Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը վերացնելու նոր միջնորդություն է ներկայացվել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը Քոչարյանի խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ նոր միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը 168.am-ին փոխանցեց, որ դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին՝ միջնորդության քննությունն այլ դատավորի վերամակագրելու համար։
Նոր միջնորդությունը հիմնավորել են այն հանգամանքով, որ խափանման միջոցի վերացման հարցը համարվում է անհապաղ քննության ենթակա հարց, իսկ դատավոր Աննա Դանիբեկյանը, ում մակագրված է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը, գտնվում է արձակուրդում:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ՀՀ սահմանադրական կարգի տապալում, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար: Նա կալանավորվել է 3 անգամ:
Քրեական գործը դատարան է ուղարկվել 2019 թվականի ապրիլի 29-ին: Դատարանը հաջորդ օրն այն վարույթ է ընդունել, և 2019 թվականի մայիսի 15-ին տեղի է ունեցել գործով առաջին դատական նիստը:
Տեղեկացնենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ավելի քան 6 շաբաթ որևէ դատական նիստ տեղի չի ունեցել՝ պայմանավորված գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանի ժամանակավորապես անաշխատունակության վիճակում գտնվելու հանգամանքով: Գործով դատական նիստ նշանակված է մայիսի 8-ին: