Կորոնավիրուսային համաճարակի պայմաններում ինչպես են աշխատել թատրոնները. Ի՞նչ է ակնարկել ԿԳՄՍ փոխնախարարը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը երեկ իր հարցազրույցներից մեկում անդրադարձել է արտակարգ դրության պայմաններում ստեղծագործական խմբերի գործունեությանը։ Փոխնախարարը նշել է, որ ճգնաժամը հստակ ցույց է տվել ստեղծագործական խմբերի պոտենցիալը, ստեղծարար ներուժը:
«Ճգնաժամը հստակ ցույց տվեց, թե որ խմբերն են մշակույթի ոլորտի առաջամարտիկները, նախաձեռնող, ստեղծագործ խմբերը, և թե որ խմբերն են պասիվ, կենսաթոշակառուի, նպաստ ստացողի հոգեբանությամբ առաջնորդվող, որոնք նստեցին տանը և որևէ կերպ ակտիվություն չցուցաբերեցին, որևէ կերպ թվային տիրույթում չդիրքավորվեցին, գուցե և առանձնապես ցույց տալու բան չունեի՞ն: Ուզում եմ նաև այս հարթակը օգտագործելով՝ ասել, որ բոլոր այդ դրսևորումները հաշվի են առնվելու, վերլուծվելու են, և այսուհետ պետական հոգածության կենտրոնում են լինելու ակտիվ ստեղծագործական խմբերը, և համապատասխան միջոցառումներ, հնարավոր է՝ նախաձեռնվեն այն կազմակերպությունների հանդեպ, որոնք ըստ էության դադարեցրին իրենց գործունեությունը»,- ասել էր փոխնախարարը։
168.am-ի հետ զրույցում Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանն անդրադառնալով ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի այս գնահատականներին՝ նախ նկատեց, որ Դրամատիկական թատրոնը գործում է Երևանի քաղաքապետարանի հովանու ներքո, հետևաբար՝ նման արձագանք իրենք չեն ստացել։
«Ֆինանսների նախարարությունը թատրոնին հատկացված միջոցները փոխանցում է քաղաքապետարանին, քաղաքապետարանն էլ փոխանցում է թատրոնին։ Առայժմ որևէ խոչընդոտ չի եղել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Խանդիկյանը։
Ինչ վերաբերում է ստեղծագործական առօրյային, մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրությունից օրեր անց թատրոնը սկսել է 5 կամ 7 օր ընդմիջումներով օնլայն ներկայացումներ ցուցադրել։ Մինչև օրս թատրոնը ներկայացրել է 20-ից ավելի ներկայացում։
Օնլայն ցուցադրվող ներկայացումները ներառված չեն թատրոնի այսօրվա խաղացանկում, դրանք ներկայացվում են արխիվից՝ «Ավտոբուս», «Հիսուս Նազովրեցի», «Սեր և ծիծաղ», «Ռոմեո և Ջուլիետ», «Կատակերգություն» և այլն։
«Պետք է նկատի ունենանք, թե ինչ ասել է՝ «օնլայն ներկայացում», ըստ էության դա նրա համար է, որպեսզի հանդիսատեսը չմոռանա թատրոնը։ Այսինքն՝ հանդիսատեսին գոնե այսպես պետք է տրամադրենք, որ չմոռանա թատրոնը։ Մենք մեր խաղացանկային այսօրվա ներկայացումներից որևէ մեկն օնլայն չենք ցուցադրելու, որովհետև, եթե վաղը սկսենք խաղացանկը ներկայացնել արդեն բեմում, հանդիսատեսն այդ ներկայացումը դիտած կլինի, և մենք տոմսի վաճառք չենք ունենա։ Կարծում եմ՝ մեր հանդիսատեսի համար արխիվից ներկայացումներն ավելի հետաքրքիր են, քանի որ կան ներկայացումներ, որտեղ հանդես են գալիս լուսահոգի Վլադիմիր Մսրյանը, Լևոն Թուխիկյանը, Էմմա Վարդանյանը, Կիմ Երիցյանը և այլք, սա ավելի հետաքրքիր է, որպեսզի մեր երիտասարդներն իմանան, թե անցյալում ինչ արտիստներ ենք ունեցել»,- հավելեց դրամատիկական թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավարը։
Միևնույն ժամանակ Արմեն Խանդիկյանը տեղեկացրեց, որ թատրոնի ներսում այսօր էլ նոր ներկայացումների փոքր փորձեր են ընթանում։
«Մենք ունենք նաև տեխնիկական բազմաթիվ հարցեր, որոնք այժմ լուծում ենք՝ ամբողջ դահլիճի վերանորոգում, օդափոխության, լույսի, ձայների հետ կապված հարցերն արդեն լուծել ենք, այժմ սկսել ենք ճեմասրահների վերանորոգումը։ Սա էլ է գործ, որը պետք է արվեր, արդեն 20 տարի չէր արվում՝ հիմա ենք անում։ Շուտով մենք սկսելու ենք նաև այն ներկայացումների բեմական փորձերը, որտեղ ընդգրկված են քիչ թվով՝ 7, 6, 4 կամ 3 արտիստներ, որպեսզի պահպանենք խաղացանկը»,- եզրափակեց Արմեն Խանդիկյանը։
Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Հռիփսիմե Առաքելյանի խոսքով՝ արտակարգ դրության ամբողջ ընթացքում երաժշտական թատրոնն ամենաակտիվ թատրոնն է եղել, որի մասին բարձրաձայնել է նաև մամուլը։
«Նույն այդ փոխնախարարը Կառավարության մամուլի կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին խոսել է, թե ճգնաժամային փուլում մենք ինչպես ենք կազմակերպել մեր աշխատանքը։ Հասկանում եք, չէ՞, իրենք հակաճգնաժամային որևէ ծրագիր չեն ունեցել, որևէ մեկին ոչինչ չեն տրամադրել։ Մեր ինքնակազմակերպման և արագ կողմնորոշվելու արդյունքում, շատ արագ, ինչպես սովորական ժամանակներում էինք մեր ֆեյսբուքյան էջն ակտիվ պահում, այնպես էլ, նույն կերպ, կարելի է ասել՝ ամբողջ թատրոնը տեղափոխեցինք օնլայն հարթակ։ Այսքանից հետո Արա Խզմալյանն իր հարցազրույցում 5-6 մշակութային օջախ է ներկայացնում և ասում է, թե հասկացել են, որ մյուս թատրոնները կենսաթոշակառուի հոգեբանությամբ են աշխատում և պասիվ են։ Սա նշանակում է՝ թքել գործընկերների երեսին, այն դեպքում, երբ բոլորը, մեկը՝ ավելի, մեկը՝ պակաս, փորձել են օնլայն հարթակում ինչ-որ բան անել։ Որևէ մեկն այս ամենին պատրաստ չի եղել, ի վերջո, թատրոններում մարդիկ ներկայացումների տեսագրված տարբերակներ քիչ ունեն, այս ամենը ծախս է, իսկ իրենք ո՞ւմ են այսքան ժամանակ փող տվել, որ կարողանայինք արխիվացնել մեր ներկայացումները»,- նշեց Հ. Առաքելյանը։
Ըստ նրա, նախարարությունը հող է նախապատրաստում, որպեսզի հետագայում մատնացույց անելով մարդկանց՝ ասեն, թե նրանք լավ են աշխատել, իսկ մյուսները՝ «կենսաթոշակառուների հոգեբանությամբ» մարդիկ, վատ են աշխատել, այսինքն՝ Ֆեյսբուքում շատ թրև չեն եկել։ Հետևաբար՝ 2021 թվականի բյուջեն կազմելու կամ հատկացումներ անելու ժամանակ վերջին խմբին պատկանող մարդկանց գումարները կկրճատեն։
«Կարծում եմ՝ այս քայլերը սրան են միտված, Արա Խզմալյանը պահել է այն մարդկանց, որոնց հետ ունի անձնական հարաբերություներ, այստեղ մեծ գործոն է հանդիսացել անձնական հարաբերությունները։ Ամբողջ մշակութային դաշտը շատ լավ գիտի, թե Արա Խզմալյանն ինչ մարդկանց հետ ունի անձնական, մտերմիկ հարաբերություններ։ Լավ է, որ նման հարաբերություններ ունի, բայց չի կարելի այսպես տարանջատել՝ նաև թիրախավորելով այդ մարդկանց։ Երևի կհիշեք, երկու տարի առաջ նման նախագիծ կար՝ մի քանի թատրոններ միավորելու հետ կապված, այս նախագիծն իրականացնում էր Մշակույթի նախկին փոխնախարար Նազենի Ղարիբյանը։ Հիմա Խզմալյանը փրկում է այն թատրոններին, որտեղից շատ ձայն է լսվում»,- շեշտեց Հռիփսիմե Առաքելյանը։
Նա նաև ընդգծեց, որ թատերաշխարհում կան բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես՝ ՊՈԱԿ-ի մասին օրենքը սահմանափակում է իրենց աշխատանքային գործառույթները։
«Կան խնդիրներ, բայց այս ձևո՞վ պետք է լուծեն, այ մարդ, գոնե մշակութային քաղաքականություն մշակեն, ազնիվ լինեն, նորմալ աշխատանքը կազմակերպեն։ Կամ մարդկանց ասում են՝ կենսաթոշակառու եք, ու գնում հանգիստ նստում են, բայց այդ մարդիկ աշխատել են, ինչպե՞ս կարելի է մարդկանց այդ կերպ վերաբերվել»,- ընդգծեց Հռիփսիմե Առաքելյանը։
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանի համար անհասկանալի է, թե ԿԳՄՍ նախարարությունում ինչպես են թատրոնների ակտիվությունն ու պասիվությունը որոշում։
«Ես չգիտեմ՝ այդ չափորոշիչները որտեղի՞ց են վերցրել, դրա համար դատել չեմ կարող։ Ինչ վերաբերում է մեր թատրոնին, ապա համավարակի ընթացքում ցուցադրել ենք օնլայն բազմաթիվ ներկայացումներ, որը դիտել են հարյուր-հազարավոր մարդիկ։ Ես հենց այդ հարցազրույցը տեսա, ինձ համար պարզ չէր, թե ովքեր են որոշել թատրոնի պասիվությունը։ Ես չգիտեմ՝ մյուսներն ինչ են արել, բայց ես շատ լավ գիտեմ, թե այս ընթացքում ինչ եմ արել»,- եզրափակեց Կարո Շահբազյանը։