«Ցավոք սրտի, մարզում կորոնավիրուսի տարածման աճ կա». Արմավիրի մարզպետ

«Այս պահի դրությամբ, վերջին տվյալներով՝ Արմավիրի մարզում արձանագրված վարակակիրների թիվը հասնում է մոտ 814-ի». այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը: Նրա խոսքով՝ հիվանդների ուղիղ կեսն արդեն առողջացել են, այս պահի դրությամբ ունեն կորոնավիրուսից 21 մահվան դեպք: Լրագրողներից մեկի հարցին, թե մարզում կա՞ն վարակի խոշոր օջախներ, մարզպետը պատասխանեց.

«Ցավոք սրտի, մարզում կորոնավիրուսի տարածման աճ կա, աճը կայուն է, բայց մյուս կողմից էլ՝ չունենք առանձնացված համայնքներ, որտեղ հիմնականում կենտրոնացված են:  Այս պահին, կարծում եմ՝ հիմնական համայնքները, որտեղ, իմ կարծիքով, շատ ավելի շատ են տարածման տեսակետից և ավելի արագ են տարածվում, Տանձուտ և Փարաքար համայնքներն են»:

Մարզպետի խոսքով՝ այս պահին նշված համայնքներում ելումուտը սահմանափակված չէ, սակայն սպասում են փորձագիտական եզրակացության:

«Եթե անհրաժեշտություն լինի, անպայման կներկայացնենք պարետատուն  և համապատասխան որոշմամբ հատուկ սահմանափակումներ կմտցնենք տվյալ համայնքներում: Օրինակ՝ Տանձուտում ունենք 30 վարակված անձ, իսկ մարզում ինքնամեկուսացվածների թիվը հասնում է 1000-ի, այսինքն՝ չենք կարող բացառել, որ մարզում չկան համայնքներ, որտեղ որ չլինեն վարակվածներ՝ հաշվի առնելով նաև այն փաստը, որ ասիպտոմ հիվանդների քանակը բավականին շատ է, ինչպես մասնագետներն արդեն նշել են, կանխատեսումներով՝ Հայաստանում ունենք մոտ 100.000 վարակակիրներ»,- ասաց Մաթևոսյանը:

Մարզպետի խոսքով՝ այս պահին Արմավիրում չկան առանձնացված հիվանդանոցներ կորոնավիրուսով հիվանդների բուժման համար, սակայն դրա պոտենցիալը մարզն ունի:

«Մարզային հիվանդանոցների  ռեսուրսները, միանշանակ, ամբողջությամբ օգտագործվում են, այդ թվում՝ նաև համայնքային ամբուլատորիաների օգնությունը շատ կարևոր է այս հարցում: Առանձնացված հիվանդանոցներ մարզում չկան՝ հաշվի առնելով մարզի աշխարհագրական դիրքը, Երևան քաղաքին մոտ լինելու հանգամանքը։ Եվ ինչպես տեղյակ եք՝ ծանր հիվանդները հիմնականում ուղղորդվում են Երևանի հիվանդանոցներ՝ այստեղ Առողջապահության նախարարության խիստ հսկողության ներքո: Եթե անհրաժեշտություն լինի, որ Արմավիրի մարզում նման տարածքներ առանձնացնենք, ապա մենք հնարավորություն ունենք, օրինակ՝ Մեծամորի ինֆեկցիոն կենտրոնը հնարավոր է առանձնացնել և վերաբացել, նման խոսակցություններ արդեն իսկ տանում ենք, պատրաստվում ենք այդ ուղղությամբ: Հիմնական երեք հիվանդանոցները, որոնց մասին խոսք է գնում, և որտեղ հնարավորություն կունենանք առանձնացված սենյակներ ունենալ հիվանդների համար, Մեծամորի ԲԿ-ն, Վաղարշապատի ԲԿ-ն և Արմավիրի ԲԿ-ն  են: Թե քանի՞ ռեանիմացիոն մահճակալ կլինի, այս պահին հստակ չեմ կարող ասել: Եթե Մեծամորի ինֆեկցիոն կենտրոնն առանձնացվի, կունենանք 30-45 ռեանիմացիոն մահճակալ»,- ասաց մարզպետը:

Տեսանյութեր

Լրահոս