«Լավրովի հայտարարությունից հետո վարչապետը պարտավոր էր անմիջապես  հայտարարություն տարածել». Քաղտեխնոլոգ

«Այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավուր պատշաճի չի անդրադարձել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, այնքան էլ կապ չունի նրա հետ, որ երկու տարիների ընթացքում ՀՀ իշխանությունները չեն ներկայացրել արտաքին քաղաքականության հայեցակարգ, և ոչ միայն՝ արտաքին քաղաքականության մասով, այլ տարբեր ոլորտների վերաբերյալ: Լավրովի հայտարարությունն Արցախի հարցի և գազի գնի վերաբերյալ, համարում եմ ոչ թե հայեցակարգի բացակայության հետևանք, չնայած դա էլ իր տեղն ու դերն ունի, այլ ավելի շատ մեր իշխանությունների վրա լրացուցիչ ճնշում գործադրելու կոնտեքստում եմ դիտարկում, քանի որ գաղտնիք չէ, որ Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների միջև հարաբերություններն այնքան էլ նորմալ չեն, որոշ դեպքերում դրանք սառը և ոչ հաճելի հարաբերություններ են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝  անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը՝ կապված Արցախի հարցի լուծման հետ:

Նա նշել էր, որ բանակցությունների սեղանին դրված են հակամարտության կարգավորման նախագծեր, որոնք ենթադրում են հարցի փուլային կարգավորում:

Նրա խոսքով, չնայած այս ամենին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի ցույց տա, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունի եղբայրական հարաբերություններ, ինչն իրականությանը չի համապատասխանում: Ըստ նրա՝ եթե ամեն ինչ վարչապետի նկարագրածով լիներ, ապա Սերգեյ Լավրովը ճնշման նման քայլ չէր կատարի:

«Այդուհանդերձ, եթե հայ-ռուսական հարաբերությունների հայեցակարգ լիներ, գուցե Լավրովը նման հայտարարություններ չաներ և ճնշման նման քայլ իրեն թույլ չտար: Լավրովի հայտարարությունից հետո վարչապետը պարտավոր էր անմիջապես իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով, որտեղ անդրադառնում է ոչ այդքան կարևոր յուրաքանչյուր հարցի, հայտարարություն տարածել, կամ նույնը կարող էր անել իր մամուլի խոսնակը: Վարչապետը պետք է իր խոսքով հերքեր Լավրովի նշած բոլոր կետերը, փաստորեն ՀՀ իշխանություններն ասում են, որ փուլային տարբերակ չեն քննարկում, բայց այդ հայտարարությամբ, պարզվում է, քննարկում են, ասում են՝ բանակցություններ չկան, բայց պարզվում է՝ կան և այլ հարցեր, որոնց վերաբերյալ պետք է պարզաբանումներ լինեն»,- շեշտեց նա:

Քաղտեխնոլոգը հիշեցրեց հունվարի 25-ին Կապանում կայացած վարչապետի ասուլիսը, որտեղ նա լրատվամիջոցների ներկայացուցիչների ներկայությամբ հայտարարեց, որ որևէ փաստաթուղթ չկա, որի շուրջ բանակցում են, իսկ ամիսներ անց Լավրովը հակառակի մասին հայտարարեց, ուստի վարչապետը պարտավոր է արձագանքել:

«Այս ամենը հաշվի առնելով՝ գուցե արձանագրենք, որ Լավրովը ճի՞շտ է, ուղղակի Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում դրա մասին խոսել: Դրա համար, երբ ասում էի, որ Հայաստանն արտաքին քաղաքականության հայեցակարգ չունի, այդ թվում՝ նաև Հայաստանի մաս կազմող Արցախի հայեցակարգի մասին էր խոսքը, որ իմանանք՝ Լավրովի ասածը ճի՞շտ էր, թե՞ ոչ: Սա է այդ հայեցակարգի բացակայության արտահայտությունը»,- եզրափակեց Արմեն Բադալյանը:

Տեսանյութեր

Լրահոս