«Հունվարի 1-ից առողջապահության բնագավառում գործելու է 100 տոկոս պետպատվերի ծրագիրը». Արցախի նախագահ

Մեր գլխավոր խնդիրը պետք է միշտ լինի բանակը, մեր պաշտպանողականության, մարտունակության աստիճանը: Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ, ներկայացնելով 2020-25 թթ. ծրագիրը, հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում հանդիպումներ է ունեցել Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի հետ, եղել են այցելություններ առաջնագիծ, տարբեր դիրքեր, ներկա է գտնվել զորավարժությունների:

Հիշեցնենք, որ հունիսի 29-ին, ԱՀ Սահմանադրության պահանջներին համապատասխան՝ հրապարակվել է Հանրապետության Նախագահի 2020-2025 թթ. ծրագիրը, որի հիմքում եղել է իր՝ որպես ընտրված նախագահի նախընտրական ծրագիրը և «Ազատ Հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» ու «Միասնական հայրենիք» կուսակցությունների միջև կնքված հուշագիրը:

«Բանակը լինելու է իմ ուշադրության կենտրոնում՝ անկախ զբաղեցրած պաշտոնից, գրաված դիրքից, հնարավորություններից: Եվ մենք բոլորս պետք է գիտակցենք, որ մեր երկրի, մեր ազգի ապագան պայմանավորված է հենց դրանով: Ծրագրված են մի շարք աշխատանքներ, իհարկե, չենք ուզում բարձրաձայնել այդ ամենը, բայց ամեն օր, ամեն ժամ պետք է բարձրացնենք մեր մարտունակության աստիճանը: Եվ ամիսներ հետո, մեկ-երկու տարի հետո այդ ուղղությամբ արձանագրելու ենք լուրջ առաջընթաց: Այն, ինչ վերջին երկու տարիների ընթացքում եղել է բանակի մարտունակության բարձրացման, սոցիալ-կենցաղային պայմանների փոփոխության առումներով, կրելու է շարունակական բնույթ: Այսինքն՝ բանակ, մարտունակություն, պաշտպանողականություն, լինելու է մեր գլխավոր խնդիրը»,- նշել է նա:

Անդրադառնալով տնտեսության զարգացմանը՝ Արցախի նախագահը հիշել է իր վարչապետության ժամանակ տված խոստումը՝ տնտեսության զարգացման համար նվազագույն շեմը պետք է լինի 8%-ը, ինչը նախատեսված է նաև 2020-25 թթ. ծրագրով:

«Ուզում եմ վստահեցնել, որ առաջիկա 5 տարիների համար նախանշված նվազագույն 8% տնտեսական աճը կգերակատարվի: Իմ սպասելիքներն ու ծրագրերն այնպիսին են, որ 2021 թվականին կանխատեսվում է երկնիշ թիվ: 2020 թվականի մասին չէի ցանկանա գնահատական տալ, քանի որ, նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված և մի շարք այլ հանգամանքներից ելնելով՝ կարող է նվազագույն աճ լինի կամ էլ, ընդհանուր առմամբ, աճ չլինի»,- շեշտել է Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ 2021-ին և դրանից հետո տնտեսական աճի բավականին բարձր տեմպեր կլինեն հատկապես գյուղատնտեսության, վերամշակվող արդյունաբերության, էներգետիկ, ծառայությունների ոլորտներում:

ԱՀ նախագահի 2020-2025 թթ. ծրագրով նախատեսվում է նվազագույնը ունենալ 5000 նոր աշխատատեղ:

Արայիկ Հարությունյանը վստահ է՝ արդեն մի քանի ամիսների ընթացքում լուրջ աշխատուժի կարիք կզգացվի շինարարության, գյուղատնտեսության և վերամշակվող արդյունաբերության ոլորտներում:

Ըստ Արցախի ղեկավարի՝ պետք է վերաբնակեցման ու հայրենադարձության քաղաքաղականությունը ճիշտ իրականացնել, որը թույլ է տալու լուծել աշխատուժի խնդիրը:

Անդրադառնալով աշխատավարձերի, թոշակների ու նպաստների բարձրացմանը՝ երկրի ղեկավարը նշել է, որ դրանք կրելու են շարունակական բնույթ, միաժամանակ հիշեցրել, որ այս ոլորտում քաղաքականությունը տարվում է ՀՀ-ի հետ ներդաշնակ:

Արայիկ Հարությունյանը չի անտեսել նաև իր՝ անվճար կրթության հետ կապված խոստումը՝ տեղեկացնելով, որ արդեն տրվել է համապատասխան հանձնարարական:

«Թող ոչ ոք չկասկածի, որ լինելու է նաև կրթության որակի փոփոխություն: Հաստատ եղածից վատ չի լինելու, բայց վստահ եմ, որ ավելի լավ որակի կրթություն ենք ունենալու, քան այսօր, և անվճար: Իսկ քննադատողներին կասեմ՝ այլ ուղղություն փնտրեք»,- ընդգծել է նա՝ խոստանալով 100 տոկոս պետպատվեր նաև առողջապահության ոլորտում:

«Հունվարի 1-ից գործելու է 100 տոկոս պետպատվերի ծրագիրը: Եվ, ինչպես խոստացել ենք, բարձրացվելու է բժիշկների, բուժքույրերի, առհասարակ առողջապահական բնագավառի աշխատողների աշխատավարձերը: Բյուջեի փոփոխության նախագիծն ենք քննարկում, որ առաջին քայլը կատարենք սեպտեմբերի մեկից»,- մանրամասնել է Արցախի նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս