Ռուսաստանում ուժի մեջ մտավ ՌԴ քաղաքացիություն ստանալու հեշտացված գործընթացը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել օտարերկրացիների ու առանց քաղաքացիության անձանց՝ հեշտացված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալու ֆեդերալ օրենքը, մի փաստաթուղթ, որը, մասնավորապես, բացառում է արդեն իսկ ունեցած քաղաքացիությունից հրաժարումը ու կրճատում է քաղաքացիություն ստանալու համար ՌԴ տարածքում մնալու ժամկետը:
Այս մասին տեղեկացնում է news.mail.ru-ն՝ հղում անելով РИА Новости-ին:
Համապատասխան ֆեդերալ օրենքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է 2020թ. ապրիլին:
Նախկինում օրենսդրությունը ռուսական քաղաքացիություն հայցողին պարտադրում էր հրաժարվել տվյալ երկրի քաղաքացիությունից, նոր դիմել ՌԴ քաղաքացիություն ստանալու համար:
Նոր օրենքը նաև թույլ է տալիս բացառել ՌԴ քաղաքացիություն ստացողների համար ՌԴ տարածքում 3 տարի ապրելու ու ապրելու համար օրինական միջոցների առկայության ապացույցի պարտադիր պահանջը առանց քաղաքացիության անձանց, ԽՍՀՄ քաղաքացիություն ունեցողների, նախկին ԽՍՀՄ երկրներում ապրող, բայց այդ երկրի քաղաքացիությունը չստացած անձանց համար:
Նույն նորմը կտարածվի նաև ՌԴ-ում ապրող ՌԴ քաղաքացիների հետ ամուսնացած ու տվյալ ամուսնությունից երեխաներ ունեցող անձանց, ինչպես նաև այն օտարերկրացիների վրա, ում ծնողներից մեկն ունի ՌԴ քաղաքացիություն և ապրում է Ռուսաստանում:
Բացի դրանից, Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի և Ղազախստանի քաղաքացիների համար նույնպես հեշտացվում է ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգը: Նրանք կարող են դիմել առանց ՌԴ-ում ապրելու պահանջին հետևելու, եթե ունեն գործող կեցության իրավունք:
Երեք տարուց մինչև մեկ տարի է դառնում նաև ՌԴ-ում աշխատանքային գործունեություն ծավալելու պահանջն այն անձանց համար, ովքեր ռուսական բուհեր են ավարտել:
Պատրաստեց 168.am–ը