Բաժիններ՝

«Բիզնեսը որոշ մասն է տալու, պետությունն էլ աջակցելու է դրամաշնորհով». Ռեստորանների հայկական միության գործադիր տնօրենը՝ Կառավարությունում կայացած հանդիպման մասին

Հուլիսի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները:

Ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց մտահոգող հարցերը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված առաջացած խնդիրները և հանդես եկել դրանց լուծման առաջարկություններով:  Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ վարչապետի գլխավորությամբ կառավարությունում արդեն իսկ քննարկվել է այդ հարցը, և այժմ պատրաստման փուլում է բիզնեսին աշխատատեղերի պահպանման նպատակով պետական օժանդակություն ցուցաբերելու նախագիծը:

Վարչապետը հանձնարարել է առաջիկա մեկ շաբաթում մասնավոր հատվածի հետ շարունակել քննարկումները նախագծի շուրջ՝ վերջիններիս առաջարկներով այն լրամշակել և ներկայացնել կառավարության հաստատմանը:

«Օժանդակության նպատակը պետության և մեր բիզնեսի կողմից համագործակցությամբ ոլորտում աշխատատեղերը պահպանելն է: Այսինքն, մարդկանց համար աշխատավարձային ֆոնդի որոշակի համաֆինանսավորում է լինելու, բիզնեսը որոշ մասն է տալու, պետությունը որոշակիորեն  աջակցելու է դրամաշնորհով: Ամեն ամիս որոշակի դրամաշնորհ է հատկացվելու: Թվային և  մյուս տեխնիկական հարցերի պատասխանները հաջորդ շաբաթ կլինեն, բայց սկզբնական համաձայնությունը կայացվել է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց շուրջ 300 ռեստորաններ և սրճարաններ համախմբող Ռեստորանների հայկական միության գործադիր տնօրեն Վահե Գևորգյանը՝ հայտնելով, որ այլ առաջարկներ ևս լինելու են, որոնց մասին կտեղեկացնեն, իսկ այսօրվա ճգնաժամի հետ կապված կոնկրետ պայմանավորված մեկանգամյա միջոցառումներ եղել են, սակայն սա ավելի երկարաժամկետ ծրագիր է, կապված է լինելու ընդհանուր ոլորտի՝ ճգնաժամից դուրս գալու հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս