«Շատ զգույշ պետք է լինել՝ ամեն մի անհասկանալի հղումով չփորձել լրացնել գաղտնաբառերը». Սամվել Մարտիրոսյան
Հաքերային հարձակման էր ենթարկվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի (http://www.primeminister.am) պաշտոնական կայքը։
168.am-ի հետ զրույցում մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը պարզաբանեց, թե ինչպես են ադրբեջանցի հաքերները կոտրում այս կամ այն կայքը՝ սովորաբար Ադրբեջանի հաքերներն անհատներին ուղարկում են կեղծ նամակներ, որտեղ տեղեկացնում են, թե նրանց հաշիվն արգելափակվում է, ուստի առաջարկում են հղումով մտնել, լրացնել տվյալները։
«Շատ զգույշ պետք է լինել և ընդհանրապես չփորձել լրացնել գաղտնաբառերն ամեն մի անհասկանալի հղումով։ Հաշիվները կոտրելու հիմնական մեթոդը սա է»,- նշեց Սամվել Մարտիրոսյանը։
Հարցին՝ թշնամուն ՀՀ վարչապետի կայքը կոտրելն ի՞նչ արժեքավոր բան կարող էր տալ, Սամվել Մարտիրոսյանը հակիրճ պատասխանեց. «Արժեքավոր բան կարող էր տալ, եթե նրանք մի քիչ խելք ունենային։ Վարչապետի կայքի հետ կապված՝ չեմ կարող որևէ բան ասել, որովհետև այդ կայքերի պաշտպանությամբ զբաղվում է Ազգային անվտանգության ծառայությունը, ուստի տեղեկատվություն չունեմ, թե ինչպես է հաջողվել կոտրել այն»։
Ինչ վերաբերում է հայկական կողմից ադրբեջանական կայքերի վրա հաքերային հարձակումներին, Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ նման բաներ լինում են, սակայն այս պահին լուրջ ակտիվություն չկա։