Բաժիններ՝

Արցախի ԱԺ խմբակցությունները դատապարտել են հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի գործողությունները

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել, որով դատապարռել են վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի հրահրած մարտական գործողությունները։

«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները խստորեն դատապարտում են վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանի հրահրած մարտական գործողությունները, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի:

Թիրախավորելով հայկական բնակավայրերը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը սեփական ժողովրդին ներքաշում է հերթական արկածախնդրության մեջ, որը հղի է իր իսկ համար աղետալի հետևանքներով:

Հավատարիմ մնալով հրադադարի պահպանման և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը բանակցային եղանակով լուծելու սկզբունքին՝ միաժամանակ, զգուշացնում ենք, որ Հայաստանի ու Արցախի պետական սահմանների հանդեպ ցանկացած ոտնձգություն կստանա համարժեք պատասխան:

Փաստում ենք, որ համավարակի արագ տարածման պայմաններում, երբ ողջ աշխարհը ուժերը միավորել է համաշխարհային ծանր առողջապահական ու տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար, Ադրբեջանի և նրա ռազմական հովանավոր Թուրքիայի նման ագրեսիվ վարքագիծը վտանգավոր է ինչպես Հայաստանի ու Արցախի, այնպես էլ` ողջ տարածաշրջանի համար:

ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ ենք անում վճռականորեն դատապարտել Ադրբեջանի նման պահվածքը և անհրաժեշտ մեխանիզմներ կիրառել իրավիճակի հետագա սրացումը կասեցնելու, տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը անխաթար պահելու համար»:

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն

«Միասնական հայրենիք» խմբակցություն

Արցախի «Արդարություն» խմբակցություն

«Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս