Հնդկաստանը և Չինաստանը կշարունակեն սահմանի վրա խաղաղությունը վերականգնելու շուրջ կոնսուլտացիաները
Հնդկաստանը եւ Չինաստանը կշարունակեն զինվորականների եւ դիվանագետների կոնսուլտացիաները սահմանային շրջաններում լիակատար ու հաստատուն խաղաղության ու հանգստության վերականգնումն ապահովելու համար: Այդ մասին հաղորդել է Հնդկաստանի ԱԳ նախարարությունը: Ավելի վաղ ՉԺՀ-ի ԱԳ նախարարությունը հաղորդել էր, որ սահմանային հարցերի գծով հատուկ ներկայացուցիչների՝ Հնդկաստանի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիթ Դովալիի եւ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հեռախոսազրույցի արդյունքներով կողմերը պայմանավորվել են՝ որքան կարելի է ավելի արագ ավարտել զորքերի հետքաշման գործընթացը կողմերի շփման գծում:
«Նրանք պայմանավորվել են, որ խաղաղության ու հանգստության ամբողջական վերականգնման համար անհրաժեշտ է որքան կարելի է ավելի արագ ապահովել փաստական հսկողության եւ ապաէսկալացման գծի երկայնքով զորքերի դուրսբերումը Հնդկաստանի եւ Չինաստանի սահմանամերձ շրջաններից: Երկու կողմերը նաեւ պետք է ապահովեն փուլային ապաէսկալացումը Հնդկաստանի եւ Չինաստանի սահմանամերձ շրջաններում:
Նրանք վերստին հաստատել են, որ երկու կողմերը պետք է խստորեն հարգեն եւ պահպանեն փաստական հսկողության գիծը եւ միակողմանի ոչ մի գործողություն չպետք է ձեռնարկեն ստատուս-քվոն փոխելու համար եւ աշխատեն միատեղ՝ ապագայում բոլոր միջադեպերից խուսափելու համար»,-ասվում է Հնդկաստանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ՝ ամփոփելով հատուկ ներկայացուցիչների հեռախոսազրույցը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: