«Մենք թե՛ Հարավային Կորեայից, թե՛ Ուկրաինայից 1000 բնակչի հաշվով ավելի շատ թեստ ենք անում». Արսեն Թորոսյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը կարծիք հայտնեց, որ Արսեն Թորոսյանի՝ իր էջում կորոնավիրուսով վարակվածների հասցեները գրելու որոշումը դրական է ազդում: Նա պատմեց, որ գնացել է այդ հասցեներից մեկի հետքերով և պարզել է, որ մեկ մուտքի բոլոր բնակիչները վարակված են: Հարց է առաջացել, թե ինչպե՞ս է այդպես ստացվել:

«Հարևանները բացատրեցին, որ մի երկուսին մի քանի օր առաջ թեստ են արել, բացասական է եղել, հետո էլի են թեստ արել, էլի բացասական է եղել, էս վերջինը որ արել են, դրական է եղել: Վերլուծություն արեցի և վերադարձա նույն հարցին, որը արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու ժամանակ տվեցինք վարչապետին՝ թեստերի քանակի մասին: Մենք ունե՞նք, թե քանի քաղաքացի է կոնկրետ թեստավորված, չեմ ասում, թե էլ ինչ է խոսվում, որ ասում են, թե անընդհատ նույն մարդուն են թեստավորում անում, էդ հարցը, որ արանքից հանենք, դրա համար եմ էս հարցը տալիս: Առհասարակ էդ, որ ամեն օր արդյունքները հրապարակում ենք, չեք կարծո՞ւմ, որ կարելի է կողքից ստոլբիկի մեջ նշել, որ նոր քաղաքացիների քանակն այսքան է, ենթադրենք՝ 10 հոգի»:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պնդեց, որ որոշ երկրներ այս պահին անգամ չեն էլ ասում, թե քանի՞ թեստ է արվել, և կարծիք հայտնեց, որ առանձին սյունակով նշելը, թե քանի՞սն են նոր թեստավորված, քանի՞սը՝ արդեն 2-րդ կամ ավելի անգամ, ոչինչ չի տա:

«Ես հիշում եմ, որ այդ հարցն ուղղվեց  վարչապետին, հենց այդ պահին ես փորձեցի արագ պարզել, թե ուրբաթ օրվա դրությամբ քանի՞ ունիկալ քաղաքացի է թեստավորվել, այսինքն՝ մարդու հաշվով: Ուրբաթ օրվա դրությամբ այդ թիվը 55849 էր: Այսինքն՝ այո, մենք գիտենք, թե քանի քաղաքացի է թեստավորվում, բայց նաև գիտենք, որ, այո, լինում են քաղաքացիներ, որոնք կրկնակի, եռակի, դեպքեր կան, որ անգամ 10 անգամ կարող են թեստավորվել: Ես չեմ կարծում , թե դա էպիդ վիճակի առումով որևէ բան փոխում է»,- ասաց Թորոսյանը:

Նախարարը մեկ այլ հարց էլ հիշեց: Պատգամավորներից մեկն արտակարգ դրության երկարաձգման օրը հետաքրքրվել է, թե մենք Ուկրաինայից և Հարավային Կորեայից որքա՞ն քիչ թեստ ենք անում:

«Մենք թե՛ Հարավային Կորեայից, թե՛ Ուկրաինայից 1000 բնակչի հաշվով ավելի շատ թեստ ենք անում»,- ասաց Թորոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս