Մուլտֆիլմ՝ նվիրված երեխաների տոնին. Թումանյանի թանգարանն անակնկալ է մատուցել փոքրիկներին
Հովհաննես Թումանյանի թանգարանը յուրահատուկ նվեր է պատրաստել Երեխաների պաշտպանության միջազգային տոնի կապակցությամբ:
Թանգարանը հունիսի 1-ին «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հրապարակել է Հովհաննես Թումանյանի մանական բանաստեղծությունների
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թանգարանի փոխտնօրեն Աշոտ Հարությունյանն ասաց, որ ևս 15 հրաշալի անիմացիոն ֆիլմ են ներկայացնելու, որոնք ազատ դիտման համար տեղադրվելու են թանգարանի առցանց բոլոր հարթակներում: «Դրանք կրթական մեծ ներուժ ունեն: Երեխաներին հնարավորություն է տրվում գրքից զատ դեռ շատ վաղ տարիքից վայելել գունազարդ մուլտֆիլմերը»,-նշեց Հարությունյանն ու հավելեց, որ մուլտի պատվիրատուն թանգարանն է, այն կյանքի է կոչել «Interactive world» կազմակերպությունը:
Անդրադառնալով օրվա ընթացքում սպասվող առցանց մյուս տոնական միջոցառումներին՝ Հարությունյանը տեղեկացրեց, որ «Ռոտոնդա» մանկապատանեկան-ներառական թատերախմբի երեխաները ֆիլմ են պատրաստել՝ հիմնված «Հայր Բոնամի» ֆրանսիական ժողովրդական հեքիաթի վրա: «Կարծում եմ՝ հետաքրքիր ֆիլմ է լինելու, որը մենք անգամ դեռ չենք տեսել, երեխաներն ամեն ինչ ինքնուրույն են արել»,-նշեց նա:
Թանգարանի առցանց հարթակում նաև նախատեսվում է «Մութ ու լույս աշխարհից հանդիպում Լիլիթի հետ» հեքիաթասացության շարքի նոր հաղորդումը, որը կներկայացվի նոր տաղավարում: «Սա Լիլիթի համար կլինի տասներորդ հոբելյանական հաղորդումը: Այդ նախաձեռնության շրջանակում հյուրեր ենք ունենալու»,-ասաց փոխտնօրենը: Հարությունյանն ընդգծեց, որ ուսուցողական և ինտերակտիվ թումանյանական շարք են սկսելու: