ԲԴԽ-ի թեթև ձեռքով սորոսականները սահուն քայլերով փորձում են սողոսկել դատական համակարգ

Հունիսի 18-ին ՀՀ դատական իշխանության պաշտոնական կայքում Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուներ  ներգրավելու նպատակով մրցույթ հայտարարելու մասին տեղեկատվություն հրապարակվեց:

«Որոշման Հավելված 1-ի 2-րդ կետի համաձայն՝ Մրցույթին կարող են մասնակցել հետևյալ պահանջները բավարարող կազմակերպությունները.

Կազմակերպությունը պետք է գրանցված լինի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում,

Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուների ընտրության նպատակով Մրցույթին նախորդող առնվազն հինգ տարիների ընթացքում Կազմակերպության կանոնադրական նպատակները պետք է ներառած լինեն ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության կամ դատական իշխանության գործունեության ոլորտները։

Օրենսգրքի 77-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «որպես Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու կարող է առաջադրվել այն իրավաբանը, որն օժտված է բարձր մասնագիտական որակներով, ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան կամ մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառություն, որևէ կուսակցության անդամ չէ, և նրա նկատմամբ առկա չեն սույն օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված սահմանափակումները»,- կարդում ենք ԲԴԽ տարածած հաղորդագրության մեջ:

Հուլիսի 20-ին արդեն տեղեկացանք, որ Մրցույթին մասնակցելու համար, սահմանված ժամկետում, դիմել են հետևյալ հասարակական կազմակերպությունները՝ ներկայացնելով մեկական թեկնածուներ.

  1. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, գործադիր տնօրեն Ս. Այվազյան, առաջադրված թեկնածու՝ Դավիթ Լևոնի Հակոբյան:
  2. «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ, նախագահ Կ. Զադոյան, առաջադրված թեկնածու՝ Սյուզաննա Արմենակի Սողոմոնյան:
  3. «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ, նախագահ Ա. Մելքոնյան, առաջադրված թեկնածու՝ Հասմիկ Հայկի Հարությունյան:
  4. «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական  ՀԿ, գործադիր տնօրեն՝ Ա. Մուշեղյան, առաջադրված թեկնածու՝ Արտուր Հաբեթի Հարությունյան:

Մրցութային հանձնաժողովը, ուսումնասիրելով մրցույթի մասնակիցներ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական  ՀԿ-ի կողմից կրկին ներկայացված փաստաթղթերը, որոշումներ է կայացրել բավարարել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական  ՀԿ-ի կողմից ներկայացված դիմումները, իսկ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի  ներկայացրած դիմումի ընդունումը մերժել՝ ներկայացված փաստաթղթի անհամապատասխանության հիմքով:

Եվ այսպես, ունենք մի իրողություն, երբ Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամներ կարող են դառնալ ու դատավորների վարքականոնի հարցը որոշել նաև մարդիկ, որոնք ակնհայտ գաղափարական ուղղվածություն, ըստ այդմ՝ անաչառության խնդիր ունեն, այս կամ այն հասարակական կազմակերպության  գաղափարական թեզերն  են քարոզում Հայաստանում: Այլ կերպ ասած՝ Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամներ կարող են ընտրվել «սորոսական» հ/կ-ների ներկայացուցիչներ:

Tert.am-ը «Բաց հասարակություններ հիմնադրամի» կայքէջից տեղեկացել էր, որ մրցույթին թեկնածուներ ներկայացրած ՀԿ-ներից առնվազն երկուսը 2018, 2019, 2020 թվականներին դրամաշնորհ են ստացել, այսպես ասած, «Սորոսի հիմնադրամից»:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն 2018 թվականին «Բաց հասարակություններ հիմնադրամից» ստացել է 181 հազար ԱՄՆ դոլար, իսկ 2019 թվականին՝ 230 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն 2018 թվականին ստացել է 26 հազար 790 դոլար, 2019-ին՝ 90 հազար դոլար, իսկ 2020 թվականին՝ 19 հազար դոլար դրամաշնորհ:

577 միլիոն դրամ էլ «Իրավաբանների հայկական ասոցացիա» ՀԿ-ն է ստացել 2019-ին։ ՀԿ-ի դոնոր կազմակերպություններն են՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, Գերմանիայի, Չեխիայի, ԱՄՆ-ի, Նիդեռլանդների դեսպանությունները, Նիդեռլանդների Թագավորության «Քորդէյդ» կազմակերպությունը և այլ միջազգային կազմակերպություններ:

Թե որքանով կարող են դրսից այս ծավալի դրամաշնորհներ ստացած անձինք անաչառ լինել, դա կթողնենք ժամանակի դատին, սակայն, երբ Բարձրագույն դատական խորհուրդը հաստատում է մրցույթի անցկացման այնպիսի կարգ, որի դեպքում մրցույթին կարող են մասնակցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առնվազն հինգ տարիների փորձ ունեցող հ/կ-ները, պարզ է, որ նորաստեղծ հ/կ-ները, որոնք միգուցե առավել պրոֆեսիոնալ ու անաչառ  կարող էին վերաբերվել իրենց առջև դրված խնդիրներին, որևէ հնարավորություն չէին ունենալու այդ հանձնաժողովում լինելու: Ամեն դեպքում անհասկանալի է, թե ԲԴԽ-ն ի՞նչ վերլուծություններից կամ հետազոտություններից ելնելով է սահմանել 5 տարի չափորոշիչը:

Հետաքրքիր է, որ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն և «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական  ՀԿ-ն ներկայացրել են թեկնածուներ, որոնք իրենց կադրերը չեն կարծես թե: «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի թեկնածուն Դավիթ Հակոբյանն է, որի մասին իրավաբանական համայնքում ասում են, որ բավականին լավ կրթություն ստացած և բանիմաց իրավաբան է: Մեր տեղեկություններով՝ նա ԱԺ Պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կադրն է, ում հետ ունի շատ սերտ հարաբերություններ:

Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական  ՀԿ-ի թեկնածուն էլ Արթուր Հարությունյանն է, որը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կադրն է:

Մեր տեղեկություններով՝ մրցույթի փաստաղթային փուլը չհաղթահարած թեկնածու Հասմիկ Հարությունյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի քույրն է: Վերջինը, ըստ մեզ հասած լուրերի, պատրաստվում է դատական կարգով վիճարկել հանձնաժողովի որոշումը:

«Իրավական կրթություն և վերահսկողություն» հ/կ նախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով խնդրին, ասաց, որ իրենց հասարակական կազմակերպությունը չի դիմել՝ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամի համար անցկացվող մրցույթին մասնակցելու, որովհետև ԲԴԽ կողմից սահմանված չափանիշերն ակնհայտորեն եղել են խտրական:

«Մրցույթին մասնակցելու համար կարող էին դիմել բացառապես այն հ/կ-ները, որոնք իշխանափոխությունից առաջ են հիմնադրվել և գոյություն ունեցել, և մենք բոլորս գիտենք՝ որոնք են այդ հասարակական կազմակերպությունները և հիմնականում ում կողմից են ֆինանսավորվում, ինչպես տեսնում եք, որևէ անակնկալ այս մասով չգրանցվեց»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Մի ուշագրավ դիտարկում ևս:

Մրցույթին մասնակցող հ/կ-ների համար կա նաև հետևյալ չափորոշիչը՝ «որպես Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու կարող է առաջադրվել այն իրավաբանը, որն օժտված է բարձր մասնագիտական որակներով»: Եվ այստեղ հարց է առաջանում՝ մրցութային հանձնաժողովը ինչպե՞ս է որոշելու՝ թեկնածուն բարձր մասնագիտական որակներ ունի՞, թե՞ ոչ, որովհետև իրավաբանի դիպլոմ ունենալը դեռ չի նշանակում՝ բարձր որակավորում ունեցող մասնագետ լինել:

Առանց անուններ հնչեցնելու՝ հիշենք, որ մենք մասնագիտական քննարկման մասնակցող շատ հայտնի հ/կ ղեկավարի առնչությամբ, օրինակ, տեսել ենք, որ վերջինը չի տարբերում փաստը իրավունքից, երբ, օրինակ, կառույցը դիրքորոշում է հայտնում, իսկ նա ասում է՝ փաստերը ստուգելով՝ համաձայն չեմ դիրքորոշման հետ: Կարո՞ղ է արդյոք նման թեկնածուն բարձր մասնագիտական որակներ ունենալ:

Եվ այնուամենայնիվ, հարցերի հարցը մնում է այն, թե ինչ ընթացակարգով են թեկնածուների բարձր որակները ստուգում, տիրապետո՞ւմ են արդյոք թեկնածուները բազային իրավաբանական գիտելիքների, կարո՞ղ են տեսական հարցերը գիտական մակարդակով ուսումնասիրել, և այլն:

168.am-ը կապ հաստատեց Դատական դեպարտամենտի՝ Դատավորների ընդհանուր ժողովի և դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովման վարչության պետ (մրցութային հանձնաժողովի անդամ) Խաչիկ Ղազարյանի հետ՝ պարզելու, թե մրցութային հանձնաժողովի անդամներն ինչպե՞ս են որոշելու թեկնածուի մասնագիտական բարձր որակավորման առկայությունը:

«Մրցութային հանձնաժողովը բացառապես փաստաթղթերի ամբողջականությունն ու համապատասխանությունն է ստուգել: Ընտրողները մենք չենք, ընտրելու է դատավորների ընդհանուր ժողովը՝ թեկնածուներից համապատասխան ընտրություն կատարելով: Մենք  բացառապես օրենքին և ԲԴԽ որոշմանը  համապատասխան՝ ստուգում ենք փաստաթղթերի ամբողջականությունը»,- ասաց մրցութային հանձնաժողովի անդամը՝ շեշտելով, որ, եթե բոլոր փաստաթղթերը համապատասխանում են մրցույթի պահանջներին, իրենք թեկնածուին ներկայացնում են Դատավորների ընդհանուր ժողովին:

Խաչիկ Ղազարյանը նշեց, որ գործընթացը կարգավորվում է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածով, որի 4-րդ կետի համաձայն՝ Կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում ընդգրկվում է ութ անդամ, որոնցից երկուսը՝ մասնագիտացված դատարանների դատավորներից, յուրաքանչյուր մասնագիտացված դատարանից` մեկ դատավոր, մեկը` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից, երկուսը՝ մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորներից (մեկը` քրեական, մեկը` քաղաքացիական մասնագիտացման), իսկ երեքը՝ վերաքննիչ դատարանների դատավորներից, յուրաքանչյուր վերաքննիչ դատարանից` մեկ դատավոր:

7-րդ կետը սահմանում է, որ Հանձնաժողովների անդամներին ընտրում է Ընդհանուր ժողովը` գաղտնի քվեարկությամբ` հինգ տարի ժամկետով:

Իսկ 8-րդ կետի համաձայն՝ քվեարկության անցկացման կարգի մանրամասները սահմանվում են Ընդհանուր ժողովի գործունեության կարգով: Քվեարկելիս դատավորն ունի, քվեարկվող տեղերի քանակին համապատասխան, մեկական ձայնի իրավունք: Ընտրված են համարվում առավել շատ ձայներ ստացած թեկնածուները: Ձայների հավասարության դեպքում ընտրված է համարվում այն թեկնածուն, որն ունի դատավորի ավելի երկար փորձառություն, իսկ փորձառության հավասարության դեպքում` այն թեկնածուն, որն ունի ավելի երկար մասնագիտական աշխատանքի փորձառություն: Մեկ թեկնածու առաջադրվելու դեպքում նա ընտրվում է նիստին ներկա անդամների ձայների կեսից ավելին ստանալու դեպքում:

Ի դեպ, նույն օրենսգրքի 78-րդ հոդվածը սահմանում է, որ կարգապահական հարցերի հանձնաժողովը՝

1) դատավորի նկատմամբ հարուցում է կարգապահական վարույթ,

2) իրականացնում է սույն օրենսգրքով իրեն վերապահված այլ գործառույթներ:

Այնուամենայնիվ, մենք Խաչիկ Ղազարյանին հարցրինք, որ, եթե անգամ քվեարկությամբ է ընտրվում թեկնածուն, ամեն դեպքում պարզ չէ, թե նրա գիտելիքներն ու բարձր որակավորումն ինչպես են ստուգվում:

«Դուք որ օրենսգիրքը նայեք, այնտեղ Դատավորների ընդհանուր ժողովի գործունեության կարգ կա, և այդտեղ համապատասխան ներկայացված է, թե ինչպես է անցկացվելու մրցույթը, և առհասարակ ինչպես են մրցույթները անցկացվում»,- ասաց նա՝ հավելելով, որ և ելույթի համար է ժամանակ տրամադրվում, և քվեարկողները թեկնածուին հարցեր տալու հնարավորություն ունեն:

Ինչևէ, մեծ անակնկալ չի գրանցվելու Դատավորների ընդհանուր ժողովի քվեարկության ժամանակ, որովհետև ամեն դեպքում քվեարկությունը կատարվելու է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական  ՀԿ-ի թեկնածուների միջև:

Նշենք նաև, թեկնածուներից որ 2-ն էլ դառնան Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ, մեծ հաշվով, որոշիչ գործառույթներ չեն ունենալու, որովհետև հանձնաժողովի անդամների գերակշիռ մասը դատավորներ են, այդուամենայնիվ, սակայն մեծ է հավանականությունը, որ այդ հանձնաժողովում մենք կունենանք դրսից վարձատրվող հայտնի կազմակերպության անդամ հանդիսացող ներկայացուցիչ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Տեսանյութեր

Լրահոս