«Վահե Գրիգորյանն իրավաբանական կրթություն ունի, բայց իրավաբան չէ. նա քաղաքական գործիչ է և հլու-հնազանդ ենթարկվում է բռնապետական հակումներ ունեցող ղեկավարին». Ավետիք Իշխանյան

«Ես այսօր տեղեկություն ստացա, որ լինելու է խաղաղ ակցիա՝ ի պաշտպանություն Սահմանադրական դատարանի (ՍԴ), և դրա համար եկա այստեղ: Ռուսերեն հայտնի արտահայտություն կա՝ «против лома нет приема»: Այն, ինչ կատարվեց ՍԴ-ի հետ Հայաստանում, հենց դրա մասին էր խոսում: Բիրտ ուժը հաղթեց իրավական մտքին»,- այսօր Սահմանադրական դատարանի մոտ լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Նրա խոսքով, ցավոք սրտի, այդ քաղաքական բիրտ ուժի դեմ պայքարի դուրս եկան ոչ թե քաղաքական ուժերը, այլ իրավաբանները՝ որոշ դատավորներ, ՍԴ անդամներ և փաստաբաններ:

«Եվ փոխանակ այդ ամեն ինչի թիկունքում՝ որպես իրավական պետության կառուցման ճանապարհին, կանգնեին այն քաղաքական ուժերը, որոնք հռչակել էին ժողովրդավարություն, լիբերալիզմ, իրավական պետություն, իրավաբաններին թողեցին անպաշտպան»,- ասաց Ավետիք Իշխանյանը:

Ըստ իրավապաշտպանի՝ ՍԴ անդամները, իրավաբանները միայն օրենքներով ու իրավունքով պայքարելով բացարձակ մեծամասնություն ունեցող, 1 հոգու հլու-հնազանդ ենթարկվող քաղաքական ուժի դեմ, որին են ենթարկվում բոլոր ուժային կառույցները, քննչական մարմիններն ու Ազգային անվտանգության ծառայությունը, ոչինչ չէին կարող անել:

«Նրանք պայքարեցին այնքան, որքան կարող էին՝ առանց քաղաքական ուժերի և հասարակության լուրջ աջակցության: Մենք գնում ենք դեպի պետական կառույցների կործանմանը, որը բերելու է պետության կործանմանը: Ես շատ վատատես եմ»,- նշեց իրավապաշտպանը:

Խոսելով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մասին, ով տարուց ավելի առանց իր անմիջական աշխատանքային պարտականությունները կատարելու՝ ստանում է աշխատավարձ և օգտվում այլ բոնուսներից, Ավետիք Իշխանյանն ասաց, որ չի մեկնաբանում նրա որևէ ասած, որովհետև Վահե Գրիգորյանն իրավաբանական կրթություն ունի, բայց իրավաբան չէ:

«Նա քաղաքական գործիչ է և հլու-հնազանդ ենթարկվում է բռնապետական հակումներ ունեցող ղեկավարին, և Վահե Գրիգորյանի ասածները որևէ հիմք չպետք է ծառայեն: Չեմ ուզում համեմատություն անել, որովհետև մասշտաբները շատ տարբեր են, բայց փայլուն, բարձր մակարդակի իրավաբան կար Խորհրդային Միությունում՝ Վիշինսկի… Առանց մեկնաբանության»,- նկատեց իրավապաշտպանը:

Անդրադառնալով Հրայր Թովմասյանին՝ Ավետիք Իշխանյանն ասաց, որ նա իր գործունեությունը սկսեց քաղաքացիական հասարակությունից, հետո անցավ քաղաքականություն, ապա՝ իրավաբանություն, և վերջին նրա գործունեությունը ցույց տվեց, որ նա քաղաքականությունից հեռացել է:

«Այդպիսի դեպքեր էլ են լինում»,- եզրափակեց Ավետիք Իշխանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս