Բաժիններ՝

Համեմատություններ ու հետևանքներ․ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան

Մեր տարածաշրջանի երկրների տնտեսական տեղեկատվությունը (կամ դրա բացակայությունը) հստակ ի ցույց է դնում համավարակի դեմ պայքարի արդյունքները: Վերջին օրերին մեր երկրի տնտեսական տեղեկատվության 80-90 տոկոսը գազի սակագնի ու «Գազպրոմ Արմենիայի» հնարավոր զիջումների մասին է:

Իսկ ադրբեջանական մամուլում հրապարակումների կեսը նավթի համաշխարհային գների մասին է: Մյուս կեսը՝ 2019թ․ տնտեսական տարվա հաջողությունների մասին հրապարակումներն ու վերահրապարակումները: Ուստի, երբ ադրբեջանական կայքերում կարդում ես, որ կարանտինը երկարացվել է մինչև օգոստոս, իսկ հունիսի 21-ից մինչև հուլիսի 5-ն աննախադեպ խիստ կարանտին է հայտրարարվում մայրաքաղաքում և ևս վեց-յոթ խոշոր քաղաքներում ու ադմինիստրատիվ շրջաններում, զարմանում ես: Բայց այդ երկրում էլ կորոնավիրուսը լուրջ խնդիրներ է ծնում:

Իսկ այդ ընթացքում վրաց խորհրդարանը քննարկում է այս տարվա բյուջեն վերանայելու հարցը: Որովհետև այս երկրում հնարավորինս մանրամասն գիտեն, թե ինչ վիճակում է սեփական տնտեսությունը: Քննարկումների ընթացքում ֆինանսների փոխնախարարը հայտարարեց, որ Վրաստանի կորուստները համավարակի սկզբից առ հունիսի կեսեր կազմել են 1 մլրդ 800 մլն լարի (մոտ 588 մլն դոլար): Ընդորում այդ գումարից 1 մլրդ 545 մլն լարին (մոտ 510 մլն դոլար) պետբյուջեի չհավաքագրված հարկային մուտքերն են: Հայտարարվում է, որ մայիս ամսի արտասահմանյան ֆինանսական փոխանցումները Վրաստան կրճատվել են 13.3 մլն դոլարով (կամ 9.6 տոկոսով) և կազմել 131.8 մլն դոլար: Պաշտոնական հաղորդագրության մեջ հատ-հատ նշված են երկրների ցուցանիշների փոփոխությունները: Արտասահմանյան փոխանցումների մեջ միշտ առաջին տեղում Ռուսաստանն էր: Իսկ հիմա Իտալիան է, որտեղից փոխանցումներն աճել են մոտ 36 տոկոսով (անցած մայիսի համեմատ) և կազմել 27.6 մլն դոլար (ցավոք, այս տարօրինակ փաստի բացատրությունները չկան): Ռուսաստանից կատարված փոխանցումները կրճատվել են մոտ 43 տոկոսով և կազմել մոտ 19.8 մլն դոլար:

Այս փաստը մեր համար ամենակարևորն է: Թերևս: Որովհետև մեր իշխանությունները միշտ ուշացնում են տնտեսական տեղեկատվության հրապարակումը, և վրաց օրինակը մեզ կարող է հուշել՝ որքան գումար կարելի է ակնկալել ՌԴ փոխանցումներից (մեր համար էլ արտասահմանյան փոխանցումների հիմնական աղբյուրը Ռուսաստանն է):

Տնտեսության մասին այս ու այլ մանրամասներն իշխանություններին հիմք է տվել ենթադրելու, որ 2020-ին վրացական տնտեսությունը կկրճատվի 4 տոկոսով (8.5 տոկոսանոց դեֆիցիտի պարագային): Ուստի վրաց կառավարությունն առաջարկում է պետբյուջեն կրճատել 800 մլն լարիի չափով (մոտ 262 մլն դոլար): Զուգահեռ վրաց իշխանությունները հայտնում են տարբեր խոշոր տնտեսական կառույցների հետ բանակցությունների մասին: Խոսքը 225 մլն դոլարանոց ընդհանուր ներդրումային ծրագրերի մասին է:

Բայց մեր ու տարածաշրջանային մյուս հարևանի համար նման «մանր-մունր» ծրագրերը հետաքրքիր չեն: Որովհետև մենք հերոսաբար պայքարում ենք համավարակի դեմ: Տնտեսական ծրագրերի ժամանակը չէ: Այս օրերին կորոնավիրուսով վարակվողների քանակն աշխարհում օրական մոտ 100 հազար է: Եվ այս տեմպի պարագային ամեն օր եռանիշ թվով (և ավելի) վարակվածներ արձանագրվում է մոտ 40 երկրում: Ու մեր երկիրը այդ ցուցակի կենտրոնում է: Իսկ Ադրբեջանը երրորդ տասնյակի վերջում: Վրաստանում վարակվածների թիվը հազվադեպ է երկնիշ թվով արձանագրվում (սովորաբար վարակվածների քանակը միանիշ թիվ է):

Միանշանակ չեմ պնդում, որ նման հարաբերությունը ձևավորվել է երկրի սոցիալ-տնտեսական կյանքի նկատմամբ յուրաքանչյուր իշխանության ծրագրերի (կամ դրանց բացակայության) արդյունքում: Բայց առաջարկում եմ մտածել այդ մասին:

Արա Գալոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս