«Իմ գործառույթներից բխող որևէ քայլ չկա, եթե որևէ դատավոր չի աշխատում». Ռուստամ Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ Սահմանադրության փոփոխության նոր նախագիծը, որն ուժի մեջ կմտնի վաղը, ու որով դադարեցվելու է ՍԴ այն դատավորների պաշտոնավարումը, որոնք 12 տարուց ավելի են պաշտոնավարել, վերաբերում է նաև ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանին, որը ևս ՍԴ-ում պաշտոնավարել է 12 տարուց ավելի, սակայն ընդմիջումով:

«Սահմանադրության տեքստի ցանկացած եղանակով փոփոխության մեկնաբանումը, որ այսօր հրապարակվել է, բերում է միանշանակ մեկ եզրահանգման, որ տարածվում է, որովհետև այնտեղ նշված է՝«թե՛ անդամի, թե՛ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ 12 տարի պաշտոնավարած անձանց», և շարունակում է միտքը»,- ԲԴԽ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ռուստամ Բադասյանը:

Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ այդ նախագծում ոչինչ չկա այն մարդու մասին, ով մեկ տարի է՝ չի աշխատում՝ նկատի ունենալով Վահե Գրիգորյանին, և արդյո՞ք նախարարին դա չի մտահոգում,  Ռուստամ Բադասյանը պատասխանեց.

«Իսկ ի՞նչ կապ ունի մեկ տարի աշխատել-չաշխատել՝ թեկուզ Ձեր որակմամբ, Սահմանադրության փոփոխությունների հետ: Դուք ի՞նչ նկատի ունեք՝ աշխատել-չաշխատել: Եթե որևէ մեկը որևէ տեղ պաշտոնատար անձ է և չի աշխատում, ինձ մտահոգում է և պետք է մտահոգի բոլոր քաղաքացիներին։ Իմ գործառույթներից բխող որևէ քայլ չկա, եթե որևէ դատավոր չի աշխատում»:

Անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի 82-րդ կետին, որտեղ նշված է, թե «Վենետիկի հանձնաժողովն ափսոսանք է հայտնում, որ Հայաստանի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագիծը ներկայացվում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքի հրապարակման օրը, և ՀՀ ԱԺ նախագիծը չի համապատասխանում հանձնաժողովի կարծիքում եղած առաջարկներին»՝ Ռուստամ Բադասյանը նշեց, որ այդ հարցի մասին ԱԺ-ում շատ մանրամասն խոսել է, ու հավելեց, թե  Սահմանադրական փոփոխությունների նախագիծը շրջանառության մեջ դրվել է պատգամավորների կողմից:

«Ինչ վերաբերում է որոշակի շրջանակների, այսպես կոչված, ճնշման խղճուկ փորձերին, ապա այդ անձինք, կարծում եմ, իրենց կատարած  հանցագործությունները ժամանակ առ ժամանակ դեռ կբացահայտվեն, կքննվեն արդար դատաքննության շրջանակներում: Ինձ թվում է՝ հասարակությանը բավական պարզ է, թե ում նկատի ունեմ»,- ասաց արդարադատության նախարարը:

Դիտարկմանը, թե հասարակության որոշակի հատված Սահմանադրական փոփոխությունը բնորոշում է՝ որպես Սահմանադրական կարգի տապալում, Բադասյանն արձագանքեց.

«Որևէ Սահմանադրական կարգի տապալման մասին խոսք լինել չի կարող, որևէ այլ հանցագործության մասին… Ես ցավում եմ, որ որևէ մեկը ժողովրդի իշխանության իրականացումը և այդ իրականացումը նաև ԱԺ միջոցով կարող է դիտել՝ որպես հանցագործություն»:

Արդարադատության նախարարի խոսքով՝ վաղվանից, երբ ուժի մեջ կմտնեն Սահմանադրական փոփոխությունները, դրան չենթարկվելու ձև չի լինի, ցանկացած մարդ պարտավոր է դրան ենթարկվել:

Լրագրողների մի քանի հարցի Բադասյանը հարցով պատասխանեց:

Այն հարցին, թե նախարարի համար ժողովրդավարության ոգուն համահո՞ւնչ է, երբ ՍԴ-ում բարձր պաշտոն զբաղեցնող 3 անձ քաղաքական մեծամասնության որոշմամբ 1 օրում զրկվում են աշխատանքից, իսկ ՍԴ նախագահն էլ՝ իր պաշտոնից, արձագանքեց.

«Որևէ մեկի համար մեր հասարակությունում նորմա՞լ է, որ ունենանք ՍԴ, որի մոդելն այն է, որ 12 տարով են դատավորները պաշտոնավարում, և այդ ՍԴ ներսում իրավիճակ ունենք, որ 7 դատավոր պաշտոնավարում է ցմահ, իսկ նոր նշանակված դեռ երկու դատավոր և ապագայում նշանակվող դատավորները՝ 12 տարի: Էստեղ շատ կարևոր է ֆիքսել, որ չի կարող դատական մի մարմնում լինեն երկու տարբեր կարգավիճակներ ունեցող անձինք, այդ թվում՝ պաշտոնավարման ժամկետի մասով: Եվ ամբողջ փոփոխությունների ոգին, իմաստը էդ մոդելի կյանքի կոչումն է»:

Մեկ այլ հարցի, թե ի՞նչ խնդրի համար կարող էր Հրայր Թովմասյանն օրեր առաջ ասել, որ ամոթի զգացում է ունեցել ԱԺ-ում Սահմանադրության փոփոխության վերաբերյալ տեղի ունեցածի համար, նախարարն արձագանքեց հետևյալ կերպ.

«Ես կարող եմ ասել՝ ինձ մոտ ինչն է ամոթ առաջացնում: Ինձ մոտ ամոթ ա առաջացնում, որ հնարավոր է կյանքի կոչել մի մոդել, ամրագրել այդ մոդելը, այնուհետև ընդամենը մի քանի օր առաջ նախորդ Սահմանադրության խմբագրությամբ ընտրվել ՍԴ նախագահ, որպեսզի պաշտոնավարել այդ պաշտոնում ցմահ: Դա իրոք ամոթ է:

Ինչպես նաև ամոթ է քաղաքական իրենց առաջնորդի կատարվածը, երբ որ ի լուր ամբողջ աշխարհին և մեր ժողովրդին ստեց, որ Սահմանադրությունը չի փոխվում իր, այսպես ասած, վերարտադրության համար, և հետո կատարվեց այն, ինչ կատարվեց»:

Տեսանյութեր

Լրահոս