Ի՞նչ դիրքորոշում կարտահայտի Վահե Գրիգորյանը, երբ քննվի  Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից նշանակված դատավորներին պաշտոնանկ անելու հարցը

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի համոզմամբ՝ Սահմանադրության այն փոփոխությունները, որոնք մեկ օրվա ընթացքում կատարեց Ազգային ժողովը, լուծում են Սահմանադրական դատարանում, իր բնորոշմամբ, առկա ճգնաժամը։

«Ես համարում եմ, որ այս փոփոխությունը Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծում է, և միանշանակ ողջունում եմ ԱԺ-ի այս քայլը»,- այսօր  լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանը՝ կատարված փոփոխությունը համարելով համարձակ և պատմական։

Ըստ Գրիգորյանի՝ առաջին անգամ Ազգային ժողովը, հանդես գալով Սահմանադրի անունից,  Սահմանադրության մեջ փոփոխություն կատարեց և այդ փոփոխությունը նվիրեց հենց բարձրագույն ատյանին՝ Սահմանադրական դատարանին՝ ընդգծելով Սահմանադրական դատարանի կարևորությունը Հայաստանի պետական իշխանության մարմինների համակարգում, և այն դիտեց՝ որպես առաջնային ճգնաժամ, որը ենթակա է լուծման։

Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության 26 պատգամավորի ստորագրությամբ ՍԴ ներկայացված դիմումին, որով ընդդիմադիր խմբակցությունը  վիճարկում է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ որոշումը, Վահե  Գրիգորյանն ասաց.

«Դուք իմ կարծիքը կիմանաք, երբ որ դիմումի ընթացակարգի որևէ փուլում ես մասնակից կլինեմ գործին: Եթե նման դիմում կա, նշանակում է, որ ընթացակարգ է լինելու, և դատավորներն իրենց  դիրքորոշումը պետք է արտահայտեն դատական ակտերում»:

Ուշագրավ է, որ Վահե Գրիգորյանը, որը համարվում է իշխանության սրտի դատավորը  և ՍԴ-ում քաղաքական մեծամանության նվիրյալ, չպնդեց, թե 26 պատգամավորով հնարավոր չէ դիմում ներկայացնել ՍԴ. մի բան, ինչ երեկվանից անում են և՛ «Լուսավոր Հայաստանի», և՛ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները։

Թե ինչ դիրքորոշում կհայտնի Վահե Գրիգորյանը դատարանում, երբ դատարանը դիմումը վարույթ ընդունի և քննի Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից նշանակված դատավորներին պաշտոնանկ անելու մասին հարցը, կերևա ավելի ուշ։

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին ԱԺ-ի ընդունված սահմանադրական փոփոխությունները տարածվում են ՍԴ 9 դատավորներից 3-ի վրա, որոնցից  Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանը նշանակվել են այն ժամանակ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից։

Նկատենք, որ Վահե Գրիգորյանը 2008 թվականին Սահմանադրական դատարանում հանդես էր գալիս՝  որպես  նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ,   իսկ 2017-ի խորհրդարանական ընտրություններում՝  Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչ։

Հետաքրքիր է որ Վահե Գրիգորյանն այսօր ոչ միայն չպաշտպանեց իշխանականների այն պնդումներ, թե ԲՀԿ-ն 26 պատգամավորով չի կարող դիմել ՍԴ, այլ չպնդեց իր երդմնակալության օրն արած այն հայտարարությունը, թե Սահմանադրական դատարան է մտնում՝ որպես ՍԴ նախագահ։

«Չունեմ ՍԴ նախագահ դառնալու ցանկություն»,- ասաց նա՝ չբացահայտելով նախկինում ունեցած ցանկությունից հրաժարվելու պատճառները։

Վահե Գրիգորյանից լրագրողները հետաքրքրվեցին նաև՝ իսկ արդա՞ր է, որ չի աշխատում, բայց ստանում է աշխատավարձ։

«Ես չեմ աշխատել ոչ իմ մեղքով, աշխատավարձը իմ ապրուստի միակ միջոցն է, եթե ես աշխատավարձ չստանամ, ապա դուք՝ որպես ՀՀ քաղաքացի, ձեզ որքանո՞վ ապահով կզգաք, թե այս դատավորը ինչով է ապրում»,- չաշխատելով՝ աշխատավարձ ստանալու իր հիմնավորումը ներկայացրեց ՍԴ դատավորը։

Ի դեպ՝ ինչով ապրելու մասին. 2019 թվականին, երբ Գրիգորյանն ընտրվել է ՍԴ անդամ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր հայտարարագրում հայտարարագրել է 6.7 մլն դրամ փոխառություն, նրա դրամական միջոցները կազմել են 3,780,000.00 դրամ, իսկ եկամուտները՝ 2,750,000.00 դրամ:

Տեսանյութեր

Լրահոս