Ինչո՞ւ մտափոխվեց Փաշինյանը
Պաշտոնական Մոսկվայից հրավեր ստանալուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկար ժամանակ լռում էր` մասնակցելո՞ւ է հունիսի 24-ին կայանալիք Հաղթանակի շքերթին, թե՞ ոչ, երբ արդեն մի շարք երկրների ղեկավարներ հաստատել էին իրենց մասնակցությունը` Մոլդովա, Հարավային Օսիա, Աբխազիա, Սերբիա և այլն:
Մայիսի 29-ին վարչապետի մամուլի քարտուղարը 168.am-ին խոստացել էր, որ հունիսի 1-ին` երկուշաբթի օրը, կպատասխանի Փաշինյանի մասնակցության հետ կապված հարցին, սակայն երկուշաբթի օրը «ճակատագրի հեգնանքով» պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով: Այդ մասին հայտարարեց Փաշինյանը:
Նույն օրը Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում, ըստ վարչապետի պաշտոնական կայքում դրված հաղորդագրության, անդրադարձ էր եղել նաև Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք շքերթին:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այդ առիթով օրեր առաջ ստացված հրավերի համար: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ մինչ այդ ապաքինված կլինի և կկարողանա մասնակցել Հաղթանակի 75-ամյա տարեդարձի կապակցությամբ կայանալիք բոլոր միջոցառումներին»,- ասվում էր հաղորդագրության մեջ:
Մինչդեռ Կրեմլի՝ հեռախոսազրույցին առնչվող հաղորդագրության մեջ այս մասին ոչինչ չկար նշված:
7 օր անց` հունիսի 8-ին, Փաշինյանը հայտարարեց, որ ամբողջ ընտանիքով ապաքինվել են, իսկ հունիսի 9-ին վարչապետի մամուլի քարտուղարը լրատվամիջոցներին հայտնեց, որ Փաշինյանը որոշել է մասնակցել մոսկովյան զորահանդեսին, սակայն հստակ չեն մեկնման ժամկետները, և ռուսական լրատվամիջոցները Հաղթանակի միջոցառումներին մասնակցող երկրների ղեկավարների կողքին սկսեցին շրջանառել նաև Նիկոլ Փաշինյանի անունը:
Երեկ, սակայն, պարզվեց, որ նա մտափոխվել է և չի մասնակցի Մոսկվայում կայանալիք զորահանդեսին, որի մասին ափսոսանքով տեղեկացրել է ՌԴ նախագահին ուղղված նամակում:
«Ափսոսանքով պետք է հայտնեմ Ձեզ, որ չեմ կարողանալու մասնակցել Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Ինչպես գիտեք, ես մեծ սիրով ընդունել էի հանդիսավոր արարողություններին մասնակցելու Ձեր հրավերը: Սակայն, ինչպես հետագայում պարզվեց, գոյություն ունեցող համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս ինձ իրականացնել այդ ուղևորությունը: Ելնելով դրանից՝ ես որոշեցի ձեռնպահ մնալ Մոսկվա կատարելիք իմ այցից, ինչը, ինչպես տեղյակ եք, մանրամասն քննարկվել և համաձայնեցվել է մեր աշխատակազմերի միջև»,- ասվում է Պուտինին ուղղված նամակում:
Փաշինյանի կողմնակիցներից շատերը, հատկապես` արևմտամետ, սա ճիշտ որոշում համարեցին, թե երբ երկիրը համավարակի ճգնաժամի մեջ է, որևէ արտասահմանյան ուղևորություն պետք է բացառել, մինչդեռ 10 օր առաջ էլ էր երկիրը ճգնաժամի մեջ, բայց Փաշինյանը որոշել էր գնալ: Ի դեպ, նույն` համաճարակային ճգնաժամով պայմանավորված` Մոսկվա չի մեկնի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչի մասին հայտնի դարձավ երեկ:
Ինչ վերաբերում է Փաշինյանի` Մոսկվա չմեկնելու պատճառներին, ապա մամուլում շրջանառվող վարկածները տարբեր են` ՌԴ-ն է բան հասկացրել, ինքը՝ Փաշինյանը, չի ցանկացել: Չմոռանանք, որ ՀՀ-ում վերջին օրերին նաև ներքաղաքական, քաղաքաիրավական բուռն գործընթացներ են սկսվել. ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը զրկվել է անձեռնմխելիությունից, և նրա նկատմամբ դատաիրավական գործողություններ են իրականացվում, և չի բացառվում, որ նա կալանավորվի: Սրան գումարած՝ երեկ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը և ազատ արձակեց նրան։
Դատարանը որոշեց Ռ․Քոչարյանի նկատմամբ կիրառել գրավ 2 մլրդ դրամի չափով։ Սրանք գործընթացներ են, որոնցից բխող զարգացումներ են դեռ սպասվում, և որոնց ուշիուշով հետևում են ռազմավարական դաշնակից ՌԴ-ում:
Իհարկե, ՀՀ-ն անկախ և ինքնիշխան պետություն է, և ինքը պիտի լուծի իր ներքին խնդիրները, բայցև չենք կարող չընդունել, որ տհաճ խոսակցություններ ունենալը երբեք էլ հաճելի չէ, հատկապես դրսում` անկախ ոգու ամրությունից: Իսկ նման խոսակցություն, բնականաբար, հնարավոր էր մոսկովյան այցի ժամանակ` հաշվի առնելով «Պուտինի կուսակցության»` «Եդինայա Ռոսիա»-ի հայտնած մտահոգությունը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և նրա առաջնորդի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված, ինչպես նաև` Բելառուսի նախագահի ներկայությունը, որը, այսպես ասած, ընկերական հարաբերություններ ունի Ծառուկյանի հետ:
Hraparak.am-ը շրջանառեց Փաշինյանի` Մոսկվա չգնալու մեկ այլ վարկած ևս: Լրատվամիջոցի մերձկրեմլյան աղբյուրների փոխանցմամբ՝ ռուսական կողմը պահանջել է, որ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի թեստ հանձնի հենց Մոսկվայի օդանավակայանում, քանի որ կասկածներ են ունեցել՝ կապված նրա վարակման և արագ առողջացման հետ։
Hraparak.am-ը տեղեկացնում է, որ հայկական կողմն առաջարկել է ուղարկել Փաշինյանի՝ երևանյան թեստի բացասական պատասխանը, սակայն ռուսները մերժել են:
168.am-ը փորձեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակից պարզաբանում ստանալ այս առնչությամբ, սակայն կապ հաստատել չհաջողվեց:
Եվ քանի որ արդեն հայտնի էր, որ ՀՀ վարչապետի փոխարեն՝ մեր երկիրը Մոսկվայում Հաղթանակի միջոցառումներին ներկայացնելու է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, փորձեցինք նախարարությունից ճշտել` արդյո՞ք պաշտպանական գերատեսչության ղեկավարը թեստ հանձնելու է, ինչը բնական է` հաշվի առնելով ՀՀ-ի համաճարակային իրավիճակը, մեր հարցին ի պատասխան՝ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը նշեց.
«Պաշտպանության նախարարն իր և իր անմիջական անձնակազմի առողջական անվտանգության նպատակով թեստ կհանձնի ինչքան որ անհրաժեշտ է` անկախ աշխարհագրական վայրից»:
Ի դեպ, Հայաստան գալու դեպքում օտարերկրացիների թեստավորման պահանջ չկա` լինի պաշտոնյա թե ոչ պաշտոնյա:
Հավելենք, որ Մոսկվայում կայանալիք Հաղթանակի հոբելյանական շքերթին կմասնակցեն ՀՀ ԶՈՒ 75 զինծառայող` մեկ շարասյունով:
Նրանք կտանեն Թամանյան դիվիզիայի մարտական դրոշը և Հայաստանի Հանրապետության դրոշը։
Ինչ վերաբերում է Փաշինյանի` Մոսկվայի հրավերը չընդունելու պատճառներին, գուցե շրջանառվող պատճառներից որևէ մեկն աղերս ունի իրականության հետ, գուցե Փաշինյանն ինքն է զգուշավորություն ցուցաբերում` հաշվի առնելով ՌԴ-ի համաճարակային վիճակը, թեպետ Պուտինը հանձնարարել և խոստացել է հյուրերի անվտանգության լիարժեք ապահովում, և հետո վարակվածների դեպքում՝ իմունիտետ և հակամարմիններ են ձևավորվում, թեպետ գիտական վերլուծություններ եղան, որտեղ նշվում էր, որ հակամարմիններ ոչ բոլորի մոտ կարող են ձևավորվել: Եվ վերջապես, գուցե կան այլ` դեռևս չշրջանառված պատճառներ, որոնք «ջրի երես» դուրս կգան մինչև հունիսի 24-ը կամ դրանից հետո: Մի բան, թերևս, հստակ է` Ադրբեջանի նախագահի հետ ուղիղ խոսելու հնարավորության բացակայության դեպքում, ԼՂ հարցը չէր կարող այցի ընթացքում և դրանից հետո օրակարգային թեմա լինել: