Մենք ապրում ենք խառը, անցումային և վերափոխման ժամանակաշրջանում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հայտարարությունը.

«Ամեն տարի այս ժամանակ պետությունների առաջնորդները հավաքվում են ՄԱԿ-ի Նյու Յորքում գտնվող կենտրոնակայանում՝ գնահատելու աշխարհում տիրող իրավիճակը: Այս տարի օգտվեցի այս առիթից՝ ահազանգելու որպեսմարդկային ընտանիք մեր բռնած ուղղության մասին:

Մենք ապրում ենք խառն, անցումային և վերափոխման ժամանակաշրջանում: Տարածվում են անապահովությունը, անհավասարությունը և անհանդուրժողությունը: Կառավարությունները մեծ և թանկագին միջոցներ են վատնում մահաբեր զենքերի վրա` միևնույն ժամանակ կրճատելով մարդկային զարգացմանն ուղղված ներդրումները: Իշխանության ղեկին գտնվող չափազանց շատ մարդիկ գիտակցաբար չտեսնելու են տալիս կլիմայի փոփոխության վտանգը: Քաղաքացիները տենչում են աշխատանք ևարժանապատիվ կյանքի հեռանկար, բայց չափազանց հաճախ փոխարենը ստանում են անհամաձայնություններ և ձգձգումներ:

Առաջընթացի որոշ կարևոր քայլեր եղել են: 2000 թվականից ի վեր ծայրահեղ աղքատությունը կրկնակի կրճատվել է:Արաբական աշխարհում, Մյանմարում և այլուր ընթացքի մեջ են դեպի ժողովրդավարություն անցումային փուլերը: Աֆրիկայի տնտեսական աճը դարձել է աշխարհում ամենաարագը: Ասիան և Հարավային Ամերիկան կարևոր ձեռքբերումներ են արձանագրում:

Այնուամենայնիվ, մենք պետք է բարձրացնենք մեր հավակնությունների մակարդակը: Աղքատությունը և անհավասարությունը շարունակում են մոլեգնել: Էկոհամակարգերը հասնում են օրհասական վիճակի: Աշխարհի լավագույն փորձնանվիճելի է. մենք պետք է փոխենք ուղղությունը: Ահա թե ինչու աշխարհի առաջնորդներին կոչ եմ արել խթանել կայուն էներգետիկային, կրթությանը, սնուցմանը և կանանց ու երեխաների առողջությանն ուղղված նախաձեռնությունները: Տնտեսական ճգնաժամը պատրվակ չի կարող լինել հրաժարվելու այն հանձառություններից, որոնք վերաբերում են բոլոր մարդկանց անհրաժեշտ հիմնական կենսապայմանների ապահովմանը:

Տարածաշրջանային լարվածությունները ևս խորապես անհանգստացնող են: «Սահելի» ճգնաժամը չի արժանանում բավարար ուշադրության և աջակցության: Աղքատությունը, խոցելիությունը, երաշտը, ծայրահեղականությունը և մոլեռանդությունը ահռելի փորձությունների պատճառ են դառնում. զենք ձեռք բերելը դյուրին է, աշխատանք գտնելը՝ դժվար: Միջազգային հանրությունը պետք է համաձայնեցված մեծ ջանքեր գործադրի` հաղթահարելու այս տագնապալի իրավիճակը: Ճգնաժամը նաև ընդգծում է պարենային անվտանգության, սննդային տոկունության և սոցիալական ապահովության ցանցերն ուժեղացնելու կարիքը՝ հակազդելու համար գնային հաճախակի ցնցումներին, որոնք դարձել են նորմա: Ճիշտ ինչպես սենսորները և սեյսմոգրաֆները մեզ օգնում են նախապատրաստվել բնական աղետներին, նույնկերպ մենք պետք է անենք ավելին` բացահայտելու այն ծայրահեղ կարիքների ազդակները, որոնց բախվում են ամենաաղքատ և խոցելի մարդիկ:

Իրավիճակը Սիրիայում վատթարանում է օր օրի և դարձել է տարածաշրջանային աղետ՝ համաշխարհային բարդություններով: Մենք պետք է դադարեցնենք բռնությունը և զենքերի հոսքը երկու կողմերին և հնարավորինս շուտ ապահովենք Սիրիայի կողմից առաջնորդվող  անցումային մի շրջան: Շարունակվում են մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումները հիմնականում կառավարության, բայց նաև՝ ընդդիմադիր խմբերի կողմից: Մեր պարտականությունն է վերջ դնել միջազգային հանցագործությունների անպատժելիությանը, Սիրիայում և այլուր, ու շոշափելի նշանակություն տալ պաշտպանելու պարտավորությանը:

Քանի որ փոփոխության քամիները արաբական աշխարհում և այլուր շարունակվում են, մենք պետք է հաղթահարենք պաղեստինցիների և իսրայելցիների միջև վտանգավոր փակուղին: Երկու պետությամբ լուծումը միակ կայուն տարբերակն է, թեպետ դրա հնարավորությունն էլ կարող է չլինել: Ես նաև դեմ եմ ինչպես ապալեգիտիմացման հռետորաբանությանը, այնպես էլ մի պետության կողմից մյուսի հանդեպ հնարավոր ռազմական գործողության սպառնալիքներին: Ցանկացած նման հարձակում կործանարար կլինի: Վերջին շաբաթների պատերազմի մասին աղաղակող խոսակցությունները անհանգստացնող են և պետք է մեզ հիշեցնեն խաղաղ լուծումների ու ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նկատմամբ լիակատար հարգանքի անհրաժեշտության մասին: Առաջնորդները պարտավոր են իրենց ձայնն օգտագործել լարվածությունը թուլացնելու համար` մթնոլորտը ավելի շիկացնելու և իրավիճակի փխրունությունը մեծացնելու փոխարեն:

Այս ամենն ավելի կարևոր է անհանդուրժողությամբ պայմանավորված մեծացած լարվածության պայմաններում: Վերջին շաբաթների ընթացքում ամոթալի մեծ անտարբերությունը հանգեցրել է արդարացված օրինախախտումների և չարդարացված բռնության: Խոսքի և հավաքների ազատությունները հիմնարար են, բայց այդ ազատություններից և ոչ մեկը բռնություն հրահրելու կամ իրականացնելու արտոնագիր չէ: Եկել է ժամը, որ պատասխանատու քաղաքական և համայնքային առաջնորդները գործի անցնեն: Չափավոր մեծամասնությունը չպիտի լինի լուռ մեծամասնություն:

Այսքան վտանգների պայմաններում ՄԱԿ-ը պետք է համընթաց քայլի իր գործողությունների բազմազանության հետ, որը ներառում է խաղաղությունը, զարգացումը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, աշխարհի կանանց և երիտասարդների իրավունքների և հնարավորությունների ընդլայնումը: Մարդիկ ՄԱԿ-ին չեն վերաբերվում ինչպես սոսկ մի հայելու, որ արտացոլում է բաժանված աշխարհը: Մենք պետք է հանդես գանք իբրև առաջնորդ, հույս և լուծումներ ապահովենք այն խնդիրներին, որ անհանգստացնում են մարդկանց օրվա ընթացքում և արթուն պահում գիշերները: Ոչ մի առաջնորդ, պետություն կամ հաստատություն չի կարող միայնակ ամեն ինչ անել: Բայց մեզնից յուրաքանչյուրը իր ձևով կարող է որևէ բան անել: Մենք պետք է մարդկանց մղենք առաջին պլան, ուղղենք մեր մեջքը և միջազգային համագործակցությունը բարձրացնենք հաջորդ մակարդակին: Ժամանակը մեր օգտին չէ, բայց միասին, որպես գործընկերներ, մենք կարող ենք դիմակայել այսօրվա փորձություններին և օգտվել կտրուկ փոփոխությունների ժամանակաշրջանի հնարավորություններից»:

 

Տեսանյութեր

Լրահոս