«Բանակցությունները փակուղում են ՀՀ քաղաքական իշխանության առաջին դեմքի կողմից». Վիտալի Բալասանյան

«Հայաստանը մեկն է, մեր մեծ հայրենիքն է, 1918 թվականին մեր ժողովրդի համատեղ ջանքերով կառուցեցինք Հայաստանի Հանրապետությունը, բոլորի տոնը շնորհավոր»,- այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը:

Լրագրողների դիտարկմանը, որ Ալիևը հայտարարել է, թե բանակցային գործընթացը կանգ է առել, մինչդեռ Հայաստանի իշխանություններն ասում էին, որ տևական ժամանակ է՝ բանակցում են, Բալասանյանն ասաց.

«Վերելակային դիվանագիտության մասին խոսել եմ, այս պահին բանակցություններ չկան, փակուղում է ՀՀ քաղաքական իշխանության առաջին դեմքի կողմից»:

Հարցին, թե այսօր պատերազմի վտանգ կա՞ արդյոք, գեներալը պատասխանեց, որ 3-րդ համաշխարհային պատերազմը վաղուց է սկսվել, իսկ մեր տարածաշրջանը պայթյունավտանգ է:

Լրագրողները Բալասանյանից հետաքրքրվեցին, թե Արցախում քաղաքական դաշտն ինչպիսի՞ն է այսօր:

«Ես արձանագրում եմ այն, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը ներքին և արտաքին քաղաքականության ոլորտում շատ վտանգավոր քաղաքականություն են վարում: Խոսքը վերաբերում է ՀՀ ներքին սոցիալական, կորոնավիրուսի պայմաններում, բոլոր ձախողումներին՝ կրթություն, եկեղեցի, անվտանգություն, Ղարաբաղի հարց, դրական որևէ մոտեցում չեմ տեսնում: Այս իշխանությունները չկարողացան անել այն, ինչ խոստացան մեր ժողովրդին, պետք է այս իշխանությունները հեռանան»,- ասաց գեներալը:

Հարցին, թե Հայաստանում իշխանափոխությունից հետո բազմաթիվ քրեական գործեր հարուցվեցին, որոնցով անցնում են նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, հիմա Արցախում էլ են նոր իշխանություններ, մտավախություն չունե՞ք, որ ձեր նկատմամբ էլ կարող են քրեական գործեր հարուցվել, Բալասանյանը պատասխանեց, որ, եթե նման բան կա, ապա պատրաստ է պատասխան տալ, սակայն բոլորն էլ գիտեն իր անցած ճանապարհը:

Անդրադառնալով Արցախի հիմնահարցին՝ Բալասանյանը նկատեց, որ ՀՀ նախորդ իշխանությունների ժամանակ երբևէ ղարաբաղյան հարցում Հայաստանը չի եղել հակամարտող կողմ, Հայաստանը եղել է միջնորդ բանակցություններին, Հայաստանը եղել է Արցախի Հանրապետության բնակչության և բանակցությունների երաշխավոր, բայց նոր իշխանությունները Հայաստանի Հանրապետությունը ներքաշել են հակամարտության մեջ, իսկ տավուշյան դեպքերից հետո կարող ենք հաստատել, որ ՀՀ քաղաքական իշխանությունը Հայաստանը ներքաշել է պատերազմական իրավիճակի մեջ, որը շատ վտանգավոր է»:

Բալասանյանը նաև անդրադարձավ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, որ բանակցություններ չեն լինելու, այն որակելով՝  վտանգավոր:

«Վտանգավոր հայտարարություն է արել Արայիկ Հարությունյանը, դա շատ վտանգավոր հայտարարություն է, չի՛ կարելի նմանատիպ հայտարարություններ անել, «չի՛ կարելին» վերաբերում է և՛ Հայաստանի, և՛ Արցախի քաղաքական ղեկավարներին, որ Արցախը Հայաստան է, և վերջ, դա շատ վտանգավոր է: Արցախը երկրորդ հայկական հանրապետությունն է, երբ Արցախի Հանրապետության հարցը՝ քաղաքականապես, միջազգայնորեն կճանաչվի, խնդրեմ՝ Արցախում և Հայաստանում ապրող ողջ հայությունը թող որոշեն՝ ունենալ՝ 1 Արմենիա՝ 2 հայկական հանրապետությո՞ւն, թե՞ 1 Արմենիա ընդհանրապես 1 դրոշով»:

Տեսանյութեր

Լրահոս