Բաքվում խոսում են միմյանց հետ, Հայաստանում՝ պատերազմո՞ւմ. Հակոբ Բադալյան
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Իլհամ Ալիեւը, որ այց է կատարել Գերմանիա, կանցլեր Մերցի հետ ասուլիսում հաստատել է, որ Բաքվում եղել է ՌԴ եւ Գերմանիայի ներկայացուցիչների հանդիպում։ Ալիեւն իհարկե ասել է, թե դրա մասին Ադրբեջանը իրազեկված չէ, սակայն ինքնին հասկանալի է, որ նա հակառակը չէր ասելու որեւէ պարագայում։
Ինչո՞ւ ասել, այդպիսով այսպես ասած այլ կենտրոնների տալով իրեն «հարցախեղդ» անելու ավելորդ առիթ։ Ըստ այդմ, Ալիեւը հայտարարում է, թե հանդիպել են Բաքվում, բայց իրեն ոչինչ հայտնի չէ այդ հանդիպման բովանդակության մասին։
Ի դեպ, ուզում եմ հիշեցնել, որ տարիներ առաջ՝ Բաքվում պարբերաբար հանդիպում էին ԱՄՆ ու ՌԴ կամ ՆԱՏՕ եւ ՌԴ բարձրաստիճան զինվորականներ՝ գլխավոր շտաբի պետերից մինչեւ առանձին զորքերի հրամանատարներ։ Խոսքս նույնիսկ մինչեւ 2018 թվականը եղած ժամանակաշրջանի մասին է։ Թե ինչու՞ էին նրանք այդ հանդիպումների վայր ընտրում Բաքուն, իհարկե հետաքրքիր հարց է, որտեղ կարող ենք անել որոշակի մտորումներ։ Բայց, բոլոր դեպքերում, մենք տեսնում ենք, որ Բաքվում հիմա էլ հանդիպել են Գերմանիայի ու ՌԴ պաշտոնյաներ։ Թե հատկապես ովքեր, Ալիեւը կարծես թե չի մանրամասնել, սակայն կասկած չկա, որ բարձրաձայնել է ոչ առանց Մոսկվայի ու Բեռլինի թույլտվության։
Ստացվում է, որ ԵՄ առաջատարներից մեկը Բաքվում խոսում է ՌԴ հետ, իսկ Հայաստանում՝ մյուս ձեռքով, նրանք ըստ էության առնվազն տեղեկատվական պատերազմ են հրահրում ՌԴ դեմ, կամ՝ հիբրիդային պատերազմ։ Տեղեկությունը, որ նախօրեին հանրայնացրել է Ալիեւը, ըստ էության հաստատում է նախօրեին Օրվա թեմայի թողարկմանը իմ տված գնահատականը, որ Հայաստանում եվրոպական այսպես ասած արագ արձագանքման առաքելության տեղակայումը այլ բան չէ, քան Հայաստանն «ուրիշի պատերազմ» ներքաշելու մի քայլ։
Բաքվում խոսում են միմյանց հետ, Հայաստանում՝ պատերազմո՞ւմ»:

