Էրդողանի լիակատար հաղթանակը. Թուրքիայի դարավոր ընդդիմությունը վերջնականապես պառակտվեց
Ռեջեփ Էրդողանը, ինչպես ասում են, շամպայն է բացել։ Ըստ փորձագետների` Թուրքիայի առաջնորդի գլխավոր մղձավանջը՝ Հանրապետական ժողովրդական կուսակցությունը, որը ստեղծվել է դեռևս Քեմալ Աթաթուրքի կողմից, փլուզվել է։
Կուսակցության նախկին նախագահ Օզգյուր Օզելն այժմ ցանկանում է ստեղծել սեփականը։ Պառակտումը տեղ է ունեցել այն բանից հետո, երբ թուրքական դատարանը չեղյալ է հայտարարել 2023 թվականի համագումարի արդյունքները, որտեղ Օզելն ընտրվել էր առաջնորդ։
Ընդդիմության ղեկին կանգնած է 77-ամյա Քեմալ Քըլըչդարօղլուն, ով երեք տարի առաջ ջախջախիչ պարտություն էր կրել Էրդողանից նախագահական ընտրություններում։ Նա այլևս նույն մարտական դիրքերում չէ: Նոր ընտրություններին գուցե, ընդհանրապես չհասնի։
Էրդողանի համար Քըլըչդարօղլուի վերադարձը թագավորական նվեր էր։ Թույլ և ոչ վճտական քաղաքական գործիչը ամենամեծ ընդդիմադիր ուժի գլխին` հաստատ մրցակից չէ:
Թուրքիայի մյուս բոլոր նշանավոր քեմալականները նույնպես բանտում են կամ շուտով կհայտնվեն այնտեղ: Դրա վառ օրինակն է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, ում մեղադրում են կոռուպցիայի, լրտեսության և ահաբեկչության մեջ:
Իմամօղլուի համալսարանական դիպլոմը դատարանի կողմից չեղյալ է հայտարարվել, ինչը Թուրքիայի օրենքների համաձայն՝ նրան ցմահ զրկում է նախագահի պաշտոնում առաջադրվելու իրավունքից։
Ընդդիմության տարածքային առաջնորդներից յուրաքանչյուրը փորձում է փրկվել յուրովի: Լիակատար պարտության խորհրդանիշ դարձավ Իզմիրը՝ Թուրքիայի պատմականորեն ամենաշրջահայաց և ընդդիմադիր քաղաքը. նրա քաղաքապետ Ջեմիլ Թուգայը պաշտոնապես լքել է Հանրապետական կուսակցության շարքերը։ Իսկ Այդըն քաղաքի քաղաքապետ Օզլեմ Չերչիօղլուն ցուցադրաբար անցել է Էրդողանի իշխող կուսակցություն։
Ըստ ԶԼՄ հրապարակումների` նույնիսկ Թուրքիայի խորհրդարանում 16 անկախ և նախկին ընդդիմադիր պատգամավորներ միացել են իշխող կոալիցիային։ Այժմ Էրդողանի կուսակցությունն ունի 277 մանդատ՝ երկաթբետոնե վերահսկողություն օրենսդիր իշխանության նկատմամբ։ Նա հաստատ կգնա նոր նախագահական ժամկետի։
Հրապարակման պատրաստեց 168.am-ը

