Բաժիններ՝

Միության տարածքում հնդկաձավարի արտահանման ֆորմալ  սահմանափակումներ չկան․ ԵԱՏՄ նախարար

«ԵԱՏՄ-ում հնդկաձավարը շատ հանգիստ՝ առանց սահմանափակումների, կարող է տեղափոխվել մեկ երկրից մյուսը»,- այս մասին այսօր «Ինչպիսի՞ն է իրավիճակը ԵԱՏՄ երկրների պարենային անվտանգության ոլորտում» թեմայով Մոսկվա-Երևան-Մինսկ առցանց տեսակամուրջի ժամանակ ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը։

Նրա խոսքով՝ այս փուլում քիչ սահմանափակումներ են մտցվել մթերային ապրանքների սպառման հարցում, իսկ մտահոգությունն այն չէ, որ մթերային ապրանքները չեն բավականացնի միության ներսում, այլ այն, որ ինչ-ինչ ապրանքների նկատմամբ աժիոտաժ պահանջարկը հանգեցնում է գնաճի։ Ուստի, նրա խոսքով, նման սպեկուլյացիաներից խուսափելու համար հարկավոր են եղել որոշ ժամանակավոր սահմանափակումներ։

«Սակայն սահմանափակումների ցանկը շատ փոքր է, դրանք մինչև հունիսի 30-ն են, որից հետո հանվելու են»,- ասաց Քամալյանը։

Անդրադառնալով հնդկաձավարի դեֆիցիտի և արտահանման սահմանափակումների վերաբերյալ խոսակցություններին՝  ԵԱՏՄ նախարարն ասաց, որ հնդկաձավարի հարցը վերջին շաբաթների ամենասուր հարցն է եղել։

«Վերջին շաբաթների ընթացքում անձամբ ես եմ զբաղվել այս խնդրով, զանգահարել  այս կամ այն ընկերություններ, բիզնեսմեններին, որ հասկանամ՝ ինչն է խնդիրը։ Ֆորմալ տեսանկյունից, ֆորմալ որոշումների տեսանկյունից՝ հնդկաձավարի վերաբերյալ որևէ սահմանափակում չկա, և միության ներսում շատ հանգիստ հնդկաձավարը կարող է տեղափոխվել մեկ երկրից մյուսը՝ առանց սահմանափակումների: Այլ հարց է, որ բեռնափոխադրման հետ կապված որոշ խնդիրներ են առաջանում, և դա միայն հնդկաձավարին չի վերաբերում։ Խնդիրները կապված են հետևյալի հետ՝ եթե Ռուսաստանից պետք է հնդկաձավար արտահանել, օրինակ, Ղրղըզստան, ապա դրա համար պետք է ձեռք բերել համապատասխան ֆիտոսանիտարական սերտիֆիկատ, մարդկանց մոտ խնդիրներ են առաջանում այդ ֆիտոսանիտարական սերտիֆիկատի ձեռքբերման հարցում, դրանք օբյեկտիվ են կամ սուբյեկտիվ, դա և գնորդի, և վաճառողի կողմից են։ Ես մի քանի անգամ  ականատես եմ եղել՝ մենք խոսում ենք գնորդների հետ, և նրանք պարզապես չգիտեն պարզ բաներ, թե ինչ է հարկավոր այն բանի համար, որպեսզի հնդկաձավարը դուրս բերվի Ռուսաստանից Ղրղըզստան կամ Հայաստան։

Բայց այդ խնդիրները սուր չեն։ Կար խնդիր, որը լուծված է, երբ կար հնդկաձավարի սուր պահանջարկ, գինն աճեց, և այն վաճառողները, որոնք արդեն պատրաստի պայմանագրեր ունեին հնդկաձավարի մատակարարման, սկսեցին հրաժարվել սեփական պայմանագրերից, քանի որ  դրանք նախկին գնով էին, նրանք առաջարկում էին նոր գներով նոր պայմանագրեր կնքել։ Այսինքն՝ մի հստակ խնդիր չկա, ՌԴ-ն չի  մտցրել որևէ սահմանափակում  հնդկաձավարի տեղափոխման վրա միության  ներսում։ Եղել է որոշում մարտի 20-ին «Ռոսսելխոզնադզոր»-ի կողմից, որն ամսի 21- 22-ին  չեղարկվել է»,- ասաց Արտակ Քամալյանը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս