«Ուսանողներն ահազանգել են՝ իրենց ստիպում են վճարել  ամբողջ կիսամյակի վարձը միանգամից». Վահե Գրիգորյան

Բուհերում  դասերը նոր են սկսվել, բայց արդեն  ծագել են խնդիրներ՝ կապված ուսման վարձերի վճարման հետ: «Կրթության մասին» օրենքում  հստակ ամրագրված է՝  «Վճարովի հիմունքներով սովորողներն ուսման վարձը կարող են վճարել ըստ կիսամյակների կամ ուսումնական տարվա ամիսների` ուսման վարձը հավասարաչափ բաժանելով տվյալ ուսումնական տարվա ամիսների թվին, որով կսահմանվի ամսական վճարի նվազագույն չափը»:

Սահմանադրագետ, իրավաբան Վահե Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ մի շարք բուհերից ստանում է լուրեր, որ բուհերի ղեկավարությունը ստիպում է ուսանողներին հենց սեպտեմբերին վճարել ամբողջ կիսամյակի ուսման վարձը, ինչը հակաօրինական է:

«Ուսանողներն ահազանգել են, որ իրենց ստիպում են վճարել մի ամբողջ կիսամյակի վարձ միանգամից: Խնդիրն այն է, որ ՀՀ «Կրթության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 6-րդ պարբերությունն ավելացվել է հենց այն նպատակով, որ այն ուսանողները, ովքեր սովորում են վճարովի հիմունքներով, կարողանան ինքնուրույն որոշել՝  ինչպե՞ս են կատարում վճարումը, այսինքն՝ վճարում են ըստ կիսամյակների՞, թե՞ ուսումնական տարվա ամիսների: Եթե վճարում են ըստ ուսումնական տարվա ամիսների, ապա ուսման վարձը հավասարաչափ բաժանվում է տվյալ ուսումնական տարվա ամիսների թվին, սահմանվում է ամսական վճարի նվազագույն չափ: Գրված է, որ ոչ թե ուսումնական հաստատությունները կարող են գանձել կամ ամիս-ամիս, կամ կիսամյակային սկզբունքով, այլ հնարավորություն է տրված ուսանողներին, հետևաբար՝ ուսանողը ինքն է որոշում, թե ո՞ր ձևաչափով կատարի վճարումը: Ես հակված եմ հավատալու ուսանողներին, քանի որ նրանք խնդիր չունեն ստելու, եթե նրանք ասում են, որ կա պարտադրանք, ուրեմն իրոք, ցավոք, այդ խնդրի առջև են կանգնած»,- ասաց Գրիգորյանը:

Դեռ անցած տարի ԱԺ-ն ընդունեց այն ժամանակ՝ ԲՀԿ, այժմ՝ անկախ պատգամավոր  Տիգրան Ուրիխանյանի օրենքի նախագիծը, ըստ որի՝ ուսանողները կարող են բուհին դիմում ներկայացնել  և վճարել ուսման վարձն ամիս առ ամիս:

Գրիգորյանը նշեց, որ իրեն դիմել են՝ ինչպես բակալավրիատի տարբեր կուրսերի, այնպես էլ՝ մագիստրատուրայի ուսանողներ: Ստացվում է՝ խնդիրը միայն մի տարիքային խմբի չէ, որ հուզում է: Վահե Գրիգորյանի խոսքով՝ խնդրի մասին ֆեյսբուքյան իր գրառումից հետո իրեն դիմողների թիվն ավելացել է:

«Կան մարդիկ, ովքեր ներկայացնում են Մայր բուհը (ԵՊՀ ), Գավառի պետական համալսարանը, որոշ դեպքերում, ասում են, Բժշկական համալսարանը, որոշ մարդիկ հերքում են, որ Բժշկական համալսարանում կա նման խնդիր: Խնդիրը, կարելի է ասել, համատարած է, եթե հաշվի առնենք, որ շատ-շատերը վախենում են խնդրի մասին բարձրաձայնել, քանի որ, ինչպես իրենք են սիրում ասել,  հետագայում սովորելու են այդտեղ, խնդիրներ կունենան: Մենք գործ ունենք տարածված երևույթի հետ: Համալսարանները կարող են փորձել արդարացում գտնել, որ իրենք կորոնավիրուսի պատճառով տուժել են, սակայն օրենքը գրված է պահպանելու համար: Այդ նույն տնտեսական հետևանքներն առաջացել են նաև ուսանողի համար, որը կամ ինքն է աշխատել և վճարել ուսման վարձը, կամ իր ծնողները: Զուտ տնտեսական արդարացում բերել, կամ առհասարակ որևէ արդարացում գտնել օրենքը խախտելու համար չի կարելի»,- ասաց Գրիգորյանը:

Մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողներից մեկը, որ չցանկացավ իր անունը հրապարակել, 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ իրեն էլ ստիպել են կիսամյակի վարձը միանգամից վճարել:

«Ինձ դեկանատից զանգեցին ասացին, որ, եթե մինչև այս շաբաթվա վերջ չվճարեմ վարձս, դուրս կմնամ համալսարանից: Ասացին՝ մնացածին էլ տեղյակ պահիր»:

Մեր զրուցակիցը պատմեց, որ կուրսընկերներից մեկի հետ զրույցից պարզ է դարձել, որ նա ամիս առ ամիս է վճարում վարձը, և դեկանատից ասել են, որ կարող է շարունակել նույն ձևով վճարել:

«Զանգեցի դեկանին, հարցրի՝ կա՞ն վճարելու այլ եղանակներ, նա էլ ասաց, որ՝ այո: Ասացի՝ իսկ այդ դեպքում ինչո՞ւ ինձ որևէ մեկն այդ մասին չի զգուշացրել»:

Այս խոսակցությունից հետո ուսանողին ասել են, որ կարող է յուրաքանչյուր ամսվա համար վճարել: Իրավաբան Վահե Գրիգորյանի կարծիքով՝ ԿԳՄՍՆ-ն էլ այստեղ իր մեղքի բաժինն ունի:

«ԿԳՄՍՆ-ն հանդիսանում է, այսպես ասած, վերահսկող մարմին: Եթե նախարարությունը կամ առհասարակ պետությունը չի զբաղվում այդ հարցով, ուրեմն մենք գործ ունենք հանցավոր անգործության հետ, և պետությանը ոչ միայն չի հետաքրքրում, թե ի՞նչ է կատարվում իր այն հաստատություններում, որոնք իր համար ապագա կադրեր են կրթելու, ապագա պետական կառավարիչներ, այլև չի հետաքրքրում, որ խախտվում է օրենք, խախտվում է ուսանողների կրթություն ստանալու այն ձևը, որը սահմանված է օրենքով»,- ասաց Գրիգորյանը:

Տեսանյութեր

Լրահոս