Բաժիններ՝

ՄԱԿ-ը Լիբանան կուղարկի 50.000 տոննա ցորենի ալյուր պարենի պակասի դեմ պայքարի համար

ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) 50 հազար տոննա ցորենի ալյուր կուղարկի Լիբանան հանրապետությունում պարենի պակասության դեմ պայքարի շրջանակներում: Այդ մասին հայտնել է համաշխարհային կազմակերպության Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը:

ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեւիդ Բիզլին հայտարարել է, որ Լիբանանում կարող է հացը վերջանալ, եթե նավահանգստի աշխատանքը չհաջողվի վերականգնել երկու շաբաթվա ընթացքում: Նա հավելել է, որ ավելի վաղ հանրապետություն է ուղարկվել 17,5 հազար տոննա ցորենով բեռնված նավ, «որը կարող է արդեն երկու շաբաթից ժամանել Բեյրութ, ինչը կկարողանա Լիբանանը հացահատիկով ապահովել 20 օր»:

Բացի դրանից, ՄԱԿ-ի ՊՀԾ-ի երեք բեռնատար ինքնաթիռներ պարենով բեռնված արդեն ժամանել են Լիբանանի մայրաքաղաքի օդանավակայան: Բեյրութի նավահանգստի պահեստում հուժկու պայթյունը տեղի ունեցավ օգոստոսի 4-ին:

Պայթյունի ալիքից ոչնչացվեցին կամ վնասվեցին տասնյակ տներ, ավելի քան 300 հազար մարդ մնաց անօթեւան: Զոհվեց առնվազն 154 մարդ, տուժեց շուրջ 5 հազարը, տասնյակ մարդիկ համարվում են անհայտ կորած: Բուն նավահանգիստը, որով անցնում էր Լիբանանի ներմուծման ավելի քան 75 տոկոսը, այժմ չի գործում:

Լիբանանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ողբերգության պատճառ է դարձել եռակցման ախատանքների ժամանակ ավելի քան 2,7 հազար տոննա ամոնիակային սելիտրայի բռնկումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս