«Հայաստանում արձակուրդային անդորր է, իսկ մեր երկրի շուրջը աննախադեպ արագությամբ ընթանում են կարևորագույն գործընթացներ, այդ թվում՝ մեր վրա ազդող…». Վարուժան Գեղամյան

Հայաստանում և հատկապես տեղի քաղաքական կյանքում արձակուրդային անդորր է։ Այս պահին ամենից քաղաքական հարցը ԱԺ բացումն է (որը, խոշոր հաշվով, ներկայիս միտումների ու գործելաոճի պահպանման դեպքում էական ազդեցություն չի ունենալու խորհրդարանի շենքից դուրս գտնվող գործընթացների վրա)։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանը:

«Մինչդեռ քաղաքական արձակուրդը բացառապես Հայաստանում է։ Իսկ մեր երկրի շուրջը աննախադեպ արագությամբ ընթանում են կարևորագույն գործընթացներ, այդ թվում՝ մեր վրա ազդող։

Ահավասիկ երեք լուր, որոնք մնացել են «մանդատակռվի» ստվերում.

📌 ԱՄՆ ու Իրանի միջև վերսկսված պատերազմը (իսկ արդյո՞ք այն երբևէ դադարել էր) մտնում է մի նոր փուլ, որտեղ կողմերը իրենք իրենց թողել են բացառապես մեկ գործիքով՝ իրավիճակի շարունակական սրում։ Միայն մեկ թիվը բավարար է պատկերացնելու լարվածության ծավալները. այս պահին ԱՄՆ կողմից պատերազմի մեջ ուղիղ և անուղղակի արդեն ներգրավված է ավելի քան 50 հազար մարդ։ Ու սա, կարծես թե, միայն սկիզբն է։

📌 Ալիևը հետևողական աշխատում է ԵՄ հետ՝ մեծացնելու Ադրբեջանի կշիռը։ Ավելին՝ նա իրեն դիրքավորում է որպես տարածաշրջանային միջնորդ (վերջին լուրը (https://www.dw.com/ru/aliev-kosvenno-podtverdil-kontakty-politikov-frg-i-rf-v-baku/a-78055386) Ռուսաստանի ու Գերմանիայի ներկայացուցիչների՝ Բաքվում հանդիպման մասին շատ խոսուն է)։ Այս հանգամանքը կարդալիս մտքում պետք է ունենալ հետևյալ բանաձևը՝ ուժեղ Ադրբեջան = ավելի մեծ ճնշում Հայաստանի վրա բոլոր հարցերում՝ միջանցքից մինչև Հայաստանի բանակի կրճատում։

📌 Թուրքիայում տեղի է ունեցել ՆԱՏՕ գագաթնաժողովը, որում ամրապնդվել են երկու կողմերի հարաբերությունները։ Թուրքիան, ինչպես Սառը պատերազմի տարիներին, այժմ հավաքական Արևմուտքի կողմից դիտարկվում է որպես կարևորագույն պաշտպանական գոտի, որին պետք է օգնել և հանդուրժել «քմահաճույքները»։

Սա ընդամենը փոքր քաղվածք է լրահոսից։

Բայց դա էլ բավական է հասկանալու համար, որ մեր շուրջ ընթացող քաղաքական գործընթացները ավելին են, քան մանդատները։

Միայն այդ մեծ պրիզմայով է պետք նայել ու վերլուծել Հայաստանի ներքին կյանքը։ Հետևաբար նաև պատրաստվել դրանց դիմակայմանը հանուն զարգացող ու անվտանգ պետության»,- եզրափակել է Գեղամյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031