Wildberries-ի պահեստներից հետո Ուկրաինան սկսել է թիրախավորել Մսամթերքի արտադրության ոլորտում ՌԴ խոշորագույն ընկերության օբյեկտները

Ուկրաինայի զինված ուժերը հուլիսի 22-ի գիշերը հարվածել են Բրյանսկի մարզի Կլիմովսկի շրջանում գտնվող «Միրատորգ» ագրոհոլդինգի օբյեկտներին։ Ձեռնարկություններից մեկում հրետակոծության հետևանքով վնասվել են արտադրական կորպուսները, ինչպես նաև բռնկվել է հրդեհ։ «Զգալի վնաս է հասցվել։ Տուժածներ չկան», — հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։ Մեկ այլ օբյեկտում անօդաչու թռչող սարքի բեկորներից վիրավորվել է անվտանգության աշխատակիցը։ Բացի այդ, խոզաբուծական համալիրի վրա ԱԹՍ-ների հարձակման ընթացքում վնասվել է բեռնաթափման պահին գտնվող բեռնատար մեքենան։ «Տրանսպորտային միջոցը շարքից դուրս է եկել, վարորդը չի տուժել», — պարզաբանել են «Միրատորգ»-ում։

Նախօրեին՝ հուլիսի 21-ին, Ուկրաինայի զինված ուժերի հարձակումներից տուժել են նաև ագրոհոլդինգի՝ Բրյանսկի մարզում գտնվող ձեռնարկությունները։ Մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Եգոր Կովալչուկը նշել է, որ վնասվել են մի քանի արտադրական կորպուսներ, ինչպես նաև ոչնչացվել է երկու ծանրաքաշ բեռնատար։ Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։ «Միրատորգը» Ռուսաստանում խոզի և տավարի մսի խոշորագույն արտադրողն է։ Ըստ ընկերության տվյալների՝ այն օրական արտադրում է 30 տոննա մթերք և մատակարարում ամբողջ երկրով մեկ։ Ագրոհոլդինգի սեփականատերերն են եղբայրներ Ալեքսանդր և Վիկտոր Լիննիկները, ում կապում են ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի կնոջ հետ։

Դրանից առաջ Ուկրաինայի զինված ուժերը սկսել էին հարվածել ռուսական խոշորագույն առցանց առևտրային հարթակի՝ Wildberries-ի լոգիստիկ կենտրոններին։ Հուլիսի 18-ին հարձակման էին ենթարկվել Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքի և Մոսկվայի մարզի Էլեկտրոստալ քաղաքի մերձակայքի պահեստները։ Զոհվել էր ութ մարդ, մոտ 80-ը՝ տուժել, բռնկվել էին ուժգին հրդեհներ։ Հուլիսի 22-ին հարվածի տակ էին հայտնվել Կրասնոդարի և Նևիննոմիսկի համալիրները, ինչի հետևանքով 13 մարդ է վիրավորվել։ «Ռոսպոտրեբնադզորի» տարածքային վարչությունը Wildberries-ի պահեստում բռնկված հրդեհի պատճառով Կրասնոդարի բնակիչներին խորհուրդ է տվել ավելի քիչ դուրս գալ փողոց և շնչադիմակներ կրել։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ են ռուսական առցանց առևտրային հարթակի օբյեկտներին՝ դրանք անվանելով «հեռահար պատժամիջոցներ»։ Նա նաև հայտարարել է, որ լոգիստիկ կենտրոնները ներգրավված են եղել «ռուսական բանակին ԱԹՍ-ների հավաքակազմերով, նավիգացիոն սարքավորումներով և հանդերձանքով ապահովելու գործում»։

Հունիսի 25-ին Զելենսկին Ուկրաինայի անվտանգության ծառայության համար հաստատել էր Ռուսաստանի վրա «40-օրյա ազդեցության գործողությունը»՝ «պատերազմի դադարեցմանը հասնելու նպատակով»։ Նա չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ է ենթադրում այդ գործողությունը։ Այնուամենայնիվ, դրանից առաջ Զելենսկին քննարկել էր «հեռահար և միջին հեռահարության պատժամիջոցների ծրագիրը», ինչպես նաև ճակատում «Ալֆա» հատուկ գործողությունների կենտրոնի աշխատանքը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031