«Ես արդեն չեմ ուզում պարոն Ծառուկյանի հետ հանդիպել»

Ասում է «Աբովյան» հեռուստաընկերության ռեժիսոր Արտաշես Մեհրաբյանը

Սեպտեմբերի 23-ին Աբովյանում տեղի ունեցած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իր թեկնածությունն էր առաջադրել նաև «Աբովյան« հեռուստաընկերության ռեժիսոր, անկուսակցական Արտաշես Մեհրաբյանը: Նա ստացավ 1778 քվե, իսկ ԲՀԿ-ական, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան` Կարապետ Գուլոյանը` 10.186 քվեով վերընտրվեց քաղաքապետի պաշտոնում: Հիշեցնենք, որ ԿԸՀ-ի տվյալներով` Աբովյանում ընտրություններին մասնակցել է 12.820 ընտրող:

– Պարոն Մեհրաբյան, ընտրություններից հետո ի՞նչ տրամադրություն ունեք:

– Ընտրություններից հետո խաբված եմ, որովհետև ես հավատում էի, որ պիտի լինեն արդար ընտրություններ, իրոք, հավատում էի` երևի լոռեցի եմ, դրանից է: Հետո տեսա` ինչ կատարվեց` զարմացա, շատ զարմացա, որ էս ի՞նչ արեցին` ուրիշ բան էին խոսում, ուրիշ բան արեցին, ու դա լրիվ եղավ օրվա երկրորդ կեսին: Ես բողոքարկել եմ: Երեկ (երեքշաբթի.- Մ.Մ.) Կենտրոնական ընտրական հանձնաժողովից` Երևանից են եկել այստեղ` մեզ մոտ` 28 ընտրատարածք, բացել են 3 արկղ, գրել եմ կասկածելի մարդկանց` ովքե՞ր են գնացել ընտրության, ովքե՞ր չեն գնացել ընտրության, հիմա շարունակում եմ դեպի առաջ` հըլը տեսնենք` իրո՞ք էդքան մարդ են գնացել: Օրինակ, հիմա պատկերացրեք` ինձ մոտ մի տեղ կինս է եղել վստահված անձ, մի տեղ` աղջիկս, ու էդ մարդուն, ում մենք լավ ճանաչում ենք, հա՛մ աղջկաս մոտ է ընտրել, հա՛մ կնոջս մոտ է ընտրել:

– Այսինքն` ակնհայտ ընտրախախտումներո՞վ են ընթացել ընտրությունները:

– Էն էլ ոնց` այո՛, այո՛, այո՛: Մինչև ժամը 2-ը` օրվա երկրորդ կեսը, ես ասում էի` արա, էս ի՞նչ ա կատարվում` սենց սուրբ, մաքուր ընտրություններ ոչ մի անգամ չի եղել քաղաքում, ու սկսվեցգ օրվա երկրորդ կեսին սկսվեց, էն ի՞նչ արեցին` խումբ-խումբ մարդիկ էին տանում, էն ի՞նչ մարդիկ էին արդեն խառնվել իրար: Այ տենց ա: Մարդ կա` գլուխ ա գովացել, ասել ա` ես 7 անգամ ընտրել եմ: Այ սենց, ոչ թե 12.000 ժողովուրդն ա գնացել, այլ մի մարդը մի քանի տեղ գնացել-ընտրել ա:

– Դուք ընտրությունների օրը մինչ կեսօր մեզ հետ զրույցում նշել էիք, որ նման արդարացի և թափանցիկ ընտրություններ չեն եղել:

– Բա որ ասում եմ` միամիտ լոռեցի եմ: Ասում եմ` օրվա երկրորդ կեսին սկսվեց, ես Ձեզ հետ խոսեցի, Դուք չէիք հիշում` իմ տրամադրությունն ի՞նչ լավն էր, ասում էի` ի՞նչ արդար ընտրություններ էին գնում: Ու սկսվեց` տեսան, որ չի ստացվում, մեկ էլ արդեն սկսեցին մեքենաներովգ

– Ընտրական կարուսե՞լ էր կատարվում:

– Ճիշտն ասած, լավ չգիտեմ` կարուսելին ի՞նչ են ասում, բայց գիտեմ` մեծ խախտումներ արեցինգ Մարդ կա, ասում է` 7 անգամ ինքն ընտրել է: Այ, էդ մեկ մարդուն, որ ճանաչում է իմ ընտանիքը` մի հատ իմ աղջկա մոտ է ընտրել, մի հատ էլ` իմ կնոջ մոտ է ընտրել, բացի այդ` երբ ընտրությունը վերջացել է, սկզբից բացել են քաղաքապետի արկղը, որը խախտում է` սկզբից պետք է բացեին ավագանիների արկղը, և քանի որ աղջիկս պնդել ա, որ մինչև վերջ պիտի ինքը մնա` սկզբից բացել են թեկնածուի արկղը, բացելուց հետո հաշվեցին, ասել են աղջկաս, ասել են` դե դու գնա, դու քո գործը վերջացրել ես: Իմ աղջիկը հետ է եկել, էդտեղ իրեն ասել են` բա քեզ պետք է թուղթ տային, որտեղ որ նշած ա, հետ ա գնացել, ու արդեն 70 ձայն ավելացրել էին` հօգուտ փեսու:

– Դուք ստացել եք 1700-ից ավելի ձայն, իսկ մյուս թեկնածուն` 10.000-ից ավելի: Փաստորեն, բավական մեծ տարբերություն կա: Ըստ Ձեզ` ինչքա՞ն է ընտրությունների իրական ցուցանիշը:

– Եթե հաշվում ենք, որ մի մարդը 7 անգամ է ընտրում, իմ տեսած մարդն էլ` երկու անգամ է ընտրել, հիմա վերցնենք, իրա ձայներն ինչքա՞ն ա` 10.000 ա , չէ՞` 10.000-ն էլ բաժանենք երկուսի, որովհետև ես գիտեմ, որ էդ մարդը երկու անգամ ա ընտրել, չէ՞` դառնում ա 5000: Էն մեկն էլ, որ գլուխ ա գովում, ասում ա` ինքը 7 անգամ ա ընտրում, և եթե միջինը վերցնենք, ու եթե լա՜վ հաշվենք` ընտրություններին գնացել ա հազիվ 3000 մարդ: Իսկ եթե 3000 լիներ, ուրեմն` ես անցել էի:

– Այս իրավիճակի մասին տեղյակ պահե՞լ եք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Փորձե՞լ եք հանդիպել նրա հետ:

– Ես արդեն չեմ ուզում պարոն Ծառուկյանի հետ հանդիպել, ես չեմ ուզում` էդ սիստեմի մարդկանց աչքերին նայեմ ու խոսեմ: Ես ամաչում եմ, որ նման մարդկանց բարևում եմ:

– Վիրավորվա՞ծ եք, պարոն Մեհրաբյան:

– Շատ եմ վիրավորված, որովհետև էլի եմ ասում` ես շատ միամիտ եմ, էն ոնց էի ուրախացել, որ մեզ մոտ` Աբովյանում, սենց ընտրություններ են արվում: Դուք չեք պատկերացնի` ո՞նց էի ուրախացել: Մեկ էլ էս ի՞նչ արեցին: Ես մինչև վերջ պիտի գնամ: Եթե ինձ պետք ա հասնել եսիմ որտեղ, պիտի հասնեմ, բայց պիտի ասեմ, որ տեսեք` այ սենց ա եղել:

– Իսկ չե՞ք վախենում, որ Ձեր համարձակության արդյունքում ճնշումներ կգործադրվեն Ձեզ վրա:

– «Վախենում եմ», շատ այլանդակ «վախենում եմ»: Ես ի՞նչ ունեմ` ես մի հատ կյանք չունե՞մ, կամ իմ էրեխեքին պիտի կպնեն: Ինչի՞ց վախենամ: Ես վախենալու բան չունեմ: Իմ վախը 88 թվից ա կոտրվել` պատերազմի ժամանակ ա իմ վախը կոտրվել:

– Ի՞նչ եք պատրաստվում անել: Որո՞նք են Ձեր հետագա քայլերը:

– Առայժմ օրենքով ինչ հասնում ա, ես օրենքով բողոքարկում եմ: Հիմի կտեսնեմ` օրենքն ի՞նչ կանի, որովհետև չի կարող պատահի, որ օրենքը չիմանա, որ խախտում ա եղել: Հիմա տեսեք, թե ի՞նչ է կատարվել` ժամը 12:00-ի դրությամբ` քվեարկությանը գնացել ա 62 մարդ, ժամը 14:00-ին` 184 թե 182 մարդ, ժամը 17:00-ի դրությամբ` 600 մարդ, ժամը 20:00-ի դրությամբ` մոտ 1200 մարդ: Այ, հիմա իմ ազնվությունը տեսնո՞ւմ եք ժամերով` ես երբ եմ իրենց հավատացել, ու երբվանից արդեն հիասթափվել: Այ էդ ժամերն եմ ասում: Պատկերացրի՞քգ

Տեսանյութեր

Լրահոս