Բաժիններ՝

«60 սմ շառավղով կլոր սեղանի շուրջ ո՞նց ենք պահում սոցիալական հեռավորություն». Բաբկեն Պիպոյանը՝ արտակարգ դրության խնդիրների և դրանց լուծման տարբերակների մասին

Արդեն երկու օր է՝ սկսել է աշխատել տրանսպորտը, վերաբացվել են առևտրի կենտրոնները, մոլերը, բացօթյա տարածք չունեցող ռեստորաններն ու սրճարանները: Քաղաքացիների համար դարձել է շատ ավելի դժվար, հաճախ՝ նաև պարզապես անհնար, պահպանել անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը 168.am-ի հետ զրույցում պնդեց, որ ստեղծվել է մի հակասական իրավիճակ, որում բալանսավորում գտնելը բարդ է:

«Մենք պետք է հասկանանք, որ արտակարգ իրավիճակը իր հետ բերում է արտակարգ դժվար, բայց լուծելի խնդիրներ: Հենց արտակարգ իրավիճակն այնքանով է արտակարգ, որ պետք է գիշեր-ցերեկ չքնենք, լուծումներ ման գանք: Օրինակ՝ սրճարաններում սոցիալական հեռավորություն պահելու համար ոչ միայն սեղանները պետք է իրարից հեռու լինեն: 60 սմ շառավղով կլոր սեղանի շուրջ ո՞նց ենք պահում սոցիալական հեռավորություն: Մենք ասում ենք՝ 1.5 մետր հեռավորություն պետք է պահենք, դա նշանակում է, որ այս դեպքում աթոռները պետք է 45 սմ սեղանից հեռու դնենք, եթե դա էլ այդքան հեռու դնենք, ո՞նց ենք սեղանից օգտվելու, եթե չենք օգտվելու, ինչո՞ւ ենք գնում սրճարան»,- ասաց Պիպոյանը:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը գիտի՝ եթե Կառավարությունը, օրինակ, արգելի փոքր սեղաններ ունեցող սրճարանների աշխատանքը, դրանց տերերը կդժգոհեն, որ բիզնեսի համար անհավասար պայմաններ են ստեղծվում:

«Դա էլ եմ հասկանում, պետությունն այստեղ էլ է փակուղի մտնում, բայց հենց սրանով է արտակարգ իրավիճակն արտակարգ, որ պետք է կարողանալ բարդ իրավիճակում լուծումներ գտնել: Այսինքն՝ պարտավորեցնել, որ երկու սեղանները միացնեն իրար, կամ ասեն, որ այն սեղանը, որը 60 սմ շառավիղ ունի, մեկ հոգուց ավելի չսպասարկի»,- առաջարկեց Պիպոյանը:

Սոցիալական պատասխանատվության հարց, անկասկած, կա, պնդում է Պիպոյանը: Յուրաքանչյուրն առանձին-առանձին պետք է հետևի, որ իր շրջապտում գտնվողները պահպանեն արտակարգ դրության սահմանած կանոնները:

«Երբ մենք մտնում ենք որևէ խանութ ու տեսնում ենք ժամկետանց ապրանք, չենք ուրախանում, ասում՝ հա, ի՞նչ անենք, զատո մնացածը ժամկետի մեջ է, մենք բարկանում ենք, հասկանում ենք, որ դա օրենքի խախտում է: Նույն կերպ, երբ նստում ենք տրանսպորտ, մենք չպետք է ուրախանանք, որ մեկ հոգին կամ 10 հոգին դիմակ է դրել, մենք նույն ձևով պետք է բարկանանք, որ մնացածը չեն դրել, ինչպես բարկանում ենք, եթե, օրինակ, շոկոլադի գինը գրված է 1000 դրամ, բերում ենք դրամարկղ, պարզվում է, որ՝ 4000 է: Երբ կահույք ենք պատվիրում, բերում են, մեր ուզած գույնը չի լինում, ասում ենք՝ հետ տարեք, մեր ուզած գո՞ւյնը չի, թե՞ ասում ենք՝ զատո մեր ուզած չափսն է: Երբ տեսնում ենք՝ շարժակազմը քանդվում է, գազելը, չենք ասում՝ հա, ի՞նչ անենք, մի՛ նստեք, երբ նստում ենք խմած վարորդի տաքսին, չենք ասում՝ հա, ի՞նչ անենք, որ այդպիսի բան կա, մի նստեք: Եկել է մի իրավիճակ, երբ այնքան վերահսկողություն չկա, արտակարգ դրության ամենախիստ, չթույլատրված օրերին այնքան հսկողություն չի եղել, որ մի ինքնակարգավորման դեպք ենք տեսնում, ասում ենք՝ ինչ լավ է, որ այսինչ բանը տեսանք, ինքնակարգավորվեց»:

Բաբկեն Պիպոյանի պնդմամբ՝ մեկ այլ ծայրահեղություն է, որ ամեն ինչ դրվի քաղաքացիների ուսերին, այդ դեպքում ինչի՞ համար է պետական կառավարման համակարգը: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահի խոսքով՝ կարևոր է խստագույն հսկողությունը, բայց ավելի կարևոր է, թե ի՞նչն են հսկում:

