Կառավարությունը նոր փոփոխություններ կատարեց 50 միլիարդ դրամ ֆոնդով ներդրումային խոշոր ծրագրում
«Կառավարությունն այս տարվա մայիսի 2-ի նիստի ընթացքում հայտարարեց տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված մի նոր ծրագրի մեկնարկի մասին, որն իրենից ներկայացնում է Կառավարության կողմից իրականացվելիք երևի թե ամենամասշտաբային, հակաճգնաժամային ծրագրերից մեկը։ Ծրագրի շրջանակներում պետությունն իր պատրաստակամությունն է հայտնել մինչև 50 մլրդ դրամի ներդրումների միջոցով աջակցել մասնավոր հատվածի այն ներդրումային նախաձեռնություններին, որոնք առանց Կառավարության աջակցության՝ դժվարություններ կունենային մեկնարկի և առաջընթացի հարցում»,- Կառավարության հերթական նիստում ասաց պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ ծրագրի առավելությունն այն է, որ պետությունն առավելագույնը ֆինանսավորում է ծրագրի 25 տոկոսը, մյուս 25 տոկոսը ֆինանսավորվում է ներդրողի կողմից, իսկ մյուս 50 տոկոսը ֆինանսավորվում է ֆինանսական կազմակերպությունների կողմից։
Անդրադառնալով «Ձեռնարկատեր պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ընկերության որոշակի կանոնների վերաբերյալ հարցերին, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ երկար քննարկումների արդյունքում և՛ կառավարչի ներկայացուցիչների, և՛ Կառավարության գործընկեր կառույցների հետ եկել են այն եզրակացության, որ որոշակի փոփոխություններ կկատարեն ֆոնդի գործողության կանոններում։
«Ներկա կանոններով՝ ֆոնդը կարող է մասնակցել այնպիսի ներդրումային ծրագրերի, որտեղ Կառավարության մասնակցության չափը չի կարող լինել պակաս, քան 1 մլն դոլարին համարժեք գումար, և ավելի, քան 2 մլն դոլարին համարժեք դրամ։ Այդուհանդերձ, ֆոնդի կառավարչի քննարկումները մասնավոր հատվածի հետ վկայում են, որ բազմաթիվ դեպքեր կան, որ գումարը մի փոքր ավելի լինելու դեպքում Կառավարությունը կարող է ավելի մեծ մասնակցություն ցուցաբերել պոտենցիալ ունեցող ներդրումային ծրագրերի առաջընթացին։ Ունենք որոշակի վիճակագրություն և զեկույց, որը փաստում է նման դեպքերի մասին առարկայաբար։ Այս փոփոխությամբ մենք նախատեսում ենք ֆոնդի կառավարչին ընձեռել ավելի մեծ ճկունություն և թույլ տալ, որ ներդրումների չափը 1-2 մլն դոլար կազմելու փոխարեն, լինի 500-400 հազար դոլարի սահմաններում» ,- ընդգծեց Էկոնոմիկայի նախարարը։
Ըստ նրա, մինչև այժմ Կառավարությունը ֆոնդի կառավարչին սահմանափակել էր նրանով, որ ներդրումային հնարավորությունները քննարկի միայն նոր մեկնարկող ծրագրերի դեպքում։
«Նախորդ ամիսների ընթացքը վկայում է, որ կան բազմաթիվ ծրագրեր, որտեղ ներդրողն իր իսկ միջոցներով արդեն իսկ որոշակի առաջընթաց ապահովել է ներդրումային ծրագրի նախապատրաստման հարցում։ Այն փաստը, որ արդեն կայացած ներդրումներ կան որոշակի ուղղություններով, սահմանափակում է կառավարչին նման ծրագրերին միանալու հարցում։ Կառավարությունը որոշեց, որ կառավարչին պետք է նաև թույլ տալ միանալ նման ընթացքում գտնվող ներդրումային ծրագրերին։ Սա էապես մեծացնում է ներդրումային հնարավորությունները»,- շեշտեց Տիգրան Խաչատրյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում