«Այս ուղղությամբ պետք է ակտիվ աշխատենք՝ նաև համագործակցելով ռուսների հետ, որովհետև սրա հետևանքներն անկանխատեսելի են և միանշանակ բացասական». Միջազգայնագետը՝ ԱՄՆ Կոնգրեսի հակահայկական բանաձևի մասին
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավական հանձնաժողովի կողմից ներառված հակահայկական բանաձևին՝ այն որակելով պատմության ամենահակահայկական բանաձևն ԱՄՆ Կոնգրեսում:
«Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավական հանձնաժողովը բանաձև է ներառել 2021թ Ազգային պաշտպանության հաստատման վերաբերյալ օրենքում՝ այսպիսի խայտառակ ձևակերպմամբ. «…պետքարտուղարը, պաշտպանության քարտուղարի հետ համատեղ, համապատասխան կոնգրեսական հանձնաժողովներին է ներկայացնում զեկույց, Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում և Ադրբեջանում ներքին տեղահանվածների կարգավիճակի վերաբերյալ: Զեկույցը պետք է պարունակի հետևյալի գնահատումը.
(1) Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի այն քաղաքացիների թիվը, որոնք 1991 թվականից ի վեր օտարերկրյա ուժերի կողմից բռնի տեղահանվել են այդ երկրների ապօրինի գրավյալ տարածքներից:
(2) Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի` օտարերկրյա զորքերի կողմից ապօրինի գրավյալ շրջաններում սպանված քաղաքացիների թիվը, 1991 թվականից ի վեր:
Այսպիսի հակահայկական բանաձև երբեք չի եղել: Եթե սա ընդունվի նաև Սենատում, դառնալու է լուրջ նախադեպ ու գլխացավանք` էապես ազդելով նաև այլ, այդ թվում՝ նաև միջազգային փաստաթղթերում ներառվելու հեռանկարի վրա: Ադրբեջանական լոբբին փեշով փող է ծախսել»,- գրել էր Ս. Սարգսյանը:
168.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե որո՞նք պետք է լինեն հայկական կողմի հակազդող քայլերը, միջազգայնագետը նշեց. «Բանաձևը դեռ պետք է քննարկվի և հաստատվի Սենատի կողմից, սա նշանակում է, որ մենք դեռ մի փոքր ժամանակ ունենք այդ ուղղությամբ աշխատելու համար: Չնայած կարծում եմ, որ շանսերն այդքան էլ մեծ չեն, որ կարողանանք հակազդել սրան, բայց, համենայն դեպս, պետք է փորձենք ամեն ինչ անել, որպեսզի Սենատում «բլոկ անենք» այս քվեարկությունը:
Սա, կարծում եմ՝ պետք է լինի մեր առաջնահերթությունը՝ ոչ միայն ԱԳՆ-ի, այլ նաև խորհրդարանի՝ որպես պառլամենտական դիվանագիտության պատասխանատու, և նաև, բնականաբար, մեր ամերիկյան համայնքի»:
Հարցին, թե ինչ կոնկրետ հետևանքների ականատես կլինենք բանաձևի ընդունման պարագայում, նա պատասխանեց. «Սա դառնալու է շատ վատ նախադեպ նմանատիպ փաստաթղթերի ընդունման համար։ Չի բացառվում, որ հետո այս զեկույցները երբ Կոնգրեսը ստանա, դրա հիման վրա պատժամիջոցներ կիրառի: Ինչպես հասկանում եք, թիրախում Հայաստանը և Ռուսաստանն են։ Կարծում եմ՝ այս ուղղությամբ պետք է ակտիվ աշխատենք՝ նաև համագործակցելով ռուսների հետ, որովհետև սրա հետևանքներն անկախատեսելի են և միանշանակ բացասական»:
Հարցի շուրջ ՀՀ պաշտոնական դիրքորոշումը ճշտելու համար կապ հաստատեցինք ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հետ: Նա, սակայն, նշեց, որ թեմային կանդրադառնա ավելի ուշ՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան հետ կապ հաստատելուց հետո:
ՀՀ պառլամենտական դիվանագիտության ներկայացուցիչների հետ կապ հաստատել առհասարակ չստացվեց. ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Լիլիթ Մակունցից պաշտոնական դիրքորոշում ստանալու մեր փորձերը մնացին ապարդյուն:
Թեմայի առնչությամբ փորձեցինք լսել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակետը, սակայն մամլո խոսնակը չարձագանքեց:
Հարցի շուրջ որևէ այլ մեկնաբանություն ստանալու դեպքում 168.am-ը կհրապարակի նաև դա: