Իրանցի ռեժիսորը` Աննա Պանիին. «Դու աշխարհի ամենատաղանդավոր դերասանուհին ես, դու իմ դերասանուհին ես»
Աննա Պանին (Աննա Փանոսյան) սեպտեմբերի 22-ին Իրանից վերադարձավ Հայաստան: Դերասանուհին մեկնել էր Իրան, որտեղ մասնակցում էր իրանական արտադրության «Ռենջերու» ֆիլմի նկարահանման աշխատանքներին: Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Իրանի Բուշեր քաղաքում՝ Պարսից Ծոցի ափին, և տևել են 2 ամիս: Դերասանուհու իրանյան գործունեության մանրամասների, ֆիլմի նկարահանման գործընթացների մասին տեղեկացանք հարցազրույցի ընթացքում:
– Ինչպե՞ս ստացվեց, որ դու մեկնեցիր մասնակցելու իրանական ֆիլմի նկարահանումներին:
– Առաջարկը ստացել եմ Երևանում: Ռեժիսորն ու տեխնիկական խմբի մի քանի անդամներ այստեղ քասթինգ էին անցկացնում: Մասնակցեցի քասթինգին և ընտրվեցի: Այնուհետև մեկնեցի Իրան: Նկարահանումները տեղի էին ունենում իրանական Բուշեր քաղաքում՝ Պարսից Ծոցի ափին: Ամբողջ անձնակազմն իրանցիներ էր: Նկարահանման հրապարակում ես, Տիգրան Խզմալյանն ու մի փոքրիկ երեխա էինք ազգությամբ հայ: Գեղարվեստական ֆիլմ էր, որը նկարահանվում էր ժապավենի վրա: 2013թ. տեղի է ունենալու ֆիլմի պրեմիերան: Հուսամ, այն կդիտենք նաև «Ոսկե ծիրան» միջազգային մրցանակաբաշխության շրջանակներում:
– Ինչպե՞ս էին իրանցի կինեմատոգրաֆիստներն աշխատում: Կա՞ մի բան, որ քեզ հաճելիորեն զարմացրել է:
– Տեխնիկապես շատ հագեցած էր, ամբողջ խումբը շատ պրոֆեսիոնալ էր աշխատում, ամեն մեկն իր աշխատանքն էր անում, և ոչ մեկը մյուսի գործին չէր խառնվում: Ռեժիսորն էլ աշխատում էր թե՛ դերասանների, թե՛ ամբողջ խմբի հետ: Ամեն ինչ շատ ուրախ, հանգիստ ընթացավ: Միակ խանգարող բանը եղանակն էր. Պարսից Ծոցի ափին շատ շոգ էր, բայց դա էլ չխանգարեց, որ լինենք մի կոլեկտիվ, մի բռունցք: Աշխատանքային ոճը հայկականին շատ նման է, բայց, իհարկե, ամեն ռեժիսոր ունի իր աշխատաոճը: Նա շատ հետաքրքիր էր աշխատում: Մի քանի րոպե` և նա կարողանում էր դերասանից ստանալ այն, ինչ ցանկանում էր: Ամեն բան կատարվում էր շատ պրոֆեսիոնալ, կոնկրետ իմ պարագայում՝ ամեն բան շատ հեշտ է ստացվել:
– Ինչպե՞ս ես շփվել նկարահանող խմբի հետ: Լեզվի առումով բարդություններ չե՞ն առաջացել:
– Ի սկզբանե խմբի հետ շփվել եմ անգլերեն: Ֆիլմում ես խոսել եմ պարսկերեն, ռուսերեն: Պարսկերենն ինձ համար փոքր-ինչ բարդ էր, տառեր կային, որ դժվար էի կարողանում արտաբերել: Երբեմն, երբ նոր բառեր, նոր տեքստեր էի ունենում` վարժ խոսելու համար փոքր-ինչ երկար ժամանակ էր պահանջվում ինձանից:
– Սցենարին նախապե՞ս ես ծանոթ եղել:
– Այո, բայց քանի որ ամբողջ սցենարը պարսկերեն լեզվով էր, և ես չէի կարող հասկանալ, ինձ ուղարկեցին միայն իմ հատվածը, այն էլ` անգլերենով, իսկ սյուժեին ես այնտեղ ծանոթացա: Ֆիլմի հիմնական գաղափարն այն էր, որ մարդկային հարաբերությունները վեր են քաղաքականությունից, դավանանքից, լեզվական խնդիրներից:
– Ի՞նչ ես տեսել Իրանում, որ կուզես այստեղ էլ տեսնել:
– Ես չեմ ուզում հայ կինեմատոգրաֆիստների պրոֆեսիոնալիզմը կասկածի ենթարկել: Մենք նույն մակարդակի վրա ենք, բայց այնտեղ ավելի շատ ֆիլմեր են նկարահանվում: Կինոթատրոններում ցուցադրվում են միայն իրենց ֆիլմերը, դրսից ֆիլմեր այնտեղ չեն ցուցադրվում: Դա նշանակում է, որ այնտեղ կինոարտադրությունը զարգացած է, մարդիկ կարողանում են ամսվա մեջ 2-3 անգամ ֆիլմի պրեմիերա ունենալ: Մեզ մոտ միակ խնդիրն այն է, որ ներկայիս մշակութային դադարը շատ արագ անցնի, կարողանանք լցնել մեր ֆիլմերի բացը:
– Ի՞նչ ես կարծում, եթե գեղարվեստական ֆիլմեր շատ արտադրվեն, դերասանը կդադարի՞ սերիալներում խաղալ:
– Եթե շատ ֆիլմեր նկարահանվեն, ապա, ինչպես դրսում, մեզ մոտ էլ կլինի մասնագիտական բաժանում: Կլինեն սերիալների համար դերասաններ, և կլինեն ֆիլմերի և թատրոնների դերասաններ: Միայն այս տարբերությունը կլինի:
– Ֆիլմում գլխաշորով ես նկարահանվել: Ինչպե՞ս էին այլազգի դերասանուհուն իրանցիները ներկայացնում իրենց մշակույթը, ինչպե՞ս էին բացատրում իրենց ավանդույթների նշանակությունը:
– Առաջին հերթին՝ բոլորի մոտ կրոնական խնդիրն է առաջին պլանում: «Մենք մահմեդական ենք, որն ամեն ինչ սահմանափակում է». դա է նրանց պատասխանը: Բայց այնտեղի կանայք ցանկանում են ունենալ ազատություն: Շատ խիստ էր ամեն ինչ: Նրանք հավատում էին, որ եթե գլխաշոր և երկարաթև վերնազգեստ չհագնեն, ապա Աստծո կողմից պատժի կարժանանան: Բոլորը, թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք, ինձ ամեն վայրկյան հիշեցնում էին, որ ես Իրանում եմ գտնվում, ասում էին. «Աննա՛, սա Իրանն է»: Երբ ես փորձում էի հանել գլխաշորը և հանգստանալ, և եթե դուռը բաց էր լինում, անցնում էր մի քանի րոպե, մարդ էր գալիս ու հանգիստ զգուշացնում ՝ սա Իրանն է, և խնդրում էին՝ հագնեմ գլխաշորը: Նույնիսկ տանը, երբ օտար տղամարդ էր գալիս, ինձ ստիպում էին գլխաշոր կրել: Ինձ համար դա տարօրինակ էր: Նրանց մոտ վարսերը տղամարդուն գայթակղելու միջոց է համարվում: Բայց ես գիտեի, որ պետք է լինեմ գլխաշորով: Երբ մեկ-մեկ հոգնում էի, ինձ օգնում էր իմ ռեժիսորը, ով ասում էր.« Դու աշխարհի ամենատաղանդավոր դերասանուհին ես, դու կարող ես, դու իմ դերասանուհին ես», և ես այդ մի քանի բառից ոգևորված` սկսում էի նորից եռանդով աշխատել: Նկարահանման ընթացքում մենք հնարավորություն ունեցանք նկարահանվել Բուշերի ատոմակայանում: Այնտեղ շատ խիստ էր, չկար մուտք ու ելք: Ներս մտնելիս մեզ ամբողջությամբ զննեցին: Ատոմակայանում աշխատում էին Ռուսաստանից, Ուկրաինայից եկած աշխատողները, ունեին նաև Մեծամորից ինժեներներ: Ես կապվեցի նրանց հետ, խոսեցինք: Մի խոսքով, շատ հետաքրքիր է՝ լինել ատոմակայանում, այն էլ` Իրանի:
– Ի՞նչ տպավորություններով ես վերադարձել:
– Ընդամերը 22-23 օրվա մեջ իրենց հետ մտերմություն առաջացավ: Ամբողջ խումբն ինձ ճանապարհեց, ինձ համար միջոցառում կազմակերպեցին, եկան օդանավակայան՝ ճանապարհեցին: Եվ երբ մի քանի օր առաջ ռեժիսորն ինձ գրում է, որ ինձ կարոտել են և ուզում են, որ վերադառնամ, ես ինձ գնահատված եմ զգում: Մենք միայն մեկնումիցս առաջ կարողացանք խոսել մեր երկու ազգերի մշակույթներից: Բայց կարծում եմ, որ հետագայում ամեն բան կշարունակվի: Տարբեր կրոններ ունենալով հանդերձ` շփվում էինք ազատ, մի կողմ դրած մեր կրոնական պատկանելությունները:
– Քո իրանցի կոլեգաները ի՞նչ հարցեր էին քեզ հաճախ տալիս:
– Հիմնականում բոլորին հետաքրքրում էր, թե ես ինչպես եմ վերաբերվում Թեհրանին, Իրանին ու Բուշերին: Իմ առաջին պատասխանն այն էր, որ իրենց մոտ շատ շոգ է: Իսկ մշակութային առումով, նրանց շատ էին հետաքրքրում մեր թատրոնները, քանի՞ թատրոն ունենք, ինչպե՞ս են ընթանում մեր ֆիլմերի նկարահանման աշխատանքները, ինչպե՞ս է աշխատում մեր հեռուստատեսությունը: Նշեմ, որ այնտեղ ես ծանոթացա հեռուստատեսային աշխատանքին, հասկացա իրանական ռադիոյի ուղղվածությունը: Նրանց հետաքրքիր էր, թե մենք ի՞նչ նյութերով, ի՞նչ տեխնիկայով և ինչպե՞ս ենք աշխատում:
– Ի՞նչ էիր թողել այստեղ, հիմա ինչի՞ն ես վերադարձել:
– Ես վերադարձա իմ կյանքին: Մոտ մեկ ամիս ինձ համար ամեն ինչ նոր, հեքիաթային էր: Ես սպունգի նման ցանկանում էի քաշել այդ նոր մշակույթը, կենցաղային պայմանները, խոհանոցը, մասնագիտական գաղտնիքները: Ամեն բան ուզում էի հիշել, վերապրել: Իմ սրտում այդ ամենի համար կա մի փոքրիկ տեղ: Գեղեցիկ տպավորություններով եմ հետ եկել: Հիմա շարունակում եմ նկարահանվել «Եզրագծից այն կողմ» հեռուստասերիալում: Իմ աշխատանքը շարունակելու եմ նոր ուժով, նոր ոգևորությամբ: