Կոտայքի մարզպետի պաշտոնակատարը հետևել է համայնքային ենթակառուցվածքների շինաշխատանքներին
Կոտայքի մարզպետի պաշտոնակատար, փոխմարզպետ Առնակ Ավետիսյանն աշխատանքային այցի շրջանակներում մարզի Բյուրեղավան, Մայակովսկի, Կամարիս, Գեղաշեն և Ջրվեժ համայնքներում էր՝ տեղում ծանոթանալու 2020 թվականին մեկնարկած սուբվենցիոն ծրագրերին և համայնքների ղեկավարների հետ քննարկելու ընթացիկ ծրագրերն ու խնդիրները: Բյուրեղավան համայնքում Առնակ Ավետիսյանը խորհրդականների և համայնքի ղեկավարի ուղեկցությամբ նախ այցելել է քաղաքային պոլիկլինիկայի շինհրապարակ, որտեղ կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում այս պահին լայն թափով ընթանում են վարչական շենքի և բակի հիմնանորոգման աշխատանքները:
Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայում շինաշխատանքները մեկնարկել էին դեռ անցյալ տարի: Կրկին կառավարության սուբվենցիոն ծրագրի շրջանակներում պոլիկլինիկայի առաջին հարկում կատարվել են թվային հետազոտության սենյակի կառուցման և ամբողջ շենքի սանհանգույցների կապիտալ վերանորոգման աշխատանքներ:
Բացի նշված ծրագրից, ՀՀ կառավարության 2020 թվականի սուբվեցիաների շրջանակներում խոշորացված այս համայնքում ևս երեք ծրագրեր են նախատեսված, մասնավորապես՝ Բյուրեղավանում կբարեկարգվեն ճանապարհներ, Նուռնուսում կկառուցվի համայնքային կենտրոն, Ջրաբերում անց է կացվելու շուրջ 3,5 կմ երկարությամբ խմելու ջրի նոր ջրագիծ և արդիականացվելու է ներքին ցանցն ամբողջովին:
Հաջորդիվ փոխմարզպետն այցելել է Մայակովսկի համայնքի մանկապարտեզ, որտեղ այս տարվա սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվում են մանկապարտեզի 2-րդ մասնաշենքի, ճաշարանի և խոհանոցային հատվածների հիմնանորոգման աշխատանքներ, ինչպես նաև ամբողջովին բարեկարգվում է բակային հատվածը:
Մայակովսկի համայնքի մանկապարտեզի երկհարկանի մեկ մասնաշենքի հիմնանորոգման ծրագիրը Կոտայքի մարզպետի առաջարկությամբ ներառվել էր կառավարության 2018թ-ի առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերի ցանկում, և մասնաշենքը ՏԿԵՆ Տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ հիմնանորոգվել է անցյալ տարի:
Առնակ Ավետիսյանը շրջել է մանկապարտեզի տարածքով, ծանոթացել աշխատանքների ընթացքին: Ինչպես Բյուրեղավանում, այստեղ ևս փոխմարզպետը ևս մեկ անգամ ընդգծել է որակյալ աշխատանքների և վերջնաժամկետների խստիվ պահպանման անհրաժեշտությունը և հորդորել՝ անել առավելագույնը մեկնարկած աշխատանքները սահմանված ժամկետներում ավարտին հասցնելու նպատակով:
Աշխատանքային այցի օրակարգով նախատեսված հաջորդ համայնքը Կամարիսն էր, որտեղ փոխմարզպետը ծանոթացել է այս տարվա սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվող ասֆալտապատման և խմելու ջրագծերի կառուցման աշխատանքներին:
Առնակ Ավետիսյանը նշել է, որ ներհամայնքային ճանապարհների կապիտալ ասֆալտապատման այս ծրագիրը պետություն-համայնք- մասնավոր հատված ձևաչափով համագործակցության փայլուն օրինակներից է և այն վարակիչ պետք է լինի նաև այլ համայնքներում՝ սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերը կյանքի կոչելու նպատակով:
Ճանապարհին Առնակ Ավետիսյանը նաև այցելել է «Ռոք Բերրի» ընկերություն, ծանոթացել ջերմոցային տնտեսության պայմաններին ու հնարավորություններին: Փոխմարզպետին ներկայացվել է, որ ընկերությունն այս տարի նախատեսում է ընդլայնել տարածքը, ինչով պայմանավորված էլ՝ արձանագրել արտադրանքի ծավալների զգալի աճ:
Գեղաշեն համայնքում էր Առնակ Ավետիսյանի հաջորդ այցը: Փոխմարզպետը Գեղաշենում եղել է հիմքից կառուցվող մանկապարտեզի շինհրապարակում, որտեղ շինարարությունն արդեն ավարտին է մոտենում: Այս համայնքում մանկապարտեզ երբևէ չի գործել: Համայնքում նոր մանկապարտեզ կառուցելու նպատակով դեռ 2019 թվականին սուբվենցիոն հայտ էր ներկայացվել կառավարություն, որն էլ հաստատվել էր և այս պահին մանկապարտեզի կառուցման շինարարական բուռն աշխատանքներ են իրականացվում: Այն նախատեսված է շուրջ 140 փոքրիկների համար։
Մանկապարտեզի բակային հատվածի կառուցումն ու ինժեներական ցանցի ապահովումն էլ իրականություն է դառնում արդեն այս տարվա սուբվենցիայի շրջանակներում: Ծրագրի արդյունքում կասֆալտապատվի բակային տարածքը, կկառուցվի ցանկապատ, խաղահրապարակ և կիրականացվի կանաչապատում: Աշխատանքները նախատեսված է իրականացնել պետություն-համայնք համաֆինանսավորմամբ: Գեղաշենում Առնակ Ավետիսյանը այցելել է նաև համայնքի միջնակարգ դպրոց:
Մարզային ենթակայության դպրոցներում իրականացված ֆինանսական վերաբաշխումների արդյունքում Կոտայքի մարզպետարանի կողմից Գեղաշենի միջնակարգ դպրոցին է հատկացվել շուրջ 6,4 մլն դրամ՝ մարզադահլիճի հատակի փոխարինման և արդյունքում՝ վինիլային հատակի տեղադրման աշխատանքներ իրականացնելու համար: Աշխատանքներն այս պահին ընթացքի մեջ են:
Հագեցած օրակարգով աշխատանքային այցի ավարտին Կոտայքի մարզպետի պաշտոնակատարը Ջրվեժում էր, ինչպես նաև Զովք և Ձորաղբյուր բնակավայրերում: Փոխմարզպետը նախ այցելել է Զովքի մանկապարտեզի տարածք, որը երկար տարիներ չի գործում. տարիների ընթացքում շենքը խարխլվել է և այլևս պիտանի չէր ծառայելու որպես մանկապարտեզ: Այս տարի պետական բյուջեի աջակցությամբ՝ կառավարության սուբվենցիոն ծրագրի շրջանակում մանկապարտեզի շենքը կապիտալ կհիմնանորոգվի:
Զովքում Առնակ Ավետիսյանը ծանոթացել է նաև համայնքի դպրոցում իրականացված շինարարական աշխատանքներին, որի շրջանակում փոխվել է դպրոցի տանիքը: Փոխմարզպետն այնուհետ եղել է Ձորաղբյուր բնակավայրում և ծանոթացել կրկին սուբվենցիայի շրջանակում իրականացվող ջրագծերի անհատական միացումների և ջրաչափական հանգույցների կառուցման աշխատանքներին: Արդյունքում համայնքի շուրջ 300 տնտեսությունների կմատակարարվի որակյալ և առանց կորուստների խմելու ջուր:
Այցի ավարտին Առնակ Ավետիսյանը Ջրվեժ համայնքի ղեկավարի հետ դիտարկել է այն հատվածը, որտեղ կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով նոր մանկապարտեզի շենք է կառուցվելու: