«Ենթադրվում է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում թաքցնելու բան ունեն»
«Ենթադրվում է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում թաքցնելու բան ունեն: Եթե չունեն, ապա ինչո՞ւ է լրագրողների մուտքը ցմահ դատապարտյալների մոտ հիմնականում խոչընդոտվում»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նշեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրավաբան Ռոբերտ Ռևազյանը: Ըստ նրա` հասարակության կողմից երբեմն անհանդուրժողական վերաբերմունք է ցուցաբերվում ցմահ դատապարտյալների նկատմամբ: Բայց նրանք ցմահ դատապարտվել են այն մարմինների կողմից, որոնց հասարակությունը հաճախ անվստահություն է հայտնում:
Ըստ Ռոբերտ Ռևազյանի`Հայաստանում ցմահ բանտարկյալների թիվն ավելանում է: Ընդ որում, շատ է երիտասարդների թիվը. «Չեմ կարծում, որ նրանք արժանի էին այդ պատժին»,- ասաց նա: Իրավաբանը նշում է, որ իրավական առումով խախտում է տեղի ունեցել 2003-ին. «Երբ ցմահ ազատազրկումն ընդունվեց Հայաստանում, նախագահի հրամանով մահապատժի դատապարտված 40 մարդ դատապարտվեցին ցմահ ազատազրկման, այսինքն` հանրապետության նախագահն իր վրա էր վերցրել դատական իշխանության իրավասությունը»:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի տվյալների համաձայն՝ Հայաստանում կա 105 ցմահ դատապարտյալ, ինչը բավական մեծ թիվ է 2.5 միլիոնանոց բնակչության համար: Այս կազմը միատարր չէ: Կան տարբերություններ, սկսած տարիքային ցենզից՝ մինչև դատվածությունների քանակ: Մեր օրենսդրությամբ որևէ տարբերակում նախատեսված չէ: 100 ցմահ դատապարտյալներից 41-ը դատապարտվել է մեկ անձի սպանության մեղադրանքով, 15-ը՝ զինծառայության ընթացքում տեղի ունեցած հանցագործությունների մեղադրանքով, 59-ը՝ երկու և ավելի անձանց սպանության համար: Հայաստանի ցմահ դատապարտյալների մեջ կան նաև մինչև ութ անձանց սպանության մեղադրանքով դատապարտված անձինք, երկու անձ դատապարտվել է միայն հանցագործությանն օժանդակելու համար: