությունն է հայտնել հայ զինվորներին:
«Սա հայ ազգի գոյության կռիվն է։ Մենք պատերազմում ենք ահաբեկչության դեմ։ Թուրքիան ու Ադրբեջանը պետք է ճանաչվեն ահաբեկչական պետություններ ու խստագույնս պատժվեն միջազգային հանրության կողմից։ Այս օրերին բոլորս պետք է համախմբված լինենք՝ որպես մի բռունցք, մի սիրտ ու մի հավատ՝ ով զենքով սահմանին, ով ֆինանսական աջակցությամբ։ Հաղթելու ենք»,- Մունչյանի խոսքերը փոխանցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ հակառակորդը հրետակոծում և հրթիռակոծում էր նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորում էր նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման փաստեր:
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: «Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում առարկայական բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»,-նշվել է հայտարարության մեջ։