«Երբ մտնենք սուպերմարկետ հսկելու, կարող է ժամ ու կես մոլորվենք, բնականաբար, ռեսուրսն էլ չի հերիքի, չենք հասցնի բոլորին հսկել: Բայց ի՞նչ կարող ենք անել: Սուպերմարկետի տնօրինությանն ասենք, որ մենք գալու ենք ուղղակի հսկենք, որ դուք մուտքի մոտ ունենաք կանգնած մարդ, որն առանց դիմակի ու ձեռնոցի մարդուն չի թողնի ներս մտնել: Ընդամենը մեզ բավարար կլինի, որ գնանք դա տեսնենք, եթե չկա, որպես պետություն՝ ակտը կազմենք, գնանք, կամ արագ կասեցման կարգադրագիր տանք, եթե միայն այդ մարդը չկա: Եթե բիզնեսին ասենք, որ՝ կանոնները չպահելու դեպքում սկզբում մի օր չես աշխատելու, հետո՝ մի շաբաթ, միանշանակ բոլոր խանութները մի մարդ կպահեն դռների մոտ»:

Մեր հարցին, թե պարետատան կամ Կառավարության կողմից համագործակցության առաջարկ եղե՞լ է իրենց, Բաբկեն Պիպոյանը պատասխանեց, որ համագործակցության առաջարկ կա բոլորին, միայն թե դա կգործի այն պարագայում, եթե քաղաքացիները տեսնեն, որ պետությունը հետևողական է իր կայացրած որոշումների կատարման նկատմամբ:

«Երբ մարդը գնում է մի տեղ, իրեն չեն թողնում, ասում են՝ ձեռնոց առ, հետո գնում է ուրիշ տեղ, էլի ասում են՝ եթե ձեռնոց ու դիմակ չունես, ներս չեմ թողնում, ինքը գնում է, այդ ծախսն անում է, դիմակն ու ձեռնոցն առնում է, ու երբ մտնում է մի տեղ ու տեսնում է, որ ինքը կարող էր այդ ծախսն արած չլինել, մարդը բարկանում է, զանգում, ասում է՝ այս խանութը կարգը չի պահում: Իսկ երբ մարդիկ գնում-տեսնում են, որ ոչ մեկը չի պահում կարգը, իրենք չեն զանգում-ասում, որովհետև մտածում են՝ «խի՞ պետությունը չի տեսնում, որ ոչ մեկը չի պահում, մեր զանգին ա սպասում»: Ասում են՝ հույս ունենք՝ քաղաքացին կհամագործակցի մեզ հետ, ե՞րբ է քաղաքացին համագործակցելու, երբ տեսնի, որ 30 սրճարան փակվել է, հաջորդ օրն էլ 40-ն է փակվել մեկ շաբաթով, ինքն արդեն երբ գնա մի սրճարան, որտեղ կանոնները չեն պահում, կբարձրաձայնի խնդրի մասին: Քաղաքացին երբ տեսնում է, որ ոչ մեկի վեջը չէ, երբ տեսնում է, որ ԱԺ-ում պատգամավորը, որն  այդ  կարգին հավանություն է տվել, կարող է առանց դիմակի փակ տարածքում նստել, բոլոր հարցերը փակվում են: Չի կարելի ամեն ինչը բարդել սոցիալական գիտակցության վրա, կա պարետի որոշում, կա արտակարգ իրավիճակ, կարգը հավանության է արժանացել ԱԺ-ում, ԱԺ-ն կարգը պահե՞լ է, գործադիրը պահե՞լ է»:

Բաբկեն Պիպոյանը նաև հիշեցրեց՝ այն ժամանակ, երբ խոսվում էր, որ աքսեսուարներ կրել խորհուրդ չի տրվում, Կառավարության ներկայացուցիչները, որոնք գալիս էին ԱԺ՝ ներկայացնելու զեկույցները, կրում էին աքսեսուարներ, դրանք կրում էին նաև պատգամավորները: Սա կարելի է տեսնել տեսանյութերում: Ինչ վերաբերում է դիմակների պարտադիր լինելուն և այն հանգամանքին, որ Հայաստանում մեծ թափով սկսել են դիմակներ արտադրել, մեր զրուցակիցն ասաց.

«Հենց այսօրվա դրությամբ դիմակների որոշ տեսակների գինը կտրուկ աճել է, 10 օր առաջ դիմակը մի գին էր, այսօր՝ լրիվ այլ: Հարց է առաջանում, երբ սկզբից ասում ենք մի բան, հետո ասում ենք մեկ այլ բան, ենթադրենք՝ չգիտենք ինչ ասել, ԱՀԿ-ն էլ ժամը մեկ խոսքը փոխում է, մենք էլ ենք խոսք փոխում, ամեն փոփոխված խոսքից հետո ապրանքի համար ինչ արագությամբ ենք գնի վերլուծություն իրականացնում: Երբ մարդ ավազը վերցնում-տանում է այգու վերջը, հետո տեսնում է, որ ցեմենտ չունի, գնում է, ավազը հետ է բերում, մենք չենք կարող ասել, որ այդ մարդը գործ չի արել, որովհետև ավազը տարել, հետ է բերել, բայց առնվազն կարող ենք ասել, որ արդյունք չի ապահովել, ու կարող ենք ասել՝ թող չտաներ ավազը, որովհետև ցեմենտ չուներ, որ գործ աներ, մեկ է, պատը չէր շարելու: Շատ կարևոր է գործի արդյունավետության գործակիցը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս