Բաժիններ՝

Հեռուստաընկերությունների եթերազրկման նախադեպը կարող է կրկնվել

«Ազգային օրակարգ» կուսակցության «Կրթություն, գիտություն, մշակույթ» հանձնախմբի նախագահ Նունե Ամիրյանի հետ զրուցել ենք «Տեսալսողական մեդիայի» եւ «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխությունների նախագծի մասին:

Հունիսի 10-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել ԱԺ պատգամավորներ Վահագն Թեւոսյանի, Մխիթար Հայրապետյանի եւ Արման Բաբաջանյանի հեղինակած «Տեսալսողական մեդիայի» եւ «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին, հիմնավորմամբ, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը տեսալսողական մեդիա ոլորտը կարգավորելու համար այլեւս ոչ արդիական նորմատիվ իրավական ակտ է, որը պարունակում է այնպիսի դրույթներ, որոնք չեն համապատասխանում առկա համայնապատկերի բնութագրիչներին: Հունիսի 18-ին ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ նախագիծը ընդունեց: ԵՊՀ Ժուռնալիստիկային ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը, տարբեր լրատվամիջոցներ, լրագրողներ և ԱԺ համապատասխան հանձնաժողովի անդամներ իրենց մտահոգություններն ու դիտարկումներն են հայտնել նախագծի վերաբերյալ:
Թեմայի շուրջ զրուցել ենք «Ազգային օրակարգ» կուսակցության «Կրթություն, գիտություն, մշակույթ» հանձնախմբի նախագահ Նունե Ամիրյանի հետ:

– Տիկին Ամիրյան, իշխող ուժի «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ներկայացրած հերթական նախագիծը հանրային դժգոհության առարկա է դարձել: Ինչո՞ւ:

– Առաջարկվող օրենքում չկա հստակություն, որոշակիություն. չկան չափորոշիչներ: Այն գրված է լղոզված և կարելի է մանիպուլացնել: Նախագծում կան վտանգավոր դրույթներ:

– Օրինակներ կնշե՞ք:

– «Տեսալսողական մեդիայի» մասին օրինագծի 6-րդ հոդվածում նշված է, որ տեղեկատվության լեզուն հայերենն է, կարող են լինել ազգային փոքրամասնությունների համար նախատեսված հաղորդումներ՝ այլ լեզուներով: Սակայն խոսք չկա ժարգոնային, օտարածին, ոչ եթերային հայերենն արգելելու կամ չհեռարձակելու մասին: Չի խրախուսվում գրական հայերենի կիրառումը, այնինչ ՀՀ լեզվի մասին օրենքով, հոդված 1, ՀՀ պետական լեզուն հայերենն է, որը սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները: ՀՀ պաշտոնական լեզուն գրական հայերենն է: Անընդունելի է արգահատալից, արհամարական վերաբերմունքը սեփական լեզվի նկատմամբ, այն էլ՝ եթերով: Վիկտոր Հյուգոն է ասել՝ իր լեզվի նկատմամբ անտարբեր մարդը վայրենի է:

– Դժգոհությունների տեղիք տվեց նաեւ նախագծում ամրագրված`պետական այրերի`տոնական հաղորդագրությունների համար հատկացվող անսահմանափակ ժամանակը: Դա մե՞ծ խնդիր է, կամ առհասարակ խնդի՞ր է:

– Նախագծի 22-րդ հոդվածում նշված է, որ հանրային տեսալսողական մեդիածառայություններում հանրապետության նախագահի, վարչապետի, ազգային ժողովի, կառավարության տոնական հաղորդագրությունների (տեղեկատվության) տեւողությունը չի սահմանափակվում: Այլ խոսքով, օրվա իշխող ուժը կարող է ցանկացած ժամանակ 24 ժամ լինել հանրայինի եթերում՝ նախագահի, վարչապետի կամ էլ խորհրդարանի տարածած պաշտոոնական տեղեկությունների տեսքով: Սա նշանակում է իշխող քաղաքական ուժը ունենում է անսահմանափակ հնարավորություն հարկատուների հաշվին իր քաղաքական օրակարգը քարոզելու, ուղերձներ հղելու, բացարձակ անհամաչափ պայմաններ ունենալով այլ քաղաքական ուժերի համեմատությամբ:

– Նախագծի հեղինակները տարբեր առիթներով թմբկահարում են, որ սույն օրենքի կիրակրմամբ «ատելության խոսքի» սահմանափակումներ են դրվելու: Այս մասին ի՞նչ կասեք:

– Օրինագծի հիմնավորման մեջ հեղինակները պնդում են, որ սահմանվել են տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելքներ` ուղղված տեսալսողական մեդիա ոլորտում ատելության խոսքի վերացմանը, անչափահասների վրա վատ ազդեցություն թողնող տեսալսողական արտադրանքի այնպիսի սահմանափակմանը, որը կբացառի այդ ազդեցությունը, և որ նախագծի ընդունման դեպքում կխրախուսվի լավ արտադրանքը, որակյալ բովանդակությունը: Չկան չափորոշիչներ, որոնցով կարելի է սահմանել առողջ, վատ կամ լավ բովանդակությունը, դա կիրառվելու է սուբյեկտիվ, բնականաբար, գործող իշխանության դիտանկյունից և օգտին: «Վատ» բովանդակության համատեքստում անձի կամ ընկերության նկատմամբ իրականացվելու է խոսքի ազատության սահմանափակում, ինչը Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19-րդ հոդվածի խախտում է: Այն սահմանում է՝ յուրաքանչյուր ոք համոզմունքների ազատության և դրանք անկաշկանդ արտահայտելու իրավունք ունի: Իհարկե, խոսքի և արտահայտման ազատությունը բացարձակ չէ, օրենսդրությամբ խոսքի ազատությունը ենթադրում է նաև որոշակի հատուկ պարտականություններ ու պատասխանատվություն: Իշխող քաղաքական ուժի առաջնորդների կողմից հաճախ օգտագործվում է ոչ եթերային բառամթերք, և պարզ չէ, թե ի՞նչ մոտեցում է կիրառվելու նման դեպքերում: Արդյո՞ք լինելու է գրաքննություն:

– Նախագծի հեղինակները նաեւ հիմնավորում են, որ փորձել են, այսպես ասած, վերահսկողություն սահմանել`եթերը մաքերլու աղբից եւ բացառապես բարձր բովանդակությամբ հեռարկակումների համար ճանապարհ բացել: Ինչպե՞ս է դա գործնականում ապահովվելու:

– Նախագծում չկա հայրենասիրությունը, ազգային արժեքների պահպանումը ու զարգացումը խրախուսող որևէ կարգավորում: Ակնհայտ է, որ իշխանությունը մտադիր է հապճեպ ընդունել նախագիծը, որպեսզի հուլիսի վերջին տեղի ունենալիք հանրային մուլտիպլեքսի սլոթ օգտագործող հեռարձակողների լիցենզիաների մրցույթն անցկացվի նոր օրենքով, և 10 տարի ոչինչ փոխել հնարավոր չլինի, քանի որ լիցենզիան տրամադրվում է 10 տարի ժամկետով: Սա հիշեցնում է 18 տարվա վաղեմության դեպքերը, երբ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքով մրցույթ հայտարարվեց եւ եթերազրկվեց «Ա1+» հեռուստաընկերությունը, որը համառորեն պարտվում էր բոլոր մրցույթներում: Նոր օրենքն ընդունելու դեպքում օրվա իշխանությունը կարողանալու է եթերից հեռացնել իրեն անհաճո հեռուստա եւ ռադիոընկերություններին, որոնք չեն ասել այն, ինչ կուզենար լսել իշխանությունը, դրանով նվազեցնելով կամ բացառելով բազմակարծությունը: Ցավոք, արդեն այսօր նկատելի են նման միտումներ: Տարբեր փորձագիտական մոնիտորինգների արդյունքում արձանագրվել է, որ Հանրային հեռուստաընկերությունը ընդդիմադիր քաղաքական ուժերին եթեր է տրամադրում տասն անգամ պակաս, քան իշխող քաղաքական ուժին: Իշխանությունները հաշվի չեն առել մի հանգամանք, որ որոշ ժամանակ անց գալու է նոր իշխանություն և իրենք կորցնելու են իրենց հնարավորությունները:

– Խորհրդարանական քննարկումների ժամանակ ընթացքում ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն առաջարկեց կեսգիշերին հեռուստատեսությամբ օրհներգի պարտադիր հեռարձակման պահանջը հանել: Այս առաջարկին ինչպե՞ս եք վերաբերվում:

– Քննարկումների ընթացքում ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի «ամենահեղափոխական» առաջարկը՝ կեսգիշերին հեռուստատեսությամբ օրհներգի պարտադիր հեռարձակման պահանջը հանելն է։ ՀՀ Օրհեներգի մասին օրենքի համաձայն, Հոդված 4. ՀՀ օրհներգի օգտագործումը հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից, 1. ՀՀ օրհներգը հեռարձակվում է ՀՀ տարածքում գործող բոլոր հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից` անկախ սեփականության ձևից, ամեն օր` ա) հեռարձակման սկզբին և ավարտին. բ) ժամը 6.00-ին և 24.00-ին` շուրջօրյա հեռարձակման դեպքում: Հիշեցնեմ, որ Ամանորի գիշերին էլ պետական օրհներգը չհնչեց: ՀՀ օրհներգի նկատմամբ խորին հարգանքը յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտքն է: Յուրաքանչյուր պետություն ոչ միայն որոշակի գործողությունների կամ քայլերի համակարգ է, դա նաև սիմվոլիզմ է:

– Ինչպե՞ս եք պատկերացնում հետագա քայլերը:

– Ելնելով վերոնշյալից՝ պահանջում ենք իշխանություններից վերջ տալ արդեն սովորույթ դարձրած գործելաոճը՝ մասնագիտական և փորձագիտական կարծիքներն անտեսելով խնդրահարույց օրինագծերի ընդունումը, այն էլ արտակարգ դրության պայմաններում, երբ հասարակությունը զրկված է բողոքի հանրային միջոցառումներ անելու իր իրավունքից: Պահանջում ենք նաև նախաձեռնել հանրային քննարկումներ նախագիծը լրամշակելու նպատակով՝ իրավաբանների, լրագրողների, մեդիաոլորտի փորձագետների, իրավապաշտպանների մասնակցությամբ:

Մարիամ Ստեփանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս