«Արդեն չորս ամիս է՝ վարչապետը բացահայտ մեր «գլուխն արդուկում է»». Գագիկ Համբարյան

Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանի խոսքով՝ իշխանությունները վաղուց տապալել են կորոնավիրուսի դեմ պայքարը, և դրա վառ ապացույցը հիվանդների և մահացության դեպքերի այն թվերն են, որը կա այսօր երկրում։

«Այս ամենը հաշվի առնելով՝ ինքս ամբողջությամբ հակված եմ այն մտքին, որ արտակարգ դրության ժամկետի երկարաձգումն ունի քաղաքական դրդապատճառներ, և գլխավոր նպատակը մարդկանց ազատությունները սահմանափակելն է։ Տարբեր տեսակի ազատություններ՝ սկսած խոսքից, երբ ուղղակի տարբեր մանիպուլյացիաների դիմելով՝ կարող են մարդուն տուգանել, բանտարկել՝ խուճապ տարածելու համար, վերջացրած՝ ազատ տեղաշարժի կամ կամքի ազատ արտահայտման իրավունքը ոտնահարելով։ Կրկնում եմ՝ ՀՀ-ն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շատ վաղուց տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը, ապա արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումն ամբողջությամբ քաղաքական է»,- 168.am հետ զրույցում ասաց Գագիկ Համբարյանը։

Ըստ նրա, որպեսզի մարդիկ պատկերացնեն, թե Հայաստանն ինչ վիճակում է  կորոնավիրուսի դեմ պայքարում, անհրաժեշտ է տեսնել Բելառուսի օրինակը։ Ըստ նրա՝ այդ երկիրը, որը գրեթե Հայաստանի մակարդակի երկիր է և բացարձակ որևէ արտակարգ միջոցառումներ չի կազմակերպել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում, այսօրվա դրությամբ 1 մլն բնակչության հաշվով ավելի քիչ վարակվածներ ու մահացածներ ունի, քան արդեն 4 ամիս արտակարգ իրավիճակում ապրող  Հայաստանը։

«Արդեն չորս ամիս է՝ վարչապետը բացահայտ մեր «գլուխն արդուկում» է, որի համար կորոնավիրուսը դարձել է ինքնադրսևորման և ինքնարտահայտման մի ձև»,- հավելեց քաղաքագետը։

Գագիկ Համբարյանը նկատեց՝ նույնիսկ ամենազարգացած երկրները չեն կարող շատ երկար նման մեկուսացված վիճակում ապրել, ինչպես այսօր ապրում է Հայաստանը։

«Ինքս այժմ չեմ հասկանում, թե ՀՀ իշխանությունները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ինչպես են մտածում, ինչպես պետք է դուրս բերեն ծայրահեղ ծանր տնտեսական վիճակում հայտնված մեր երկիրը։ Նաև դրա հետ կապված՝ չեմ տեսնում որևէ քայլ։ Պարոն Փաշինյանն անընդհատ մեր երկիրը համեմատում է աշխարհի զարգացած երկրների հետ, բայց երբ աշխարհի զարգացած երկրներում կորոնավիրուսի տարածման, մահացածների թվերն է մեջբերում, լավ կլինի համեմատի նաև, թե, օրինակ, նույն Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Բելգիան, Գերմանիան և այլն, ինչ սոցիալ-տնտեսական ծրագրեր են իրականացրել հասարակության վիճակը մեղմելու համար, և ինչ ծրագրեր է իրականացրել Հայաստանը։ Հեռու չեմ ուզում գնալ, Վրաստանը, տեսե՞լ եք, ինչ ծրագրեր է իրականացրել։ Հայաստանը 15 ծրագիր է  գցել հրապարակ, որոնց ծանոթանալը և իրագործելը պարզապես բարդ մաթեմատիկա է շատերի համար»,- շեշտեց նա։

Նա ընդգծեց, որ որևէ մեկը չի ասում, թե կորոնավիրուսն արագ ոչնչանալու է, սակայն դա չի նշանակում, որ երկիրը պետք է անվերջ պահեն արտակարգ դրության ռեժիմում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին պարետատան նիստից հետո փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ որոշել են ևս մեկ ամսով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը։

Տեսանյութեր

Լրահոս