ԲՀԿ կամ ազատություն
Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիրն ու ընդհանրապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ կատարվող իրադարձություններն առաջին հայացքից ընկալվում են՝ որպես այդ քաղաքական ուժի դեմ ուղղված՝ իշխանության կողմից ճնշումներ: Սակայն հաշվի առնելով ԲՀԿ-ի ոչ այնքան միարժեք տեղն ու դերը քաղաքական դաշտում, նրանում ու նրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին շատերը վերաբերվում են առնվազն վերապահումով:
Հենց այդ վերապահումներն են հիմք ստեղծում այն կարծիքների ու գնահատականների համար, որ կատարվողն ավելի շատ նման է ԲՀԿ-ին «հզորացնելու», քան թուլացնելու գործողությունների:
Սակայն ԲՀԿ-ի շուրջ կատարվողը, թերևս, ավելի մեծ չափով հարվածում է Հայ ազգային կոնգրեսին, քան նույն ԲՀԿ-ին: ԲՀԿ-ն արդեն իսկ դարձել է, ընդ որում, մեծ մասամբ՝ նաև Կոնգրեսի ջանքերով, իշխանության թիվ մեկ հակակշիռ ընկալվող ուժը, քաղաքական գործընթացների առանցքը, որի շուրջ մոտ մեկ տարի պտտվում է նաև ՀԱԿ-ը: Անցած տարվա նոյեմբերից ՀԱԿ-ի որդեգրած քաղաքականության ուղենիշ դարձած «քաղաքագիտական վերլուծությունից» հետո ՀԱԿ-ը հետևողականորեն քաղաքական դաշտում իր տեղը զիջեց ԲՀԿ-ին ու հիմա հայտնվել է, ըստ էության, անելանելի վիճակում: Ավելի ճիշտ` իշխանությունն է նրան դրել այդ իրավիճակի մեջ: ԲՀԿ-ի՞ միջոցով, թե՞ առանց նրա` պարզ կդառնա առաջիկայում:
Անկախ ամեն ինչից, ՀԱԿ-ը հիմա հայտնվել է երկընտրանքի առջև, որն իրականում ոչ թե երկընտրանք է, այլ փակուղի: Հիմա ՀԱԿ-ը կամ պետք է «պատռի քաղաքագիտական վերլուծությունը» ու, խոստովանելով սեփական հաշվարկների սխալը` հայտարարի «ավազակապետության սյուների վերականգնման» մասին` պայքարի սլաքն ուղղելով նաև ԲՀԿ-ի դեմ: Դա, իհարկե, որոշակի էֆեկտ կունենա, սակայն հազիվ թե ՀԱԿ-ն անգամ նախկին հռետորաբանությամբ կարողանա մինչև նախագահական ընտրությունները ԲՀԿ-ից վերանվաճել ընդդիմադիր դաշտում այն տեղը, որը զիջել է կամավոր:
Մյուս տարբերակը «քաղաքագիտական վերլուծության» շարունակությունն է` ԲՀԿ-ի հետ իշխանության դեմ պայքարելու ստորադասված կարգավիճակով: ՀԱԿ-ի վերնախավում, բնականաբար, այս հարցում ոչ միայն կոնսենսուս չկա, այլև հավանական է, որ սա դառնա ՀԱԿ-ի վերջնական կազմալուծման առիթը: Արդեն իսկ հրապարակայնորեն այս հարցում տարաձայնություններ արտահայտվում են: Նիկոլ Փաշինյանն, օրինակ, հայտարարել է, որ կողմ է քվեարկելու Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելուն, իսկ, ասենք, Լյուդմիլա Սարգսյանը հայտարարում է, որ Օսկանյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում: Ընդ որում, ավելի վաղ, քան ԲՀԿ-ականները «կորոշեին», որ դա քաղաքական հետապնդում է իրենց դեմ: Թե այս մոտեցումներից որը կհաղթի ՀԱԿ-ում` այս պահին դժվար է ասել:
Այդ հարցի պատասխանը մասամբ հայտնի կդառնա երկուշաբթի օրը` Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու որոշման քվեարկության արդյունքներով: Թեև պետք չէ բացառել, որ ՀԱԿ-ում կարող են ինչ-որ միջանկյալ տարբերակ գտնել` ևս մի քանի օր կամ շաբաթ ժամանակ ձգելու նպատակով: Նաև այս հարցի շուրջ զարգացումներով է պայմանավորված ՀԱԿ-ի` նախապես հայտարարված հանրահավաքի հետաձգումը: Սակայն անվերջ հետաձգել հանրահավաքը ՀԱԿ-ը չի կարող, քանի որ այդ դեպքում կզրկվի անգամ ամենահավատավոր ընտրազանգվածից:
Այդ հանրահավաքը կլինի կամ ԲՀԿ-ի դեմ, կամ ի պաշտպանություն նրա: Եթե «քաղաքագիտական վերլուծությունը» շարունակվի, ՀԱԿ-ը գուցե ստիպված լինի նաև այլ ձևաչափերի ակցիաներ կազմակերպել՝ ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի` ով, կախված իրադարձությունների զարգացումից, կարող է հայտնվել նաև անազատության մեջ: Այնպես որ, այդ հանրահավաքը կարող է դառնալ ՀԱԿ-ի կամ փրկության (թեկուզ մշուշոտ հեռանկարով), կամ վախճանի հանրահավաքը: