«Կազմակերպությունների հայտերի գրեթե 60 տոկոսը բավարարվել է, 40 տոկոսը՝ մերժվել»․ Տիգրան Խաչատրյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ այսօր կամ վաղը ուժի մեջ կմտնի ևս մեկ որոշում, որը վերաբերում է այն կազմակերպություններին, որոնք 2019թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ ունեցել են չնչին գումարով ժամկետանց հարկային պարտավորություններ և այդ պատճառով չեն կարողացել դառնալ կառավարության իրականացրած միջոցառումների շահառու․

«Այդ փոփոխության ուժի մեջ մտնելուց հետո նրանք նույնպես կարող են որակվել՝ որպես կառավարության աջակցության շահառուներ։ Մենք, իհարկե, դրա վերաբերյալ մանրամասներ կհրապարակենք անմիջապես այն բանից հետո, երբ որոշումն ուժի մեջ կմտնի»։

Նախարարը նկատեց՝ գործնականում բացառվում է, որ, եթե կազմակերպությունը համապատասխանել է չափորոշիչներին, մերժվի․ «Մենք, իհարկե, այս ժամանակահատվածում ունեցել ենք մերժումներ, և որպեսզի պատկերավոր լինի, կարող եմ ասել, որ 1 ամսվա ժամանակահատվածում հայտերի գրեթե 60 տոկոսը բավարարվել է, 40 տոկոսը՝ մերժվել։ Բայց մերժվել են, որովհետև չեն համապատասխանել գործունեության ոլորտային այն տեսակներին, որոնք կառավարության կողմից հայտարարված են՝ որպես աջակցության թիրախային շրջանակ։ Կառավարությունն այս պարզեցված եղանակով հատկապես նպատակ ունի աջակցել այն կազմակերպություններին, որոնք ոլորտային առումով մեծ չափով են տուժել կորոնավիրուսի տարածման հետևանքով։ Եվ կան ոլորտներ, որտեղ դեռևս նախատեսված չէ այդպիսի աջակցություն, և մերժումները կարող են լինել այդ ոլորտներից։ Կամ մեկ այլ դեպքում՝ կազմակերպությանը թվում է, որ իր հարկային պատմությունը, ընդհանուր առմամբ, բավարար է եղել, բայց պարզվում է, որ նրա ժամկետանց հարկային պարտավորությունները 2019թ․ վերջի դրությամբ եղել են որոշակի շեմը գերազանցող չափով և այդ պատճառով չեն կարողացել դառնալ շահառու»։

Նա նշեց, որ բանկային համակարգն ընտրված է հենց այն նպատակով, որ կարողանա գնահատել, ֆիլտր հանդիսանալ առավել թափանցիկ ծրագրերի, առավել բարեխիղճ կազմակերպությունների ընտրության հարցում․ «Կառավարության որոշումները հիմնվում են բանկային համակարգի այդ եղանակով ցուցաբերվող աջակցության կամ կատարվող ընտրության վրա։ Եթե, այնուամենայնիվ, կան փաստեր, որ չափանիշերը բավարարված են, և վարկն այս կամ այն պատճառով չի հաստատվել, մենք նման դիմումներ ամեն օր ստանում ենք բազմաթիվ կազմակերպություններից, յուրաքանչյուր դեպքում դիտարկում և արձագանքում ենք, և առաջարկում եմ դիմել, ներկայացնել կոնկրետ փաստերով»։

Տեսանյութեր

Լրահոս