Լիբանանում քաղաքական նոր քարտեզ է ուրվագծվում
Նավահանգստի պայթյունի՝ պատահար թե՞ ծրագրավորված խափանարարություն լինելու իրականության բացահայտումը թվում է, որ երկրորդական նշանակություն է ստանում: Քաղաքական տրամաբանությամբ նման իրավիճակը դուռ է բացում քաղաքական մեծ քայլերի, նոր գործընթացների: Որքան էլ ոչ բարոյական հնչի, այնուամենայնիվ լայնածավալ եւ աշխարհի ուշադրությունն իր վրա կենտրոնացրած պատահարները լիարժեք օգտագործվում են աշխարհաքաղաքական ծրագրեր գործարկելու:
Այս պատճառով էլ իրականության բացահայտումից ավելի շահագրգիռ է հետաքննության լիբանանյա՞ն, թե՞ միջազգային բնույթը: Իրավամբ թե քաղաքականացված մոտեցումով, եթե անհրաժեշտ է ավելի հեղինակազրկել արդեն իսկ վարկաբեկված պետության, այս դեպքում արդարադատության համակարգը, ապա ուրեմն թե՛արտաքին եւ թե՛ ներքին առումներով պիտի սաստկանան հետաքննող մարմինների միջազգայնացման պահանջները:
Միայն հետաքննությունը չէ, որ միջազգային շահագրգռություն կամ նույնիսկ մասնակցություն կարող է ունենալ: Աղետին անմիջապես հետեւած հումանիտար միջազգային ծրագրերն այդ բնույթով պիտի չսահմանափակվեին: Դիվանագիտական եռուզեռը պիտի սկսեր օժանդակությունների պայմանականությունը հիշեցնելով, վերանորոգման մեծ ծրագրեր ստանձնելու մրցապայքարը՝ նավահանգստից սկսյալ մինչեւ ենթակառույցներ, հասնելու համար պետության կողմից քաղաքացիական տարրական ծառայությունների տասնամյակներից ի վեր առկախ մնացած ծրագրերի ստանձնմանը:
Վերականգնումը, շինարարությունը, հոսանքի չարչրկված թղթածրարի ստանձնումը կամ նման անլույծ մնացած եւ ապաշնորհ վարչակառավարմանը վերագրվող հանգույցների լուծման ուղիների մատնանշումը ենթադրում են, որ ֆինանսական եւ տնտեսական պաշարման օղակների թուլացման միտումներ գոյություն ունեն: Աւելի հեռվից դիտված՝ Բեյրութի պատրաստ լինելը ծովային սահմանազտմանը կամ իրանյան օժանդակությունների առաքման միջազգային թույլտվությունը ինչ որ նոր իրավիճակի նախադրյալներ են պարզում։
Կառավարության հրաժարականը եւ տակավին վարչապետության պաշտոնի նոր թեկնածուի շուրջ համաձայնություն չկայանալը, լիբանանյան դրամանիշի համեմատական արժեւորման կամ օտար արժույթի նվազեցման միտումները խոսում են այդ պաշարման թուլացման նախադրյալների մասին` հերթական անգամ հետեւողին համոզելով շրջափակման հետևում կանգնած աշխարհաքաղաքական որոշումների առկայության մասին:
Պարզ են ուղերձները. տարածաշրջանում յուրաքանչյուր գլխավոր խաղացող այս անգամ նոր իրավիճակի ձեւավորման մեջ փորձում է ստանձնել իր բաժինը` նախանշելով Լիբանանի նկատմամբ ընդհանուր գծերում համաձայնեցված միջազգային ծրագիրը:
Ֆրանսիական միջնորդությունը տեսանելիորեն առաջատար դերակատարություն է վերապահում նրան. սակայն բոլոր հանգամանքները նկատի ունենալով եւ հատկապես այս դեպքում ԱՄՆ պետքարտուղարությունը ներկայացնողների հայտարարություններն ու այցերը, կարելի է ենթադրել, որ Փարիզը բոլորովին ինքնուրույն չի շարժվում այս ուղղություններով:
Քաղաքացիական անհնազանդության շարժման առաջադրանքները, երբ կտրուկ անցում կատարեցին քաղաքացիականից քաղաքական, արծարծեցին հետեւողականորեն նախորդ կառավարության հրաժարական, անկուսակցականներից եւ տեխնոկրատներից բաղկացած կառավարություն եւ ապա արտահերթ խորհրդարանական ընտրություններ, հանգելու համար համակարգային փոփոխության:
Այդ պահանջները դեռեւս հեռու են վերջնակետից, սակայն հատել են որոշ եզրագծեր: Թեեւ ոչ անմիջական, այդուհանդերձ անտեսանելի չեն խորհրդարանական արտահերթ ընտրությունները: Միջազգային ընտանիքը այժմ ունի Լիբանանում ժողովրդային ենթահող` արտաքին-ներքին առաջադրանքները համատեղելու:
Լիբանանի քաղաքական քարտեզի վերագծման ծրագրի շրջագիծը սկսել է երեւալ: Իսկ արմատական փոփոխությունների մեկնարկին կնախորդեն մեծ ցնցումներ․ լինեն դրանք պատահար թե ծրագրավորված:
Լիբանանը կարեւոր երկընտրանքի առաջ է: Հետցնցումնային իրավիճակը ներլիբանանյան համախմբմամբ հաղթահարելու եւ նոր ուղի դուրս բերելու երկիրը կամ վերստին հանձնվելու հեռակառավարման եղանակին` պետական հրապարակը հանձնելով արտաքին գլխավոր խաղացողներին։
Քաղաքական իրատեսությունը հուշում է, որ առաջին ընտրանքը իր բացարձակի մեջ իրականանալի չէ: Պաշտոնական Բեյրութին պարտադրվող երեք օրակարգ ճնշում են եւ դրանցով ապաշրջափակում պայմանավորում: Իրանական հենակետերի ապապետականացումն ու զինաթափումը, ընդծովյա ուժանյութի օգտագործման համար սահմանազատումը եւ պաղեստինցիների բնակեցումը: Այս զիջումների մասնակիությանը կամ ամբողջականությանը համաչափ կընթանան նաեւ ապաշրջափակման ուղղությամբ օղակների թուլացումները կամ ֆինանսական հատկացումների հոսքերը:
Հայկական ոսպնյակը անպայման նկատի կունենա միջազգային շահագրգռվածության տարողությունները, տարբեր պետությունների միջամուխ լինելու հանգամանքները, միջազգային ծրագրի իրականացման հավանականությունները, Թուրքիայի դերակատարության եւ նկրտումների դիմաց ցցվող հանգամանքները եւ ի վերջո քաղաքական վերագծվող քարտեզում հայկական գործոնի դերի ազդեցիկության հետ կապված խնդիրները:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր