Պետք է միշտ հիշել Հայոց ցեղասպանության հիշատակի օրը. Անտոնիա Արսլան
Պետք է հիշել 20-րդ դարի առաջին մեծ ցեղասպանության` Հայոց ցեղասպանության հիշատակի այս կարևոր օրը` ապրիլի 24-ը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց իտալահայ հանրաճանաչ գրող, հրապարակախոս, «Արտույտների ագարակը» գրքի հեղինակ Անտոնիա Արսլանը՝ ընդծելով, որ իտալացիներն արդեն գիտեն և գիտակցում են տեղի ունեցածը:
«Բոլորս փակված ենք մեր տներում այս համաճարակի պատճառով, սակայն պետք է հիշել, թե ինչ է 20-րդ դարի առաջին մեծ ցեղասպանության` Հայոց ցեղասպանության հիշատակի այս կարևոր օրը` ապրիլի 24-ը, մեզ` հայկական ծագում ունեցողներիս, ինչպես նաև իտալացիների համար, ովքեր արդեն գիտեն և գիտակցում են տեղի ունեցածը: Այն կրկնվող անհամար թելերով կապված է հրեական շոայի հետ՝ երկու իրադարձություններում էլ նույն անձանց ներգրավվածությամբ, որը պարզվեց վերջին տարիներին այս թեմայի վրա շատ աշխատանք կատարած նաև գերմանացի հետազոտողների, օրինակ` Գուստի շնորհիվ»,-ասաց Անտոնիա Արսլանը:
Նա հիշեցրեց որ Իտալիան Հայոց Ցեղասպանությունը ճանաչել է երկու անգամ. առաջին անգամ 2000 թվականին, ապա նաև անցյալ տարի` հավատարիմ մնալով այն իրողությանը, որ 19-րդ դարի հայերը Իտալիան դիտարկում էին որպես եղբայրական ժողովուրդ: «Եվ ուրեմն 2020 թ․ ապրիլի 24-ը օր է, որը պետք է հիշել»,-հավելեց նա: