«Շարունակվում է ծառայողական քննությունը՝ պարզելու՝ Գուրգեն Ալավերդյանը մոլորվե՞լ է, թե՞ առևանգվել». Գաբրիել Բալայան
Ադրբեջանում հայտնված ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Ալավերդյանին Հայաստան վերադարձնելու համար ՀՀ ՊՆ-ն անում է ամեն հնարավորն ու անհնարը։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նախօրեին հայտնել էր, որ ծառայողական քննություն է իրականացվում՝ պարզելու՝ զինծառայողն իսկապե՞ս մոլորվել է, թե՞ նրան առևանգել են։
Գաբրիել Բալայանը նշեց՝ այս պահին միայն կարող է հայտնել, որ քննությունը շարունակվում է:
«Այս փուլում կարևոր է, որ համոզվենք՝ նրա առողջությանը և կյանքին վտանգ չի սպառնում, մնացածն ընթացակարգային հարցեր են, որոնք և՛ մեր, և՛ հույս ունենք՝ հակառակորդի պարտավորությունների մասով միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում են»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով սպա Գուրգեն Ալավերդյանը մոլորվել է ու հայտնվել Ադրբեջանի տարածքում։
Նշենք, որ օգոստոսի 25-ին Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը և Գլխավոր դատախազությունը հայտարարություն էին տարածել, թե Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ 5 հոդվածներով, այն է՝
– «ագրեսիվ պատերազմի վարում»,
– «լրտեսություն»,
– «օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում»,
– «հրազենի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի ապօրինի ձեռքբերում, տեղափոխում, պահպանում և փոխադրում»,
– «Ադրբեջանի սահմանի ապօրինի հատում»։