«Սա ուղերձ է, որ երբևէ չխաբվեն Նիկոլ Փաշինյանի այն թեզին, որ հայ-ռուսական հարաբերություններն աննախադեպ լավն են». Նարեկ Մանթաշյանը՝ Մարգարիտա Սիմոնյանի հայտարարության մասին
«Այլընտրանք» ՀԿ համահիմնադիր Նարեկ Մանթաշյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությանը, թե քաղաքապետ դառնալով՝ ստանում է 429 հազար դրամ աշխատավարձ, որն իր նախկինում ստացած եկամտի 10 տոկոսն է կազմում միայն։
«Մի հայտնի թևավոր խոսք կա, որ աղքատ երկրում հարուստ ապրելն անբարոյական է, իսկ հարուստ երկրում աղքատ ապրելը՝ հիմարություն։ Մեր ժողովուրդը կանգնած է մոտալուտ սովի առաջ, ճգնաժամի ֆոնին ականատես ենք լինում, մերձիշխանական որոշ մարդիկ դառնում են դոլարային միլիոնատերեր։ Եթե Նիկոլ Փաշինյանը, որպես երկրի ղեկավար, իր ժողովրդի համար չի կատարել այն քայլերը, որպեսզի ցանկացած մարդ հարստանալու հնարավորություն ունենա, ապա անբարոյական պետք է լինի, որ իր շրջապատի մարդիկ միայն պետք է հարստանան։ Այսօր ես հստակ ասում եմ, որ այս իշխանություններն անբարոյական են»,- նշեց Նարեկ Մանթաշյանը։
Անդրադառնալով ռուսաստանաբնակ հայազգի լրագրող Մարգարիտա Սիմոնյանի հայտարություններին, Նարեկ Մանթաշյանն ասաց, որ այն, ինչ ասել է Մարգարիտա Սիմոնյանը, դա Ռուսաստանի պաշտոնական տեսակետն է։
«Սա ուղերձ է հայ ժողովրդին, որ երբևէ չխաբվեն Նիկոլ Փաշինյանի այն թեզին, որ հայ-ռուսական հարաբերություններն ամենափայլունն են, աննախադեպ լավն են»,- նշեց Ն. Մանթաշյանը։
Անդրադառնալով կրթության չափորոշիչներին՝ Նարեկ Մանթաշյանն ասաց, որ իշխանություններն օգտվելով ժողովրդի թմբիրից, փորձում են, քայլերի փոխարեն՝ լոնքերով իրենց բոլոր «ռեֆորմներն» իրականացնել։ Նա վստահ է, որ այս ամենը լինելու է իշխանությունների վախճանը։
Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանի խոսքով՝ այսօր այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում երկրում, այդ թվում՝ մշակույթի ոլորտում ու կրթության չափորոշիչների հետ կապված, շատ տխուր են։
Ըստ նրա՝ այս ամենը չպետք է հանդուրժել։
«Այս ամենի մեջ լավ բան կա, լակմուսի թղթի պես ամեն ինչ պարզվում է, բոլորը մաքրվում է։ Եթե այս ամենը չլիներ, մենք շատ բան չէինք հասկանալու, սրա համար այս իշխանությանը շնորհակալ եմ։ Եթե կրթության չափորոշիչների հետ կապված այս փոփոխությունը տեղի ունենա, ապա վստահ եմ, որ ամեն ինչ վերականգնվելու է, այո, սա այս իշխանությունների արժեհամակարգն է։ Եթե այս ամենը չխրախուսվի վերևից, ապա որևէ նախարարություն ինքնահոս կերպով ոչինչ չի անի»,- շեշտեց Հռիփսիմե Առաքելյանը։