Հեղափոխական Նիկոլը և հետհեղափոխական Փաշինյանը. ե՞րբ պիտի շնորհավորեր Լուկաշենկոյին և մինչև ե՞րբ շրջանցեր

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի դիտարկմամբ, Բելառուսում շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. մեծ նմանություններ կան այն պրոցեսների հետ, որոնք կատարվել են Մոլդովայում, ՀՀ-ում:

«Խնդիրն այն է, որ որևէ ուժեղ տարածաշրջանային խաղացող ցանկություն չունի Լուկաշենկոյին տեսնել՝ որպես Բելառուսի նախագահ, որովհետև նրա քաղաքականությունը բերեց նրան, որ Լուկաշենկոն դարձավ անվստահելի գործընկեր բոլոր խոշոր խաղացողների համար՝ բացառությամբ Չինաստանի: Բայց Բելառուսը Չինաստանից այնքան վարկ է վերցրել, որ Չինաստանն աշխատելու է և՛ այսօրվա, և՛ ապագա նախագահի հետ: Լուկաշենկոն հայտնվել է շատ դժվար կացության մեջ, քանի որ խնդիր ունի նաև երկրի ներսում. շատերը, ովքեր ողջունել էին Լուկաշենկոյի քաղաքականությունն այս տարիների ընթացքում, ուղղակի հոգնել են իրենից: Այն, ինչ նա արեց նախընտրական շրջանում, բելառուսների մեջ ցանկություն առաջացավ Լուկաշենկոյից, այսպես ասած, դադար տալ: Եվ այն քվեները, որը ստացել է Սվետլանա Տիխանովսկայան, դրանք հիմնականում Լուկաշենկոյին «դեմ» տված ձայներն են: Այստեղ շատ բարդ պրոցեսներ են գնում, և նույն Ռուսաստանն այնքան էլ հակված չէ պաշտպանել Բելառուսի նախագահին: Պուտինի այս շնորհավորանքն ավելի շատ ավելի ձևական էր, քան նախորդները: Լուկաշենկոն ելքի մի քանի ճանապարհ ունի. առաջին՝ մնալ, բայց շատ թուլացած, երբ ցանկացած պարագայում կամ ժամանակ կարող են փողոցային գործողություններն արագ վերսկսվել, և նա այլևս չի մնա իր պաշտոնին, երկրորդ՝ լեզու գտնել ռուսների հետ, ինչը շատ բարդ է լինելու, քանի որ այսքան տարվա ընթացքում Լուկաշենկոն ապացուցեց՝ ՌԴ-ի համար անվստահելի գործընկեր է դարձել, երրորդ ճանապարհը դա Արևմուտք ուղղվելն է, բայց այստեղ էլ այնքան հաջողություն չի ունենա, որովհետև Արևմուտքը ևս այնքան հակված չէ գործ ունենալ Լուկաշենկոյի հետ, քանի որ ժամանակին նա խոստումներ է տվել Արևմուտքին և դրանք չի պահել: Ըստ այդմ՝ բոլորն ասում են, որ, եթե Լուկաշենկոն չհեռանա հիմա, ապա միևնույն է՝ հեռացումը շուտ է լինելու, կամ մնալու է շատ ավելի թուլացած»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Քոչարյանը:

Թե որքանով էր տեղին և ճիշտ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքը՝ ժամանակային, իրավիճակային և այլ առումներով, և ինչ հետևանք, «հետք» կթողնի այն ՀՀ-ի վրա, եթե հանկարծ Լուկաշենկոն հեռանա, Տիգրան Քոչարյանն ասաց՝ շնորհավորանքը շատ վատ անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգի վրա՝ ժողովրդավարական շրջանակներում՝ արտասահմանում:

«Ընդդիմադիր Նիկոլի կերպարը և վարչապետ Փաշինյանի շնորհավորանքն իրար հակասում են: Եթե դու հեղափոխական ես, պայքարել ես ռեժիմների դեմ, կամ, այսպես ասած, բռնապետների, իսկ հիմա շնորհավորում ես մի մարդու, որի ոստիկանությունը շատ դաժան ծեծի է ենթարկում ընդդիմադիրներին, երբ դու ողջունում ես դա, ստացվում է՝ կամ այն ժամանակ էիր ստում, կամ՝ այսօրվա «կոստյումի» մեջ շատ լավ տեղավորվել ես և արդեն մոռացել ես քո հեղափոխական անցյալը: Զուտ ռեյտինգային առումով Փաշինյանը շատ ուժեղ վնաս կրեց բոլոր այն շրջանակներում, որոնք հեղափոխական են կամ հեղափոխության աջակիցներ: Փաշինյանական կողմից ասում են, որ դա պրոտոկոլային էր, էթիկետային, բայց կարելի էր այդ ամենը շրջանցել. Սպասել, մինչև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես հայտարարի քվեարկության արդյունքները, որը մինչև հիմա չեն արել, երկրորդ՝ սպասեր, որ ՀՀ նախագահը շնորհավորեր, իսկ Փաշինյանն առկախեր իր շնորհավորանքը, մինչև հասկանալի կլիներ՝ ինչ իրավիճակ է տիրում Բելառուսում: Փաշինյանը հապշտապ բան արեց, որը չողջունվեց: Երրորդ՝ եթե, ամեն դեպքում, պիտի շնորհավորեր, դա թող աներ Ալիևից շուտ, գիտենք, որ Բելառուսը, Լուկաշենկոն շատ լավ հարաբերությունների մեջ են Ալիևի հետ, և եթե Փաշինյանն ավելի շուտ շնորհավորեր, դա մի փոքր կարող էր Փաշինյանի «ձեռքերն ազատել» ապագայում, եթե Լուկաշենկոն մնար պաշտոնին՝ Ադրբեջանին բելառուսական օժանդակության կրճատում, և այլն…

Ի դեպ, Ալիևը մի փոքր ուշ շնորհավորեց Լուկաշենկոյին, և եթե Փաշինյանը շնորհավորելու էր, դա պիտի աներ Ալիևի շնորհավորանքի ուշացման ընթացքում: Սա հերթական անգամ ապացուցեց՝ այն, ինչ Փաշինյանն ասում էր 2018-ից առաջ, և այն, ինչ անում է 2018-ից հետո, երկու տարբեր բաներ են, երկու տարբեր մարդիկ՝ հեղափոխական Նիկոլը և հետհեղափոխական Փաշինյանը»,- պնդեց մեդիափորձագետը:

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին առաջարկել է Եվրամիության արտակարգ գագաթաժողով անցկացնել՝ Բելառուսում նախագահական ընտրություններից հետո տիրող իրավիճակի կապակցությամբ: Լեհաստանը կողմ է նաև ԵՄ-ի կողմից Բելառուսի դեմ պատժամիջոցների կիրառմանը:

Տիգրան Քոչարյանի խոսքով, այստեղ Լեհաստանը ոչ թե պրոամերիկյան խաղ է տանում, այլ սեփականը:

«Սխալ է ասել, որ Լեհաստանի «խառնվելը» պրոցեսներին, հատկապես տեղեկատվական առումով, դա պրոամերիկյան գիծ է: Լեհաստանն իր խաղն է տանում, քանի որ Լեհաստանի համար Բելառուսի առնվազն կեսը դա լեհական ինքնության հետ կապված տարածքներ են: Նույն գործունեությունը ծավալում էին նաև Ուկրաինայում, որտեղ հնարավորին չափ բաժանում էին «լեհի քարտ», որի հաջորդ քայլը քաղաքացիությունն էր, մոտ մեկ միլիոնից ավելի բաժանել են այդ քարտերից: Լեհաստանը, փորձելով ամրապնդել իր ներկայությունը Բելառուսի և Ուկրաինայի արևմտյան մասերում, մտածում է՝ կյանք է, գուցե մի օր այդ տարածքները կարողանա վերադարձնել: Կրկնում եմ՝ սա ոչ միշտ է կապված ամերիկյան խաղի հետ, այստեղ Լեհաստանը որպես առանձին խաղացող է հանդես գալիս»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Տեսանյութեր

Լրահոս