Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծությունից վիրավորված ռուս լրագրողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Ադրբեջանի Զինված ուժերի կողմի Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծությունից վիրավորված երեք ռուս լրագրողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի «Ֆեյսբուք»-ի էջը:
Հիվանդանոցի ղեկավարությունը Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանին տեղեկացրել է, որ Ղազանչեցոցին հասցված հարվածներից տուժել են երեք ՌԴ քաղաքացի լրագրողներ, որոնցից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ երկուսինը՝ ծանր: Պաշտպանը պարզել է, որ հարվածի պահին լրագրողները մասնագիտական աշխատանք էին կատարում եկեղեցում՝ լուսաբանելով եկեղեցուն հասցված առաջին հարվածի հետևանքները:
«Դեպքի վայրում ներկա տարբեր քաղաքացիների ու լրագրողների վկայությամբ՝ հարվածի նախընթաց շրջանում եկեղեցու գլխավերևում անօդաչու թռչող սարք էր պտտվում, որն էլ այնուհետև հարվածել է եկեղեցուն: Այդ փաստերը հստակ ցույց են տալիս, որ ադրբեջանական զինված ուժերի համար տեսանելի է եղել, որ հարվածում են եկեղեցուն և որ ներսում առկա էին տարբերանշանով լրագրողներ: Հետևաբար, անվիճելի է, որ Ադրբեջանը դիտավորյալ ու թիրախային հարված է հասցրել լրագրողներին ու եկեղեցուն: Ավելին, փաստահավաք առաքելության շրջանակներում պարզվել է, որ ադրբեջանական զինված ուժերը հրթիռակոծել են նաև Շուշիի մզկիթի շրջակայքը»,- ասված է հրապարակման մեջ:
Խստագույնս դատապարտելով լրագրողների և եկեղեցու հերթական դիտավորյալ թիրախավորումը Ադրբեջանի կողմից՝ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը դրանք որակում է որպես պատերազմական ու մարդկության դեմ հանցագործություններ: Պաշտպանը հորդորում է միջազգային իրավապաշտպան կառույցներին համապատասխան գնահատական տալ այդ դեպքին և միջոցներ ձեռք առնել մեղավորներին պատժելու ուղղությամբ: