Դուք ենթադրություն եք արել, որ, հավանաբար, արտերկրում գտնվող մեր հայրենակիցներն իրենց կենսաթոշակի կարիքը չունեն. Մանե Թանդիլյանը՝ Զարուհի Բաթոյանին

Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հարց ուղղեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին: Նրան հետաքրքրում էր, թե ինչպե՞ս են կենսաթոշակ ստանալու արտերկրում գտնվող մեր հայրենակիցները, եթե հնարավորություն չունեն ներկայանալու բանկ՝ օբյեկտիվ պատճառներով:

«Դեռ ապրիլի սկզբին Ձեզ նամակ եմ հղել արտասահմանում գտնվող մեր հայրենակից կենսաթոշակառուների կապակցությամբ՝ կենսաթոշակ ստանալու իրավունքի հետ կապված, առ այն, որ կորոնավիրուսով պայմանավորված հանգամանքների բերումով՝ չեն կարողանում գալ Հայաստան, բանկ ներկայանալ, որին ի պատասխան՝ հղում եք արել օրենքի դրույթներին, որով նրանք պարտավոր են գալ ներկայանալ բանկ: Ինձ համար տարօրինակ էր ստանալ այդ պատասխանը, որովհետև ես օրենքի ոչ միայն այդ դրույթին եմ ծանոթ, այլ նաև հույսով եմ, որ Դուք տեղյակ եք, որ դրան փոփոխություն եմ առաջարկել՝ առնվազն Հայաստանում գտնվողների համար, բայց և այնպես, հարցս հետևյալն է: Փոխարենը լուծում առաջարկելու նրանց ժամկետները նույնպես երկարաձգելու, ինչպես երկարաձգել եք Հայաստանում գտնվող կենսաթոշակառուների բանկ ներկայանալու ժամկետը, Դուք հուշում եք, որ նրանք երբ էլ գան, 12 ամսվա ընթացքում կարող են ստանալ իրենց կենսաթոշակը, ինչն օրենքով նախատեսված է: Այսինքն՝ Դուք ենթադրություն եք արել, որ, հավանաբար, նրանք այդ գումարի կարիքը չունեն, ճիշտ այնպես, ինչպես պետք է նաև ունենային ՀՀ քաղաքացիները, և կարող են սպասել, որ 12 ամսվա մեջ մի օր գան, իրենց ներկայությունը ապահովեն, որի արդյունքում կստանան չստացած գումարը: Դա որքանո՞վ է վավեր ենթադրություն, և  ինչո՞ւ է այստեղ խտրականություն Հայաստանում գտնվող կենսաթոշակառուների համար և արտերկրում: Ի՞նչ անեն նրանք, որոնց 12-ամսյա ժամկետն է լրանում հենց այս ամիսներին, երբ կա սահմանափակում ՀՀ ժամանելու և այդ հնարավորությունից, իրավունքից օգտվելու, այս անձինք, ըստ էության, զրկվելու են իրենց թոշակներից, իրենց ի՞նչ առաջարկ ունեք, եթե չեք երկարացնում ժամկետները»,- հարցրեց Մանե Թանդիլյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը պատասխանեց, որ Հայաստանում գտնվելը կենսաթոշակ ստանալու համար պարտադիր պայման է՝ ամրագրված օրենքով:

«Համաճարակի հետ պայմանավորված՝ մենք Կառավարության որոշմամբ փոփոխություններ ենք առաջարկել, որոնք հնարավոր է Կառավարության որոշմամբ սահմանված ժամկետներում իրականացնել: Ձեր նշած հարցը վերաբերում է օրենքի պահանջին: Եթե տարօրինակ է Ձեզ համար իմ պատասխանը, ինձ համար առավել տարօրինակ է Ձեր հարցը, որովհետև դա օրենքի դրույթ է և օրենքով է պայմանավորված, որ ՀՀ-ում պետք է գտնվի քաղաքացին, որ կարողանա ստանալ կենսաթոշակը: Կառավարության որոշմամբ՝ մենք այդ դրույթն այնքանով ենք կարողացել կարգավորել, որ բանկ ներկայանալու անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ-ում լինելու փաստի հետ, եթե քաղաքացին Հայաստանում է, բայց, այնուամենայնիվ, բանկ պետք է ներկայանա, էստեղ այս պահանջը դուրս է գալիս, քանի որ մենք նաև հարցումների միջոցով ենք ճշտում Հայաստանի սահմանը հատելու, այստեղ լինել-չլինելու հարցը: Մենք չենք կարող նաև կարգավորում տալ, եթե քարտի ժամկետն է լրացել: Բացառապես, եթե մենք կարողանում ենք ճշտել՝ ՀՀ-ո՞ւմ է գտնվում քաղաքացին, թե՞ ոչ, եթե միայն այս նպատակով է բանկի այցելությունը, ապա այդ ժամկետը երկարացրել ենք: Ինչ վերաբերում է 12 ամսին, նորից եմ ասում, որ սա  օրենքի պահանջ է, ինչպես դուք ասացիք՝ առաջարկ եք արել, կփոփոխվի, երբ կլինի այդ փոփոխությունը, այդ կարգավորումներն էլ կլինեն: Հիմա պետք է նորից հիշեցնեմ, որ ՀՀ քաղաքացիները կենսաթոշակ ստանալու համար պետք է առնվազն մեկ տարի գտնվեն Հայաստանում: Սա օրենքի կարգավորման պահանջ է»,- պատասխանեց Բաթոյանը:

Նախարարի պատասխանն ակնհայտորեն չբավարարեց պատգամավորին: Թանդիլյանն ասաց, որ, եթե խնդրի լուծման համար պետք է, որ օրենքը փոխվի, ապա կարելի է անել նաև դա.

«Եթե օրենքում եք ուզում փոփոխություն անել, համեցեք, բայց խնդրին լուծում տվեք»:

Բաթոյանն էլ արձագանքեց, որ, եթե կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը ձգձգվի, ապա կարելի է քննարկել հարցի երկարաժամկետ լուծման տարբերակներ:

Մանե Թանդիլյանը նաև տեղեկացրեց,  որ ահազանգեր ունի, որ Սոցիալական տարածքային բաժիններում ախտահանիչ միջոցներ չկան: Բաթոյանը խնդրեց ավելի հասցեական ասել, և իրենք կլուծեն խնդիրը: Թանդիլյանն էլ  իր հերթին՝ առաջարկեց ստուգայցեր կատարել բոլոր բաժիններում:

Տեսանյութեր

Լրահոս