Հակահումանիստական համերաշխություն

Երեկ խորհրդարանի դահլիճում բավական հետաքրքիր երկխոսություն ծավալվեց նախկին արտգործնախարար, ներկայումս` ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի միջև:

Նախկին արտգործնախարարը հայտարարեց, որ արդեն չորս տարի է` Հայաստանում գործում է ՌԴ կառավարության կողմից ֆինանսավորվող «Համերկրացիների վերաբնակեցում» ծրագիրը, որի շրջանակներում կազմակերպվում է ՀՀ քաղաքացիների օրինական արտագաղթը Ռուսաստանի Դաշնություն: Ըստ Արզումանյանի ներկայացրած տվյալների, այդ չորս տարիների ընթացքում ծրագրին դիմել է ՀՀ 26 հազար քաղաքացի, և նրանցից 1500-ը մեկնել է ՌԴ: Նրանք օրինականորեն հրաժարվել են ՀՀ քաղաքացիությունից և ընդունել ՌԴ քաղաքացիություն:

Արզումանյանն այս գործընթացը անվանեց «բացահայտ մարդաորսություն»` նշելով, որ անընդունելի է, երբ որևէ երկրի պետական ծառայություն, օտար պետության օրենքների շրջանակներում` ՀՀ սահմաններում կազմակերպում է Հայաստանի քաղաքացիների հավաքագրում:

Ի պատասխան` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը վստահեցրեց, որ այս գործընթացը մտահոգում է նաև կառավարությանը, և իրենք այս հարցը բարձրացրել են իրենց ռուս գործընկերների հետ շփումներում բոլոր մակարդակներում: «Մենք մեր համաձայնությունը չենք տվել, որ ՌԴ համապատասխան ծառայությունը նման գործունեություն ծավալի Հայաստանում»,- հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետը վստահեցրեց, որ ինքն այդ հարցը նույնիսկ բարձրացրել է Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լևիտինի առաջ, երբ վերջինս ՌԴ դեսպանի հետ այցելել է կառավարություն:

Կարդացեք նաև

Մի խոսքով, Տ. Սարգսյանը վստահեցրեց, որ այս հարցում ինքը կիսում է Ալեքսանդր Արզումանյանի մտահոգությունը և հետևողական է լինելու խնդրի լուծման հարցում: Ալեքսանդր Արզումանյանն էլ հայտնեց, որ ինքը բավարարված է վարչապետի պատասխանից, քանի որ վարչապետը նույնպես մտահոգված է խնդրով, և իրենք միանման են մտածում:

Այս երկխոսությունը ցույց տվեց Հայաստանի` որպես պետության, խեղճությունը կամ, ավելի ճիշտ, սուվերենության բացակայությունը: Ռուսաստանը Հայաստանում կազմակերպում է ՀՀ քաղաքացիների օրինական արտագաղթ Ռուսաստանի Դաշնություն, Հայաստանի կառավարությունը դա անթույլատրելի է համարում, ռուս գործընկերներին խնդրում է դադարեցնել արտագաղթը, սակայն ռուսները չեն փակում համապատասխան գրասենյակները և շարունակում են իրենց գործունեությունը: Եթե Հայաստանի կառավարությունը, պետությունը օժտված լիներ բավարար ինքնիշխանությամբ, ապա ոչ թե կխնդրեր ու կհամոզեր ռուս գործընկերներին, այլ համապատասխան ներպետական մեխանիզմներ կիրառելով` կփակեր այդ գրասենյակները, հայտարարելով, որ դրանք վնասում են Հայաստանի ազգային անվտանգությանը:

Լայն իմաստով, ասվածը չի վերաբերում միայն ռուսներին: Յուրաքանչյուր տարի Հայաստանից 1000-1500 մարդ շահում է ԱՄՆ-ում մշտական բնակության իրավունք, «Գրին քարտ» և ոգևորված մեկնում ԱՄՆ մշտական բնակության: Վարչապետ Տիգրան Սարգսյանը դժվար թե Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին զգուշացրած լիներ, որ կառավարության համար ամերիկացիների նման գործելակերպն անթույլատրելի է, և իրենք խնդրում են, որ ԱՄՆ-ը դադարեցնի Հայաստանի քաղաքացիների արտագաղթի խրախուսմանն ուղղված քաղաքականությունը:

ԱՄՆ-ը, Ռուսաստանը և էլի շատ երկրներ Հայաստանը և ոչ միայն Հայաստանը դիտարկում են` որպես իրենց ապրանքների իրացման շուկա, հանքահումքային բազա:

Եթե ԱՄՆ-ին և ՌԴ-ին պետք է Հայաստանի աշխատուժը, մարդկային ռեսուրսները, նրանք անարգել վերցնում են այն, ինչ իրենց անհրաժեշտ է: Իսկ թե ինչ է մտածում այդ մասին Հայաստանի կառավարությունը, անթույլատրելի է համարում, թե մտահոգիչ, այս դեպքում իմաստ չունի քննարկել:

Միակ բանը, որ կարող է անել Հայաստանի կառավարությունը «Համերկրացիների վերաբնակեցում» և «Գրին քարտի» խաղարկություն ծրագրերին ինչ-որ կերպ հակազդելու համար, ՀՀ քաղաքացիների համար Հայաստանում ապրելու և գործունեություն ծավալելու քիչ թե շատ տանելի պայմանների ստեղծումն է: Քանի դեռ այդ պայմանները ստեղծված չեն, «Համերկրացիների վերաբնակեցումն» ու «Գրին քարտի» խաղարկությունը և նման այլ ծրագրերն ուղղակի փրկության հնարավորություն են ՀՀ հազարավոր քաղաքացիների համար, որին խոչընդոտելը հակահումանիստական քայլ կլինի` թե գործող վարչապետի, թե նախկին արտգործնախարարի կողմից:

Տեսանյութեր

Լրահոս