Հովհաննես Մադոյանը՝ Ինֆեկցիոն կենտրոնի և տնօրենի պաշտոնում իր նշանակման շուրջ բարձրացած աղմուկի մասին
ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» տնօրենի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Մադոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի և ՁԻԱՀ ԿՀԿ-ի միավորման արդյունքում ձևավորվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը», որի գործառույթների մեջ մտնելու է ոչ միայն ինֆեկցիոն հիվանդությունների բուժումը, այլ նաև որոշ հիվանդությունների էլիմինացիային՝ վերացմանն ուղղված քայլերի մշակումը, համակարգումը, իրականացումը։
«Այդ տրամաբանության մեջ շատ կարևոր է, որ երկու կազմակերպությունները միավորվել են, և այսօր կարող ենք արձանագրել, որ դեռ սեպտեմբերին ընդունած Կառավարության որոշումն իրականացվեց, միավորվեցին այդ երկու կազմակերպությունները: Հիմա արդեն աշխատում ենք միասնական տեսլականի վրա. արդեն ուրվագծած ունենք որոշ ուղղություններ, որոնց շուրջ արդեն իսկ աշխատանքները կատարում ենք: Դա Հեպատիտ C-ի էլիմինացիայի ծրագրում հիմնական դերակատարումն է, որ կենտրոնն է իրականացնելու: Երկրորդ կարևոր արդյունքը միավորման այն է, որ միավորելու ենք մորից երեխային ՄԻԱՎ վարակի, Հեպատիտ B-ի և սիֆիլիսի փոխանցման կանխարգելմանն ուղղված միջոցառումները»:
Իր նշանակման շուրջ բարձրացված աղմուկին անդրադառնալով՝ Հ. Մադոյանը նկատեց. «Աղմուկ բարձրացնողն առանց առիթ էլ կբարձրացնի: Իմ կենսագրությունը բավականին թափանցիկ է, ֆեյսբուքյան անձնական էջումս բոլոր աշխատատեղերս նշված են, բոլոր կազմակերպությունների մասին ինֆորմացիան թափանցիկ է:
Չնայած՝ այն մարդիկ, ովքեր տարածում են իմ մասին տարբեր բաներ, իրենք երևի թե ամնալավը գիտեն, որ ես պատահական մարդ չեմ այս ոլորտում»:
Թե ինչպես է ստացվել կենտրոնի աշխատակիցների հետ համագործակցությունը՝ հարցին ի պատասխան էլ՝ տնօրենի նորանշանակ ժ/պ-ն նշեց. «Աշխատողները, կարելի է ասել, իրենց պահել են բժիշկներին վայել (խոսքը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի անձնակազմի մասին է), միանգամից դրևսևորվել են աշխատանքային հարաբերություններ»:
Ի դեպ, բանախոսի խոսքով, հիվանդանոցում վերանորոգման աշխատանքները շարունակվում են. «Այս պահին 5-րդ բաժանմունքի վերանորոգումն է մոտենում ավարտին, գրեթե ավարտված է 6-րդ բաժանմունքը: Ընթացիկ աշխատանքներ կան, որովհետև ոչ բոլոր բաժանմունքներն էին նախատեսված եղել օդակաթիլային վարակների, համաճարակային վերահսկումն ապահովելու համար, և հենց համաճարակի առաջին օրվանից Ինֆեկցիոնում կատարվում են որոշ աշխատանքներ և մինչև հիմա շարունակվում են»:
Հ. Մադոյանը հավելեց, որ հենց այսօր թթվածնի կայան են սկսել գործարկել, նախատեսում են Ինֆեկցիոն հիվանդանոցի նոր մասնաշենքի, ինչպես նաև լաբորատոր մասնաշենքի կառուցումը:
Նրա խոսքով՝ այս պահին կենտրոնի «Նորք» մասնաշենքը զբաղվում է միայն Covid-19-ով վարակակիր պացիենտների տրիաժով: Պացիենտները հոսպիտալացվում են, անհրաժեշտության դեպքում՝ ինչպես հենց «Նորք»-ում, այնպես էլ՝ այլ հիվանդանոցներում. «Իմ գալուց սկսած՝ օրական մոտ 30 պացիենտ ընդունում են, 30 պացիենտ դուրս են գրում։ Մեզ մոտ մշտական բուժում ստացող պացիենտները մոտ 70-80 հոգի են»:
Ներկայացնելով կենտրոնի «Ավան» մասնաշենքում իրականացվող աշխատանքները՝ Հ. Մադոյանը տեղեկացրեց, որ այնտեղ շարունակվում է ՄԻԱՎ-ով պացիենտների դիսպանսեր հսկողությունը, որը ոչ մի օր կանգ չի առել:
Այսօր Հայաստանում քանի՞ ՄԻԱՎ-ով և քանի՞ ՁԻԱՀ-ով հիվանդ մարդ կա. լրագրողի այս հարցին ի պատասխան՝ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» տնօրենի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատարը հայտնեց. «Մինչև օգոստոսի 31-ը գրանցվել է՝ գրանցման առաջին օրվանից՝ 4039 ՄԻԱՎ վարակի դեպք, որոնցից 2801-ը տղամարդ են, 1238-ը՝ կին: Այս տարվա ընթացքում գրանցվել է 249 դեպք, և մեր կանխատեսմամբ՝ 2020 թվականին կլինի 400-450 դեպք (հավասար կլինի անցյալ տարվա ցուցանիշին)»:
«Մարտ ամսի ընթացքում ՁԻԱՀ-ի կենտրոնի շուրջ այդ աղմուկի պատճառով մենք ունեցանք դեպքեր, երբ մարդկանց թվաց, թե ՁԻԱՀ-ի կենտրոնը փակվել է. երբ իրենց դեղամիջոցները վերջացել էին, չէին զանգահարել, որ գային-դեղերը ստանային: Հետո հնարավոր եղավ կապ հաստատել. պարզվեց՝ իրենք մտածել են՝ կենտրոնը գոյություն չունի, և իրենք չեն եկել իրենց հերթական ստուգմանը»,- նկատեց բանախոսը՝ հավելելով, որ որոշ լաբորատորիաների նույնպես թվացել է, թե ՁԻԱՀ-ի կենտրոնը չի գործում: Հովհաննես Մադոյանը կոչ արեց նման իրավիճակներից խուսափել՝ պացիենտների առողջությունը չվնասելու համար: