Այս ահավոր սոցիալական իրավիճակում իշխանությունը քննարկում է քաղաքացիների համար գույքահարկի բեռը ավելացնելու դրույթները. Արման Աբովյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ-ում քննարկվող՝ գույքահարկի բարձրացման նախագծին: Նա մասնավորապես նշել է, որ անպայման պետք է կասեցվեն բոլոր այն օրենքները և կարգավորումները, որոնք փաստացի կարող են հանդիսանալ միջին կարգի գույքի հարկի թանկացման պատճառ` այս ծանր սոցիալական իրավիճակում: Գրառումը՝ ստորև.
«Չէ, ես արդեն հրաժարվում եմ հասկանալ, թե ի՞նչ տրամաբանությամբ է առաջնորդվում իշխանությունը, երբ այս ահավոր սոցիալական իրավիճակի ժամանակ քննարկում է գույքահարկի բեռը քաղաքացիների մոտ ավելացնելու դրույթները։
Հա, չմոռանամ ասել, որ հենց ի սկզբանե մենք դեմ էինք գույքահարկի համատարած բարձրացմանը և բազմաթիվ անգամներ առաջարկել ենք, որ օրինակ բարձրացնեն թանկարժեք գույքի գույքահարկը, իսկ միջին և ցածր կարգի գույքին ձեռք չտան։
Ի վերջո թանկացրեք դղյակների, շքեղ առանձնատների, կամ էլիտար բնակարանների գույքահարկը, բայց հասարակ քաղաքացիներին ձեռք մի՛ տվեք…
Մարդ արդեն հոգնում է այս համատարած աբսուրդից։
Հ.Գ. Անպայման պետք է կասեցվեն բոլոր այն օրենքները և կարգավորումները, որոնք փաստացի կարող են հանդիսանալ միջին կարգի գույքի հարկի թանկացման պատճա այս ծանր սոցիալական իրավիճակում: